Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

Դեկտեմբեր 24,2009 00:00

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը թերացումները հեռացրեց իր ղեկավարած կառույցից:

«ՀՀ-ում գիտության ոլորտի հիմնական պատվիրատուն առայժմ միայն պետությունն է, ինչը նորմալ չէ»,- երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրված տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՆ գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) նախագահ Սամվել Հարությունյանը: Շարունակելով միտքը՝ նա փաստեց. «Զարգացած եվրոպական երկրներում մասնավոր հատվածը լուրջ ներդրում ունի գիտության ֆինանսավորման հարցում. օրինակ՝ այդ ներդրումները, կախված երկրից, կազմում են 70- 80%, որոշ երկրներում ֆինանսավորումը կատարվում է կեսը պետության կողմից, կեսը՝ մասնավոր հատվածի, իսկ ՀՀ-ում գիտության վրա ծախսվող գումարների 25%-ը կազմում են դրամաշնորհները, 75%-ը՝ պետական ֆինանսավորումը, իսկ մասնավոր հատվածի մասնակցությունը  խղճուկ է»:
Այսպիսի տրամադրություններ ի հայտ եկան միայն ասուլիսի վերջում, երբ կրքերը մի փոքր բորբոքվեցին, հարցերն էլ ավելի սրվեցին: Իսկ հանդիպման սկզբում ԳՊԿ նախագահը խոսեց ՀՀ-ում գիտության ոլորտի «վարդագույն երանգներից»: Նա նշեց, որ ԳՊԿ-ն մշակել է բազում իրավական ակտերի նախագծեր, իրականացվել են գիտության երիտասարդացմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ կազմակերպվել են երիտասարդ գիտաշխատողների համար դրամաշնորհային մրցույթներ եւ այլն, գիտական փորձագիտական անկախ համակարգի ձեւավորման շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ, ավելացվել են գիտական հիմնարկների տնտեսական ծախսերը:
Պարոն Հարությունյանը լավատեսական շեշտադրմամբ հիշեցրեց, որ գիտության բյուջեն 2010-ին չի կրճատվի, կմնա 8.3  մլրդ դրամ: 2010-ից ՀՀ-ում անցնելու են գիտության ֆինանսավորման նոր ձեւերի: Հստակեցնելով ասվածը՝ կոմիտեի նախագահը նշեց. «Ֆինանսավորման բազային, թեմատիկ, նպատակային ձեւերը կպահպանվեն, բայց կլինեն միայն մրցութային ֆինանսավորմամբ՝ անկախ փորձագիտական համակարգի օգտագործմամբ»: Լրագրողների դրդմամբ, Ս. Հարությունյանը խոսեց նաեւ կոմիտեի թերացումներից: Նա, իհարկե,  նշեց որոշ թերացումներ՝ միեւնույն ժամանակ մեղքը որքան հնարավոր է հեռացնելով կոմիտեից: Նա հայտնեց. «ՌԴ հիմնարար հետազոտությունների հիմնադրամի հետ 2008-ին հուշագիր կնքեցինք, որը պայմանագրի պիտի վերածվեր 2009-ին, եւ իրականացվեին համաֆինանսավորմամբ տարբեր ծրագրեր: Բայց նրանց բյուջեն ճգնաժամի պատճառով 30%-ով կրճատվեց, եւ համաֆինանսավորում չեղավ: Մենք պլանավորել էինք 2009-ին 4-5 գիտական կենտրոններ բացել, բայց ճգնաժամի պատճառով դա կլինի 2010-ին»:
ԳՊԿ նախագահը խոսեց նաեւ միջազգային համագործակցությունից՝ նշելով, որ համատեղ ծրագրեր են իրականացվում Ֆրանսիայի գիտական հետազոտությունների, միջազգային գիտատեխնիկական կենտրոնի, ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների ու գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամների հետ: Կապեր են հաստատվել նաեւ ԼՂՀ ԿԳՆ-ի եւ ԳՊԿ-ի միջեւ, հայաստանյան որոշ կազմակերպությունների հետ: Քանի որ ՀՀ-ում միջուկային ֆիզիկայի բնագավառում համատեղ ծրագրեր են իրականացվում ԱՄՆ-ի հետ համատեղ, մտահոգություն հնչեց, թե հանկարծ ամերիկյան կողմից համապատասխան վերահսկողություն չլինի, որը վնասի ՀՀ-ի շահերին: Ս. Հարությունյանը պատասխանեց. «Այդպես ասել ճիշտ չի լինի: Դեռ 90-ականներից մենք օգտվել ենք CRDF-ի տրամադրած միջոցներից, եւ չպետք է մոռանալ, որ այդ ֆինանսավորման շնորհիվ հնարավոր եղավ որոշ դեպքերում կանխել գիտական կադրերի արտահոսքը: Մյուս կողմից էլ պետական շահերին դեմ ծրագրեր, որոնք կարող են  մեր պետական անվտանգությանը վնասել, մենք հաստատ  չենք իրականացնի»:
Քանի որ խոսվեց միջազգային համագործակցությունից, այսպես ասած՝ դրսից համապատասխան ծրագրերի համար փողեր բերելուց, Ս. Հարությունյանին հիշեցրինք, որ հայագիտության կամ հումանիտար գիտությունների ոլորտն այստեղ նկատելիորեն անտեսվում է: Նա այսպես արձագանքեց. «Երիտասարդական ծրագրերի շրջանակներում մենք նաեւ հայագիտության ոլորտի ծրագրեր ենք ֆինանսավորում, այնպես որ, հայագիտության ոլորտը չենք մոռացել: Կոնկրետ ծրագրերի անվանումները չեմ հիշում, բայց մեր սայթում կտեղադրենք, եւ շուտով կտեսնեք: Ֆինանսավորված այդ 36 ծրագրերից 6-7-ը հումանիտար ոլորտից են: Իսկ միջազգային ֆինանսավորման ոլորտում այդ կազմակերպությունները համաձայնել են միայն բնական գիտությունների ասպարեզում մեզ հետ համագործակցել, ու  դրա համար համաֆինանսավորվող ծրագրերը հիմնականում բնական գիտությունների ոլորտում են, որից հրաժարվելը անիմաստ է: Հումանիտար ոլորտը նրանց համար հետաքրքիր չէ. օրինակ՝ ամերիկացու համար հետաքրքիր չէ հայագիտությունը»: Գիտական շրջանակներում այժմ խոսակցություններ են պտտվում, թե ԳՊԿ-ն եւ ԲՈՀ-ն ունեն լուրջ հակամարտություններ: «Առավոտը» այս առիթով ստացավ պարոն Հարությունյանի մեկնաբանությունները. «Չեմ կարողանում պատկերացնել՝ ոնց կարելի է մի կառույց մյուսի հետ հակամարտություն ունենա: Եթե գոնե անձնավորեիք, ուրիշ հարց, ասեիք՝ ԲՈՀ-ի եւ ԳՊԿ-ի նախագահի միջեւ հակամարտություն՝ միգուցե հասկանալի լիներ»: Այսինքն՝ անձամբ Ս. Հարությունյանի եւ Ա. Թռչունյանի մի՞ջեւ կա հակամարտություն, մեր այս հարցին էլ պարոն Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ես նկատի ունեի, որ միգուցե անձնական խնդիրն ընկալելի կլիներ ինձ համար, բայց ախր դա էլ չկա: Այստեղ շահի հարց էլ չկա: Իմ հիմնական շահերը մեր պետական շահերն են, ուզում եմ, որ ՀՀ-ում գիտական աստիճան ստանան նորմալ գիտնականները, ոչ թե թույլերը: Գիտական աստիճանաշնորհման բարեփոխումները միտված են նրան, որ գիտական աստիճանաշնորհումը նորմալ ընթացք ստանա, եւ պաշտպանեն այն մարդիկ, որոնք ռեալ գիտությամբ են զբաղվում: Իմ շահը ո՞րն է, ես վաղուց գիտությունների դոկտոր-պրոֆեսոր եմ, դեռ խորհրդային ժամանակներից, երբ  հայկական ԲՈՀ էլ չկար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել