«Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը Երեւանի պետական ագրարային համալսարանում տարվա ամենահրաշալի միջոցառումներից մեկն են համարում: Ամենամյա մրցանակաբաշխությունը, բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի խոսքով, տարեկան հաշվետվություն է. «Ամփոփելով տարին՝ Ագրարային համալսարանը իր լավագույն ուսանողներին, ամբիոնին, ֆակուլտետին, կառուցվածքին, համագործակցող կազմակերպություններին ներկայացնում է եւ պատվում մրցանակներով: Այս մրցանակաբաշխության առանձնահատկությունն այն է, որ կան մրցանակակիրներ, բայց ոչ պարտվողներ, սրանով շահում ենք մենք, շահում է կրթությունը»: Մրցանակաբաշխությանը առաջադրված էր 9 անվանակարգ:
«Լավագույն ամբիոն» անվանակարգում հաղթող ճանաչվեց գյուղատնտեսական կենդանիների բուծման եւ կերակրման ամբիոնը: Ամբիոնի վարիչ Վլադիմիր Աբրահամյանի խոսքով, մրցանակն իրենց պարտավորեցնում է, եւ հաջորդ մրցանակաբաշխություններին եւս մրցանակի արժանանալու ձգտումով շարունակելու են ավելի լավ աշխատել: Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն ճանաչվեցին ԱՄՆ գյուղդեպարտամենտի Կովկասի գյուղատնտեսության զարգացման ծրագրերի գրասենյակը եւ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ն: Առաջին կազմակերպության ներկայացուցչի խոսքով, այս մրցանակը հավասարազոր է «Օսկարին». «ԱՄՆ գյուղդեպարտամենտի անունից հայտարարում եմ, որ հաջորդ տարի էլ կաշխատենք այսքան լավը լինել»: «Երեւանի գարեջուր» կազմակերպության ներկայացուցիչն էլ հպարտությամբ արձանագրեց, որ ամեն տարի Ագրարայինից իրենց կազմակերպություն պրակտիկայի են գալիս հրաշալի ու խոստումնալից ուսանողներ, եւ իրենք համալսարանին կաջակցեն նաեւ հաջորդ տարիներին: Առաջադրված երեք ուսանողական խորհուրդներից լավագույնը ճանաչվեց տնտեսագիտական ֆակուլտետինը: Ուսխորհրդի ղեկավար Մեսրոպ Գրիգորյանի խոսքով. «Այս մրցանակը մեզ տվեց միայն ինքնաբավարարվածություն: Առանց մրցանակի էլ մենք մեր անելիքը գիտենք եւ անելու ենք, իսկ գնահատականի համար, իհարկե, երախտապարտ ենք»:
«Լավագույն ֆակուլտետ» մրցանակին արժանացավ հիդրոմելիորացիայի, հողաշինարարության եւ հողային կադաստրի ֆակուլտետը: «Եվրոնատուր» հիմնադրամը՝ «Հայնց Ֆեհր» ընկերությամբ, պարգեւատրվեց համալսարանի զարգացման գործում նշանակալից ներդրում ունենալու համար: Լավագույն կուրս ճանաչվեց «Գյուղամշակաբույսերի սելեկցիա եւ գենետիկա» ֆակուլտետի 4-րդ կուրսը: «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Վարդան Զաքարյանը մրցանակ ստացավ «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք» անվանակարգում: Մրցանակաբաշխությանը հանդես եկան նաեւ էստրադային երգիչներ: Մրցանակաբաշխությանը ՀՊԱՀ «Ոսկե» հուշամեդալներով պարգեւատրվեցին նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը եւ ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Մհեր Ղազարյանը՝ ուսանողական-երիտասարդական կազմակերպությունների կայացման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար: