Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ԵՆ ՀԱՍՑՎԵԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ»

Դեկտեմբեր 24,2009 00:00

\"\"Հավաստում է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը

– Անցնող տարում արդարադատության նախարարության գործունեությունը կարծես մշտապես գտնվեց հանրության ուշադրության կենտրոնում: Կխնդրեի առանձնացնել առավել բնորոշ դրսեւորումները եւ առանձնահատուկ զարգացումները:
– Հասարակությունը, հաշվի առնելով քիչ թե շատ բարենպաստ պայմանները, այդ թվում՝ երկրի ղեկավարության կողմից հռչակված քաղաքականությունը, իրավամբ ակնկալում է ոչ թե խոստումներ, այլ տեսանելի քայլեր, եւ պատահական չէ, որ անգամ էական, իրոք դժվարությամբ ձեռք բերված արդյունքները դեռեւս գոհացուցիչ չեն համարվում: Հավելեմ նաեւ, որ յուրաքանչյուր բացասական երեւույթի նկատմամբ արձագանքը անհամեմատ ավելի սուր է: Բայց երբ բովանդակային առումով համադրում ենք ընդհանրապես քննադատության թիրախները, ապա ակնհայտ է դառնում, որ ներկայումս քննարկման նյութը բոլորովին այլ է. նախկինում նույնիսկ անիմաստ է համարվել այդպիսի հարցադրումների անդրադառնալը: Սա եւս վկայում է որոշակի դրական տեղաշարժերի մասին: Իսկ բնորոշն այն է, որ քաղաքական տարաձայնությունների կտրուկ աճի պարագան հաճախ է՝ մի շարք այլ ոլորտների (սոցիալական ապահովություն, տնտեսության աճ եւ այլն) հետ համատեղ, վճռորոշ ու արդիական դարձնում արդարադատության բոլոր դրսեւորումների թեման: Հեռու եմ քննադատողներին, առավել եւս լրագրողներին անհարկի սիրաշահելու մտքից եւ հակված եմ այն մոտեցմանը, որ ներկայումս քննադատության գործելաոճը չի կարող ընդունելի լինել: Կարծես նպատակը ոչ թե բարելավումների հասնելու նպատակով առարկայական դիրքորոշում ունենալն է, այլ՝ պարզապես կուրորեն նսեմացնելը: Նման դեպքերում անգամ մեզ համար է դժվար լինում առանձնացնել հիրավի հիմնավորված դիտողությունները եւ դնել դրանք գործունեության հիմքում:
Թերեւս, ասվածը վերաբերում է ինչպես Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, քրեակատարողական համակարգին, այնպես էլ մյուս ծառայություններին ուղղված քննադատությանը:
– Ձեր նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված օրինագծերը արժանանում են իրարամերժ գնահատականների, այդ տեսանկյունից բացառություն չէին նաեւ հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրության վերանայման փորձերը: Ինչո՞վ եք բացատրում դա, եւ, ընդհանրապես, ի՞նչ չափանիշներով եք ղեկավարվում նախագծերի մշակման աշխատանքում:
– Յուրաքանչյուր քաղաքական-պետական գործիչ, կարծում եմ, պետք է ունենա իր ինքնուրույն ձեռագիրը: Ինքս չեմ նախընտրում քայլել տրորված արահետներով, վերջին հաշվով իրավիճակն ինքն է թելադրում ձերբազատվել կարծրատիպերից եւ դրսեւորել անհրաժեշտ ինքնատիպություն: Իսկ այդպիսի գործելաոճը մշտապես իրարամերժ տեսակետների ձեւավորման աղբյուր է: Սակավաթիվ չեն դեպքերը, երբ տեսակետ են հայտնում մի օրինագծի մասին, որի բովանդակությանը պարզապես ծանոթ չեն: Դա ինձ հիշեցնում է խորհրդային գաղափարախոսությանը բնորոշ այն մոտեցումը, երբ յուրաքանչյուր ոք պարտավոր էր սուր քննադատել, օրինակ՝ Զիգմունդ Ֆրեյդի աշխատությունները, բայց դրանք կարդալ՝ չէր խրախուսվում: Հաճախ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ մեր նախաձեռնությունները սկզբնապես բուռն մերժումների թիրախ են դառնում, իսկ հետագա հանրային քննարկումների ընթացքում պատկերը գրեթե ամբողջովին փոխվում է:
Մենք չենք խուսափում հանրային քննարկումներից, սակայն դեռեւս գերիշխում են ավանդույթներ, երբ նախագծի առնչությամբ հետաքրքրությունը առարկայական է դառնում միայն այն ժամանակ, երբ այն փոխանցվում է Ազգային ժողով:
– Պարոն Դանիելյան, նախարարության համակարգը հետաքրքրեց նաեւ մի շարք ստուգող ու վերահսկող կառույցների, հրապարակվեցին նաեւ որոշ խախտումների վերաբերյալ զեկույցներ: Ինչպե՞ս եք գնահատում այդ տեսանկյունից վիճակը եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ:
– Համակարգում մշտապես իրականացվում են տարաբնույթ ստուգումներ, որոնց արդյունքները, նաեւ համեմատության մեջ, խիստ մտահոգող չեն, սակայն մեր կողմից անհապաղ ձեռնարկվել են միջոցներ՝ դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ: Ցավով եմ նշում, որ որոշ ստուգումներ, իմ խորին համոզմամբ, հեռու էին կատարյալ լինելուց եւ հուշում էին պարզապես խախտումներ հայտնաբերելու բուռն հաշվետվություն ներկայացնելու միտումի առկայության մասին, ինչը հասկանալի, բայց ոչ ընդունելի երեւույթ է: Ընդհանրապես, երկրի ղեկավարության նախաձեռնությամբ լուրջ ու հետեւողական քայլեր են ձեռնարկվում պետական ողջ վերահսկողական համակարգը՝ տարիներով կուտակված բարդույթներից ու արատավոր գործելաոճից ձերբազատելու նկատառումով: Մշակվում է հայեցակարգ, որը միտված կլինի այդ ոլորտում պետական մարմինների գործառույթների կրկնակիությունը, անհիմն ստուգումներ նախաձեռնելու դեպքերը, անպատասխանատու եւ մասնագիտական ցածր որակով զեկույցներ պատրաստելը եւ նմանաբնույթ այլ երեւույթները բացառելուն եւ արդյունավետության բարձրացմանը:
Կարծում եմ, լուրջ բարեփոխումներ են իրականացվել նախարարության բոլոր ծառայություններում, ինչի արդյունքում նկատելիորեն բարելավվել է քաղաքացիներին մատուցվող ծառայության որակը, նվազագույնի են հասցվել կոռուպցիոն ռիսկերը: Մեծ աշխատանք է կատարվել, օրինակ, անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, նոտարական համակարգի բարելավման ոլորտում եւ այլն: Ընդ որում, այդ աշխատանքները մենք եւս հակված չենք բավարար համարելու, ծրագրավորված են առավել գործուն քայլեր, որոնց արդյունքները նկատելի կլինեն 2010թ.:
– Քրեակատարողական համակարգը համեմատաբար մեծաթիվ կադրային փոփոխությունների ենթարկվեց: Ինչո՞ւ այդ քայլերը չուղեկցվեցին անհրաժեշտ դրական արդյունքներով, փոխարենն այս տարի արձանագրվեցին բազմաթիվ միջադեպեր:
– Միջադեպեր, իրոք, արձանագրվեցին, ինչը միանշանակ վկայում է այդ համակարգում ձեւավորված արատավոր ավանդույթները շուտափույթ արմատախիլ անելու անհրաժեշտության մասին: Մյուս կողմից հենց համարձակ կադրային քաղաքականության եւ հիրավի աննահանջ միջամտության եղանակով հնարավոր կլինի լուծել այդ խնդիրը: Տվյալ համակարգի ներկայիս ղեկավարությունը չի խորշում բացահայտումներից, ավելին՝ դրանց գերակշռող մասի նախաձեռնողները հենց իրենք են: Ի դեպ, վերջերս փախուստի մեջ գտնված 2 դատապարտյալների հայտնաբերման գործում եւս վճռորոշ է եղել հիշյալ համակարգի ղեկավարության դերակատարումը:
– Գաղտնիք չէ, որ հասարակական կարծիքը դեռեւս հակված չէ արդարադատության համակարգը ժողովրդավարության չափանիշներին համահունչ համարելուն: Ինչպե՞ս եք գնահատում համակարգը, ո՞ր հարցում է սխալվում հասարակությունը:
– Չափանիշներին համապատասխան գործելու խնդիրը բնավ հատուկ չէ միայն մեր երկրին, այն արդիական է նաեւ քաղաքակրթության լուրջ ավանդույթներ ունեցող երկրների պարագայում: Ինչ խոսք, մեր անելիքները անհամհեմատ շատ են: Կարծում եմ, գերխնդիրը անհրաժեշտ բարոյահոգեբանական մթնոլորտ ձեւավորելն է: Այնքան էլ դժվար չէ կատարյալ օրենքներ ընդունելը, սակայն խիստ անհրաժեշտ է, որպեսզի դրանք համարժեք ընկալվեն, ճիշտ գնահատվեն ու դրանց կատարումն ուղեկցվի ոչ միայն ֆինանսատնտեսական, այլեւ հոգեբանական գործոններով:
Հենց սրանում է մեզանում ձեւավորված հասարակական կարծիքի մեծագույն սխալը, քանզի հոգեբանորեն յուրաքանչյուրը սոսկ հակված է պահանջելու ուրիշից՝ պետությունից, պաշտոնյայից, այլ անձից, սակայն դեռ պատրաստ չէ գիտակցելու, որ, օրինակ, հանցավորությանը դեմ կանգնելը համընդհանուր խնդիր է: Մենք դեռեւս որպես զարմանահրաշ երեւույթ ենք համարում այն, որ այսինչ երկրում քաղաքացին իրազեկում է ոչ միայն պաշտոնյայի, այլեւ ցանկացած այլ մասնավոր անձի կողմից թույլ տված անգամ միջին ծանրության հանցագործության մասին, մինչդեռ ինքներս հարկադրված ենք, օրինակ՝ ՀԴՄ-ների կտրոնները պահանջել՝ միայն շահավետ դարձնելու եղանակով իրատեսական դարձնել:
– Ի՞նչ կասեք առաջիկա անելիքների մասին:
– Առաջիկայում չափազանց ընդգրկուն ծրագրեր ենք նախաձեռնել, փորձելու ենք սեղմ ժամկետում հանրության դատին հանձնել դատավարական օրենսդրությանն առնչվող մի շարք հիմնարար օրենսդրական ակտեր, որոնցում ամրագրված են մարդու իրավունքների գերակայության միանգամայն նոր՝ միջազգային չափանիշներին խորապես համապատասխան պատկերացումներ: Շարունակելու ենք կադրային այնպիսի քաղաքականություն, որն անհամատեղելի կդարձնի մեր համակարգում ոչ բավարար մասնագիտական պատրաստվածություն ունեցող, ինչպես նաեւ օրինականության հետ խնդիրներ ունեցող անձանց գործունեությունը:
Իսկ հիմա թույլ տվեք արդարադատության նախարարության անունից շնորհավորել մեր ազգաբնակչությանը՝ Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ, Աստված բոլորիս պահապան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել