Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քոչարյանը պահվում է պատժախցում

Դեկտեմբեր 24,2009 00:00

Երկրորդ փախուստը, ըստ էության, հուսահատության նշան էր

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դեկտեմբերի 18-27-ը փախուստի դիմած ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի հետ հանդիպել էր ազատազրկման վայրերի հասարակական դիտորդական խմբի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Սողոմոնը գտնվում էր մեկուսարանի պատժախցում: Մի ձեռքը ձեռնաշղթա էր հագցված՝ նրա անվտանգությունից ելնելով: Մոտն անընդհատ հսկողություն է: Ես խնդրեցի, որ հսկիչը դուրս գա ու զրուցել եմ առանձին: Սողոմոնը հանձնվելիս դիմադրություն է ցույց տվել եւ նրա մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կային: Ի դեպ, այդ բոլոր վնասվածքները գրանցված էին: Գլխին, ձեռքին տեսանելի էին վնասվածքները: Տպավորությունը բավական ծանր էր: Այդ մարդը լրիվ հուսահատության մեջ է կյանքի նկատմամբ, ապրելու նկատմամբ որեւէ ձգտում, հույս չունի, համարելով, որ շատ դաժան են իրեն դատել: Նա չի հավատում, թե կվերանայեն իր քրեական գործը, պատժաչափը: Ըստ էության, երկրորդ փախուստը հուսահատության նշան էր»,- պատմեց Ա. Իշխանյանը: «Առավոտի» հարցին՝ ճի՞շտ էր փախչողներին բերել նույն այն մեկուսարանը, որտեղ իրենց պատճառով ազատել են պետին, անվտանգության պետին, եւս 5 անձանց ու հարուցվել է քրեական գործ նրանց նկատմամբ, իրավապաշտպանն ասաց. «Գուցե սխալ էր այնտեղ տեղափոխելը, բայց Հայաստանում ցմահ դատապարտվածները միայն այդ հիմնարկում են պահվում»: Մեր դիտարկմանը, թե ցմահներ կան նաեւ «Երեւան-Կենտրոն» եւ «Գորիս» ՔԿՀ-ներում (նկատի ունեմ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտվածներին- Ռ. Մ.), Ա. Իշխանյանը հավելեց. «Այդ տեսակետից ճիշտ եք ասում: Կարելի էր գոնե ժամանակավոր տանել այդ մեկուսարաններ: Մասնավորապես՝ «Երեւան-Կենտրոն»:
Ա. Իշխանյանը մտադիր է անդրադառնալ ցմահ ազատազրկվածների խնդրին, նրանց պատժաչափի համաչափությանը, նշելով անուններ ու որոշակի քրեական գործեր. «Շատ կարեւոր է, որ Հայաստանում հարցերը դիտվեն քաղաքական տեսանկյունից ու ոչ՝ իրավական: Օրինակ, Նաիրի եւ Կարեն Հունանյաններին ցմահ պատժաչափ տալը ճիշտ էր, իսկ ահա Աշոտ Կնյազյանի նկատմամբ՝ սխալ էր: Դա զուտ քաղաքական հաշվեհարդար էր, թե՝ տեսեք, ինչ ենք անում: Կանդրադառնանք ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի, Տիգրան Ավետիսյանի, Արսեն Արծրունու… գործերին: Վերջերս Ամերիկայում ցմահ ազատազրկվածն արդարացվեց: Դատական տասնյակ սխալներ կան այդ նույն Ամերիկայում, երբ երկրի դատական համակարգը համարվում է կատարյալ: Եթե նրանց մոտ այդպիսին է, մեզ մոտ ինչքան կլինեն սխալները: Մնում է նրանց գործերը վերանայել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել