Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կգազիֆիկացնեն եւ կսալիկապատեն

Դեկտեմբեր 24,2009 00:00

\"\"ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գոհ չէր, որ անօթեւաններին տրված բնակարանները ներքին հարդարում չունեն:

Աղետի գոտում «Գլենդել հիլզի» կողմից իրականացվող շինարարության ընթացքին ու որակին ծանոթանալու նպատակով երեկ ՀՀ նախագահը եղավ Սպիտակում, Շիրակամուտում եւ Գյումրիում: Չնայած անձրեւին ու ցեխին, նրան դիմավորելու համար Գումրիի Մուշ- 2 թաղամասում վաղ առավոտից հատուկ պատրաստություն էին տեսել. հապշտապ փոխեցին շինհրապարակ տանող փողոցի ասֆալտը՝ շնչակտուր կրկին ասֆալտապատելով: Իսկ քաղաքապետարանի ջրցան մեքենաները, չնայած հորդառատ անձրեւին, նախագահի ճանապարհներն էին մաքրում՝ ավելի ցեխոտելով դրանք: Նախագահը եկավ, շրջեց Մուշի մի քանի նորակառույց շենքերում, այնուհետեւ խորհրդակցություն հրավիրեց Շիրակի մարզպետարանում:
Որից հետո նրա մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը լրագրողներին փոխանցեց հետեւյալ տեքստը. «ՀՀ նախագահը խորհրդակցության ժամանակ ասաց, որ ինքը խնդիր է տեսնում կառուցված շենքերի ներքին հարդարման առումով, սա նախագահը գնահատեց որպես անընդունելի եւ հանձնարարեց, որ դրանք պետք է շտկվեն, ներքին թերությունները պետք է վերացվեն: Նախագահը խնդիրներ տեսավ նաեւ բնակարանների ջեռուցման եւ գազիֆիկացման հետ կապված: Նախագահը նշեց, որ ինքը տպավորություն ունի, որ փորձ է արվում ինչ-որ կերպ ազատվել անօթեւանների խնդիրներից, մինչդեռ այդ մոտեցումը անընդունելի է: Պետք է հիշել, որ դա մարդկանց մշտական բնակարանն է լինելու, եւ նվազագույն բոլոր պայմանները պետք է մարդկանց համար ապահովված լինեն եւ որ  մարդը, ով բնակարան է ստանում, ուզում է որոշակի հարմարավետ պայմանների մեջ ապրի եւ դա պետք է կատարվի: Եվ որ շինարարական աշխատանքների ժամկետների հարցը չի կարող բերել որեւէ դեպքում որակի կորստի: Նախագահը նաեւ ասաց, որ անընդունելի են որեւէ բնակավայրում կիսատ-պռատ շինարարական աշխատանքները, առավել եւս Գյումրիում, որտեղ մինչ օրս մարդկանց հոգեբանության մեջ մնում են երկրաշարժի սպիները: Եվ ամենակարեւորը, նախագահը նաեւ ասաց, որ շինարարական կազմակերպությունները եւ ներգրավված պետական գերատեսչությունները պետք է հետեւություններ անեն որակի առումով եւ արագ շտկեն թույլ տված շեղումները»:
Ս. Ֆարմանյանը նաեւ ասաց, որ Ս. Սարգսյանը հանձնարարել է բոլոր բնակարանները ջեռուցել, լոգարանները սալիկապատել, գազիֆիկացնել եւ գազօջախներ տեղադրել:
Ավելի ուշ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հայտնեց, որ շինարարական ընկերության հետ ոչ մի խնդիր չկա, եւ սալիկապատումը, ջեռուցումն ու գազիֆիկացումը ծրագրով նախատեսված չեն եղել, եւ այդ ամենը պետք է կատարվի պետբյուջեի միջոցներով: Իսկ ինչ վերաբերում է որակին, լրագրողների հետ հարցազրույցում «Գլենդել հիլզ» ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանը նշեց, որ առաջացած թերությունները, բնականաբար, կվերացվեն. «Նախագիծը հաստատվել է քաղաքաշինության նախարարության կողմից, անցել է բոլոր փորձաքննությունները եւ հանձնվել է ընկերությանը, ընկերությունն իրավունք չունի նախագծից շեղվել: Քաղաքաշինության նախարարությանը բնակարանները կհանձնվեն Ամանորից անմիջապես հետո: Անավարտ է մնացել աշխատանքների ընդամենը 4%-ը: Դրանք ներքին հարդարման աշխատանքներն են: Ծրագիրը կատարվել է ամբողջությամբ, ոչ մի շեղում չի գրանցվել: Հարակից տարածքները ամբողջությամբ ասֆալտապատվել են, կոմունիկացիաները միացված են: Ջեռուցման համակարգի աշխատանքները չեն իրականացվել, քանի որ պայմանագրով նախատեսված չէին այս աշխատանքները, եթե կառավարությունը նաեւ այդ աշխատանքները անհրաժեշտ համարի եւ գումար հատկացնի, ապա ընկերությունը պատրաստ է իրականացնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել