Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մելիքգյուղի ոդիսականը

Դեկտեմբեր 24,2009 00:00

\"\"Գյուղապետը հաստատում է, մարզպետը՝ հերքում

«Առավոտի» նոյեմբերի 17-ի համարում «Մեր գյուղապետերին կամ ասած, կամ չասած» հրապարակմամբ անդրադարձել էինք Արագածոտնի մարզխորհրդի նիստին, որի ժամանակ մարզպետարանի տեղական ինքնակառավարման վարչության պետ Սիրասնիկ Հովսեփյանը հայտարարել էր, թե «գյուղապետերը փաստաթղթերը ժամանակին չեն ներկայացնում մարզպետարան, 18 գյուղապետ ավագանու նիստերի արձանագրություններն ընդհանրապես չի ներկայացրել մարզպետարան» եւ մեր լուրերի հիման վրա տեղեկացրել, որ մարզի Մելիքգյուղի տարածքում առանց ավագանու որոշման, ասել է թե՝ անօրինական ձեւով, քանդվում է ինչ-որ խողովակաշար: Այս առթիվ նույն Սիրասնիկ Հովսեփյանը մեզ հայտնել էր, որ գյուղապետն իրեն ասել է՝ քանի որ Մելիքգյուղի տարածքում խողովակաշար չի քանդվում, ուստի դրա վերաբերյալ ավագանու նիստի որոշում չի կարող լինել:
Այս հրապարակումից ավելի քան մեկ ամիս անց մեր հարցումները այլ պատկեր ուրվագծեցին: Մելիքգյուղի գյուղապետ Մհերիկ Մխիթարյանը ասաց, որ խողովակաշարը քանդում ու վաճառում են գյուղը գազիֆիկացնելու համար: Գյուղապետը հայտնեց, որ խողովակաշարը վաճառում է մի կազմակերպության, որը խոստացել է գյուղն ապահովել գազով: Երբ հարցրինք, թե պայմանագիր ունի՞ այդ կազմակերպության հետ եւ ի՞նչ արժեքով է վաճառում խողովակները, գյուղապետը վրդովվեց եւ ասաց, որ խողովակներն իրենն են եւ ինչ գնով ուզի՝ կվաճառի:
Բայց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 20 կետի համաձայն, ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու եւ օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների եւ օտարման գների չափերը եւ պայմանները, իսկ հրապարակային սակարկության դեպքում՝ մեկնարկային գները: Այնպես որ, խողովակաշարը ինչքան գյուղապետինն է, այնքան էլ Մելիքգյուղի՝ մոտ 1200 բնակիչներինը: Իսկ խողովակաշարը վաճառելու թույլտվություն տվող ավագանու որոշումը այդպես էլ չտեսանք:
Մելիքգյուղի դաշտերում խողովակաշարը քանդող բանվորներն ասացին, որ էջմիածինցի են եւ «տրուբեքը» տանում են Արագածոտնի մարզի դատախազին:
Գյուղապետ Մհերիկ Մխիթարյանը ժխտեց բանվորների ասածը եւ ասաց, որ մարզի դատախազը հանձնարարել է, որ ոչ մի լումայի չարաշահում չլինի:
Փորձեցինք պարզաբանումներ ստանալ մարզպետարանից: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ ոչ մի խողովակաշար էլ չի քանդվում, նման լուրեր տարածողները սխալ բան են անում ու վատ մարդ են: Լուսանկարում՝ Մելիքգյուղի դաշտերից ապամոնտաժվող խողովակաշարն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել