Նոյեմբերյան քաղաքի նորակառույց հյուրանոցը 1997թ. վերածվեց բազմաբնակարան շենքի. այստեղ բնակություն հաստատեցին քաղաքի անօթեւան ընտանիքները: Նրանք կիսաթալանված հյուրանոցը բնակարանների վերափոխելու համար մեծ աշխատանք են կատարել՝ դռներ, պատուհաններ տեղադրել, էլեկտրական հոսանք անցկացրել, կոյուղագիծ կառուցել եւ այլն:
Այստեղ բնակվող 40 ընտանիքներից 24-ը քառակուսի մետրը 1320 դրամով սեփականաշնորհել է իր զբաղեցրած տարածքը: Այժմ ուժի մեջ է մտել «Սակարկությունների մասին» օրենքը եւ մնացած 16 ընտանիքները կարող են իրենց տները գնել միայն սահմանված կարգով անցկացվելիք աճուրդով:
Քաղաքի ավագանու վերջին նիստում հյուրանոցում բնակվող Գրետա Զալինյանը ավագանուն խնդրեց լուծում տալ ներկայումս համայնքային սեփականություն հանդիսացող շենքը՝ այնտեղ բնակվող 16 ընտանիքներին հատկացնելու հարցին, մանավանդ որ, այդ ընտանիքների մեծ մասը սոցիալապես անապահով է եւ ի վիճակի չէ աճուրդով գնել տները: Բայց ավագանին որոշեց հետաձգել այս բարդ խնդրի լուծումը: