Դեկտեմբերի 22-ից Կապան քաղաքով հոսող Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներն են տարվում, տեխնիկայի օգնությամբ գետի հունը մաքրվում է աղբակույտերից, մաքրվում է ավազաշերտը, հունը ազատվում է ծառերից եւ թփերից, առաջիկայում նորոգվելու են հունի բետոնապատ հատվածները:
Գետի հունը մաքրում է ՖՊՁ ընկերությունը՝ Կապանի քաղաքապետարանի հատկացրած 8 միլիոն դրամով: Հունի մաքրման աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ տարեվերջ: Թեեւ ձմռանը գետի սառը ջրերում աշխատողները ասում են, որ շատ դժվար է եղանակային այդ պայմաններում գործելը, բայց պետք է հասցնեն: Մաքրվում է Վաչագան գետի՝ Կապանի կենտրոնական հիվանդանոցին հարող հատվածը, իսկ գետի վերին մասը՝ հիվանդանոցից վերեւ գտնվող հատվածը, ավելի կեղտոտ է ու մաքրման անհրաժեշտություն ունի, բայց այստեղ աշխատանքներ չեն տարվում:
Հիշեցնենք, որ Կապանով հոսող Ողջի գետը այս աշնանը մաքրվեց ՀՀ պետական բյուջեի միջոցներով, սակայն դրանից առաջ եւ հետո քաղաքի կոյուղաջրերը լցվում են Ողջի գետը: