Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԿ ՇՈՒԿԱ, ԽՑԱՆՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐ

Դեկտեմբեր 24,2009 00:00

Քաղաքապետի շուկայում օրավարձն է թանկ, փողոցում՝ պայմաններն են անտանելի

Արմավիր քաղաքի կենտրոնական՝ Չարենց-Շահումյան եւ Չարենց-Երեւանյան փողոցներն ու խաչմերուկները ցերեկային ժամերին վերածվում են շուկայի: Բացօթյա եւ հակահիգիենիկ պայմաններում այստեղ սննդամթերք են վաճառում՝ կեղտ ու փոշու մեջ, ցաքուցրիվ լցրած վիճակով: Փնթի շուկայի պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ դրա միջով երթեւեկող մեքենաները ոչ միայն փոշու ամպեր են բարձրացնում բաց վաճառվող սննդամթերքի վրա, այլեւ «օծում» պարենը՝ մեքենաներից արտանետված թունավոր գազերով:
Փողոցային շուկան գրավել է նաեւ փողոցի երթեւեկելի հատվածի մի մասը եւ դժվարություններ ստեղծել տրանսպորտի տեղաշարժի համար, ինչի հետեւանքով քաղաքի այս հատվածում մշտապես խցանումներ են:
Բայց ողջ խնդիրն այն է, որ Արմավիրը շուկա ունի, եւ վաճառողները կարող էին չհայտնվել բաց երկնքի տակ, սպառողներն էլ կարող էին քաղաքակիրթ պայմաններում սպասարկվել: Քաղաքի շուկան քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի սեփականությունն է, իսկ թե ինչո՞ւ են վաճառողները փնթի առեւտուրը գերադասում քաղաքապետի շուկայից, պարզաբանեց վաճառող Գառնիկ Վարդանյանը: Նրա ասելով՝ շուկայում օրավարձը 3000-4000 դրամ է, իսկ դրսում՝ 500-1000. «Էն, որ զիբիլի մեջ ու անմարդկային պայմաններում ենք առեւտուր անում, մեղավորը մենք չենք: Մենք վճարում ենք, թող համապատասխան մարդիկ բարի լինեն՝ պայմաններ ստեղծեն ու մաքրություն ապահովեն: Էս տեղն էլ որ վերցրել եմ, գիտեք հեշտ ա՞ ձեռս ընկել. մի հինգ հոգու մեջ եմ գցել, որ տան»:
Երբ շուկայի օրավարձի մասին վաճառողների դժգոհությունը փոխանցեցինք Արմավիրի քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանին, վերջինս զարմացավ: Ասաց, որ գների մասին տեղեկության թեեւ չի տիրապետում, բայց վստահություն հայտնեց, որ օրավարձը 350 դրամը չի գերազանցում. «Դա էլ՝ ՀՀ տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքով»: Այնուամենայնիվ, փոխքաղաքապետը շուկայի օրավարձը ճշտելու նպատակով զանգեց ինչ-որ մեկին: Պատասխանը լսելով՝ զգաստացավ: Հեռախոսային «ինֆորմատորի» հայտնած թիվը, ըստ ամենայնի, համընկնում էր վաճառողների ասածին, բայց Բաղդասարյանը, հասկանալի պատճառներով, մեզ այլ թիվ ներկայացրեց:
Փոխքաղաքապետը շրջանցեց նաեւ հակասանիտարական պայմաններում իրականացվող առեւտրի թեման: Այն, որ շուկա կոչվածը հավաքարար չունի՝ փաստեցին հենց վաճառողները: Քիչ թե շատ մաքրություն սիրողները իրենք են հավաքում իրենց շուրջը կամ վճարում հարեւան խանութների հավաքարարներին, որպեսզի այդ գործը նրանք անեն: «Էդ ինչքա՞ն եմ աշխատում, որ հլա հավաքարարին էլ փող տամ, գա քաղաքի փողոցը մաքրի: Դրա համար քաղաքապետարան կա՝ թող անի»,- ասաց Վոլոդյա անունով վաճառողը:
Մեր դիտարկումը՝ քաղաքապետարանը փաստորեն չի կարողանում վերահսկել բացօթյա առեւտուրը, Մելիք Բաղդասարյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Իսկ որպեսզի վաճառողները դժգոհության ալիք չբարձրացնեն, քաղաքապետարանում էլ չխաթարվի աշխատանքային հանգիստ մթնոլորտը, փոխքաղաքապետի փոխանցմամբ՝ քաղաքապետ Խլղաթյանի կարգադրությամբ դեկտեմբերի 7-ից մինչեւ 31-ը թույլատրվել է գյուղմթերքի նախատոնական առեւտուրը կազմակերպել բացօթյա:
Կարգադրությունը համընկնում է վաճառողների ցանկությանը, բայց առեւտուրը Ամանորով չի սկսվում ու դրանից հետո չի վերջանալու, եւ առեւտրականները իրենց նվաստացած են զգում քաղաքապետարանի վերաբերմունքից: Բարձրագույն կրթությամբ, բայց ներկայանալ չցանկացող՝ արքայախնձոր վաճառող մի տղամարդ չթաքցրեց զայրույթը. «Դրսում առեւտրի թույլտվություն տալը դեռ չի նշանակում, որ քաղաքապետարանը դա մեր սիրուն աչքերի համար է արել: Դե, եթե էդքան մարդկային են, թող այստեղ աշխատողներիս համար մարդկային պայմաններ ստեղծեն: Իրենցից տաղավար ու ջեռուցում չենք ուզում, ընդամենն ուզում ենք, որ մեզ խոզերի տեղ չդնեն: Եթե իրենց բախտը բերել է՝ տաք-տաք կաբինետներում նստած, պարապ-սարապ փողեր են մսխում, էդ դեռ չի նշանակում, որ իրենք մեզանից լավն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել