Հայ-թուրքական հարաբերությունների անցնող տարվա ընթացքը գնահատում են քաղաքական գործիչները
Անցնող տարվա ամենամեծ քաղաքական իրադարձությունը, անշուշտ, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր, որը հանգեցրեց քաղաքական իրավիճակի որոշակի փոփոխության՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում: Դեռեւս ապրիլի 10-ին, պաշտոնավարման մեկ տարվա առթիվ հրավիրած ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասաց հետեւյալը. «Հնարավո՞ր է, արդյոք, որ մեր հաշվարկներում սխալված լինենք, եւ թուրքերն այլ կեցվածք ընդունեն՝ փորձելով նախապայմաններ առաջ քաշել: Չեմ բացառում: Բայց նույնիսկ այդ պարագայում մենք այս գործընթացից ավելի ուժեղացած դուրս կգանք»: Անցած ամիսներին Թուրքիայի ղեկավարության նախապայմաններ պարունակող բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաեւ այդ երկրի մեջլիսում արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգումը, ըստ էության, ցույց տվեցին, որ հայկական կողմն իր հաշվարկներում սխալվել է: Ու եթե մինչ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցելությունը մեր իշխանությունները սիրում էին կրկնել, թե Թուրքիայի ղեկավարության կոշտ հայտարարություններն ընդամենը «ներքին սպառման համար են», ապա դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետի՝ Վաշինգտոնում արած հայտարարությունը, թե՝ «Թուրքիայի խորհրդարանին Ղարաբաղի նախապայմանն անհրաժեշտ է վավերացնելու համար արձանագրությունները», այլեւս կասկածի տեղիք չթողեցին: Միացյալ Նահանգները հաստատ Թուրքիայի ներքին սպառման տիրույթում չէ, հետեւաբար, չտեսնել ակնհայտը՝ դժվար դարձավ անգամ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար, որն իր վերջին հրապարակային ելույթում արդեն շտապեց նշել, որ Թուրքիան չի կարող լինել մեր գործընկերը: Էրդողանի նշված հայտարարությանը արձագանքեց նաեւ ՀՀ նախագահը՝ հիշեցնելով. «Եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանն անպայման կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից»: Նա նաեւ նշեց, որ առաջիկայում կլրացվի միջազգային պայմանագրերի, մասնավորապես՝ դրանք չեղյալ անելու մասին ՀՀ օրենսդրությունը:
Այսպիսով՝ առաջիկայում «գործընթացից ուժեղացած դուրս գալու» հեռանկարը գնալով ավելի հավանական է դառնում: Ճիշտ ժամանակն է հաշվարկելու, թե ինչով եւ ինչքան ենք ուժեղացել այս ընթացքում:
Ենթադրենք՝ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգման արդյունքում Հայաստանը դուրս գա հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացից: Կարո՞ղ ենք այդ դեպքում արձանագրել, որ «գործընթացից դուրս ենք գալիս ավելի ուժեղացած»: Եթե այո, ապա ի հաշիվ ինչի՞:
Էդուարդ Շարմազանով- ՀՀԿ մամուլի քարտուղար
Այստեղ, ինչպես ասվում է «ոպրտՐՏՌչՐօՔվօռ ՉՈՐՌՈվՑ» է,
քանի որ աշխարհը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության եւ այդ երկրի իշխանությունների, տեսավ վստահելի գործընկերոջ: Աշխարհը տեսավ, որ Հարավային Կովկասում կա մի երկիր, որի իշխանությունը պատրաստ է առաջնորդվել եվրոպական արժեքներով եւ խաղալ 21-րդ դարի օրենքներով՝ առանց նախապայմանների խոսելով այն հարեւանի հետ, որի հետ բազմաթիվ բարդ խնդիրներ ունի: Աշխարհը տեսավ, որ մեր երկիրը, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, կարեւորում է տարածաշրջանային կայունությունը եւ պատրաստ է այդ նպատակի համար գնալ երկխոսության:
Երրորդ Հանրապետության պատմության մեջ դժվար է հիշել մեկ այլ դրվագ, երբ մեր երկրի իշխանությունների գործողություններն այսքան միահամուռ եւ լայն դրական արձագանք ստացած լինեն միջազգային կենտրոնների կողմից: ՀՀ նախագահի կամքն ու վարած քաղաքականությունը էապես բարձրացրին Հայաստանի դերն ամբողջ աշխարհում, մենք այս գործընթացում խոսեցինք աշխարհի հետ՝ ինչպես հավասարը հավասարի հետ: Ուստի, այս փուլում մենք արդեն իսկ ավելի ուժեղացած ենք եւ ավելի վստահելի:
Մենք ավելի ուժեղացանք նաեւ ներքաղաքական՝ ՀՀ նախագահի կողմից նշված «չհասկացվածության պատի քանդման» առումով: Անցած տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների շուրջ հրավիրված հասարակական քննարկումները, ՀՀ նախագահի Սփյուռք կատարած համահայկական ուղեւորությունը, եւ առհասարակ երկխոսելու ու միավորելու մոտեցումը, կարծում եմ, ոչ պակաս կարեւոր ձեռքբերումներ են:
Ստեփան Սաֆարյան- «Ժառանգություն»
խմբակցության ղեկավար
Հայաստանն այս ամենից շահեց ընդամենը մեկ բան. մեր երկրի նկատմամբ միջազգային հետաքրքրության ժամանակավոր մեծացում: Իսկ մնացած առումներով, ես կարծում եմ, կորսվեց առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու լավ հնարավորություն, խռովվեց հայոց հասարակական- քաղաքական միտքը, հարված հասցվեց Սփյուռք-Հայաստան հարաբերություններին եւ Հայաստանում ավելացավ «գցվածի», խաբվածի զգացողությունը: Այնպես որ, ուժեղացած լինելու մասին խոսք չի կարող լինել: Կուժեղանայինք, եթե ունենայինք վավերացված արձանագրութուններ եւ բաց սահման, եթե Թուրքիան առավել բարդացրած չլիներ Ղարաբաղի հարցի կարգավորումը՝ դրանով պայմանավորելով հայ-թուրքական հարաբերությունները եւ հարցը տանելով փակուղի: Իսկ այսպես՝ ես որեւէ դրական բան այս գործընթացում չեմ տեսնում: Հակառակը, իմ կարծիքով՝ նման ելակետը շատ լուրջ ռիսկեր է ստեղծելու նաեւ ապագայի համար:
Սուրեն Զոլյան-
քաղաքագետ
Այս գործընթացում էականն այն էր, որ մինչ այդ տարվող իմիտացիոն քաղաքականությունից Հայաստանը հայտնվեց միջազգային հարաբերությունների կիզակետում: Եվ իր սխալներով ու հաջողություններով հանդերձ, ձեռք բերեց հսկայական փորձ: Բացի այդ, կային լրջագույն խնդիրներ, որոնց քննարկումից մեր հասարակությունը խուսափում էր: Այս գործընթացն առիթ դարձավ, որ դրանք եւս քննարկվեին: Եվ չնայած առկա բավականին սուր հակասություններին, մեր հասարակությունը, նաեւ Սփյուռքը, ուժեղացած դուրս եկավ, որովհետեւ մենք տեսանք, որ մեր մոտեցումների տարբերությունները չնչին են՝ համեմատած այն մարտահրավերների հետ, որոնց մենք միասին պիտի դիմագրավենք:
Բայց այսօր ամենակարեւորը հետեւյալն է. ինչքան Թուրքիան ձգձգի, այնքան դա մեր օգտին կլինի: Քանի որ հարաբերությունների հաստատման հետ կապված մեր հիմնական մտահոգությունն այն էր, որ Հայաստանն այնքան էլ պատրաստված չէր ոչ տնտեսական, ոչ օրենսդրական առումով, եւ ի վերջո չուներ հստակ մոտեցում արտաքին քաղաքականության որոշ հիմնադրույթների՝ Կարսի պայմանագրի եւ այլնի վերաբերյալ: Այսինքն, Թուրքիայի ձգձգմամբ՝ մեզ տրվում է լրացուցիչ ժամանակ առկա այս բացը լրացնելու համար: Բացի այդ, քանի որ Թուրքիան խախտել է պայմանավորվածությունները եւ սպառել ողջամիտ ժամկետները, ճիշտ կլինի, որ Հայաստանը դադարեցնի գործընթացը եւ գնա ոչ թե լրացուցիչ ժամկետների տրամադրման, այլեւ խաղի նոր պայմանների թելադրման:
Ռուբեն Սաֆրաստյան- ՀՀ ԳԱ
արեւելագիտության
ինստիտուտի տնօրեն
Հիմնականում իր նախաձեռնությամբ այս գործընթացը սկսելով՝ Հայաստանը ցույց տվեց, որ ինքը գտնվում է ժամանակակից աշխարհում ընթացող զարգացումների կարեւոր հատվածում: Դրական արդյունքներից մեկն էլ ես համարում եմ այն, որ Հայաստանը, իր համար նման բարդ խնդրի լուծման գործընթացի մեջ մտնելով, էապես մեծացրեց սեփական հեղինակությունը համաշխարհային դիվանագիտության մեջ: Եվ դա կմնա՝ անկախ նրանից, թե գործընթացն ինչպիսի՞ ավարտ կունենա:
Ինչ վերաբերում է այս ամենի արդյունքում Ցեղասպանության ճանաչման ընթացքի կասեցման մասին մտահոգություններին, ապա նկատենք, որ երկու ամիս առաջ ԱՄՆ Սենատում պատրաստվեց Ցեղասպանության ճանաչման մասին հերթական բանաձեւը, ըստ իմ տեղեկությունների, Շվեդիայի խորհրդարանը եւս նորից պատրաստվում է անդրադառնալ Հայոց ցեղասպանության հարցին: Այնպես որ, ես չեմ կիսում այն տեսակետը, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման այս գործընթացը կասեցնում է Ցեղասպանության միջազգային ճանաչումը:
Վիկտոր Դալլաքյան-
ԱԺ պատգամավոր
Նախագահ Սարգսյանի դրսեւորած արտաքին քաղաքական այդ նախաձեռնողական քայլը ես համարում եմ դրական, եւ եթե Թուրքիայի կողմից այդ գործընթացը տորպեդահարվի, ապա անհասկանալի եւ անհարմար վիճակում կհայտնվի նախեւառաջ Թուրքիան եւ այն երկրները՝ ԱՄՆ, ԵՄ եւ Ռուսաստանը, որոնք հովանավորել են այդ ամենը եւ բազմիցս հայտարարել են, որ կողմնակից են առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Այնպես որ, այս տեսակետից Հայաստանը եթե չուժեղանա էլ, համենայնդեպս ոչինչ չի կորցնի, կկորցնեն վերոնշյալ երկրները: Այս գործընթացով Հայաստանը շահեց այն, որ արտաքին աշխարհին ներկայացավ որպես ծանրակշիռ եւ վստահելի գործընկեր եւ կատարեց այնպիսի մի քայլ, որը միաձայն ողջունվեց միջազգային քաղաքական բոլոր կենտրոնների կողմից: Ավելին, գործընթացին աջակցող բոլոր ուժային կենտրոնները կրկնեցին այն, ինչ ասաց Հայաստանի նախագահը. այն է՝ հաստատել հարաբերություններ առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետում: Այնպես որ, մենք այսպես թե այնպես այս գործընթացում շահած ենք: