Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ՉԵՆ ԸՆԴԱՌԱՋՈՒՄ

Դեկտեմբեր 24,2009 00:00

Երեկ հեռուստատեսային լրատվական թողարկումներով դիտելով ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ասուլիսը՝ «Առավոտի» խմբագրություն էր շտապել Իրավաբանների համահայկական խորհրդի անդամ Գոհար Ալեքսանյանը: Նա ցանկանում էր «հասարակական հնչեղություն» տալ հետեւյալ խնդրին: «Ես դիմել եմ Գիտպետկոմի նախագահին՝ առաջարկով, որ հնարավորություն տրվի սփյուռքահայերին ընդունվելու դոկտորանտուրա՝ առանց գիտության թեկնածուի վկայականի, որը ոչ բոլոր երկրներում է տրվում, օրինակ՝ Վրաստանում նման վկայական չի տրվում, եւ դա փակում է սփյուռքահայերի մուտքը, քանի որ սփյուռքահայերը ԿԳ նախարարության այդ պահանջը չեն կարող բավարարել: Ես առաջարկում էի այդ թղթի փոխարեն հնարավորություն տրվի ներկայացնել հրատարակված գիտական աշխատություններ: Կարծում եմ, դա շատ ավելի լուրջ եւ բարձր ձեռքբերում է, քան գիտության թեկնածուի վկայականը, քանի որ ոչ բոլոր թեկնածուական դիսերտացիաներն են երաշխավորվում հրատարակման: Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Սփյուռքը Հայաստանի մրցակցային առավելությունն է, իսկ Գիտպետկոմը չի ցանկանում ընդառաջել սփյուռքահայերին: Ուզում եմ նշել, որ Թուրքիայում վաղուց հեշտացված կարգով գիտական աստիճան են շնորհում այլ երկրների քաղաքացի թուրքերին՝ ամբողջ աշխարհում նրանց դերն ու հեղինակությունը բարձրացնելու նպատակով: Իսկ Հայաստանը, ունենալով մեծ Սփյուռք, չի իրականացնում նման ռազմավարություն»,- ասաց տիկին Ալեքսանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել