Երեկ «Առավոտին» զանգեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզան Հակոբյանը եւ իր անհամաձայնությունը հայտնեց «Առավոտի» դեկտեմբերի 22-ի համարում տպագրված «Խախտումներ ԲՈՀ-ում եւ բուհերում» լուրի մեջ տեղ գտած այն պնդման հետ, թե ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետը նշել է, որ ուսանողների փոխադրման կարգը չի պահպանվել մասնավորապես Գավառի համալսարանում: Տիկին ռեկտորը վստահեցնում էր, որ իրենց բուհում որեւէ խախտում չի հայտնաբերվել, եւ իրեն անձամբ Հովհաննես Հովսեփյանը՝ վերահսկողականի պետը, ասել է, որ ինքն իր ասուլիսում նման միտք չի հնչեցրել: Ըստ Ռ. Հակոբյանի՝ իրենց բուհը հանրապետության ամենամաքուր, անկաշառ բուհն է: Հարկ է նշել, որ այդ տեղեկատվությունը մենք վերցրել էինք panorama.am կայքից, եւ հենց հրապարակման մեջ հղում էինք արել հիշյալ կայքին: