Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՈՎ ՆՈՐ ՏԱՐԻ ՉԵՍ ԱՆԻ

Դեկտեմբեր 24,2009 00:00

Արդեն քանի տարի է՝ տիկին Ֆլորային եւ նրա որդուն՝ Վարդանին  ամանորի տոները ուրախություն չեն պատճառում:

\"\"

Մեկական կլիոգրամ շաքարավազ, ոսպ, տոմատի մածուկ ու ձեթ: Այս հումանիտար օգնությունն ամեն ամիս մի բարեգործական ընկերությունից ստանում է 50-ամյա Ֆլորա Գալոյանը, որպեսզի իր 13-ամյա որդու՝ Վարդանի հետ գոյատեւեն ու սովից ուշագնաց չլինեն: Բարեգործությանը գումարվում է ամսական 16 հազար դրամ աղքատության նպաստը, ու ընտանիքը մի կերպ՝ մի օր սոված, մի օր կուշտ յոլա է գնում: Ամանորի տոներին պատրաստվելու մասին խոսք անգամ լինել չի կարող. գումարը տնտեսում են՝ գոնե ցամաք հացին կարոտ չմնալու համար: Երբ տիկին Ֆլորային զարմանքով հարցրինք, թե այդքան քիչ եկամուտով ո՞նց են յոլա գնում, ասաց. «Ես էլ չեմ հասկանում, Աստված է մեզ պահում: Լավ է, գոնե էդ օգնությունն են տալիս: Առաջ բրինձ էլ էին տալիս, բայց ասացին, որ բրինձը թանկացել է, էլ չեն կարող տալ: Էլի գոհ ենք»:
Աշխատանք գտնելու հույսով տիկին Ֆլորան պարբերաբար դիմում է հիմնարկ-ձեռնարկություններին, սակայն ամենուր նրան մերժում են՝ կամ տարիքը չի համապատասխանում, կամ էլ գործ չկա: Նա մասնագիտությամբ բուժքույր է, 22 տարվա աշխատանքային փորձ ունի, սակայն անգամ հավաքարարի աշխատանք չի կարողանում գտնել. «Մեկ-մեկ բուժքրոջ ծառայություններ եմ մատուցում, ինչի համար երբեմն վճարում են, երբեմն էլ՝ ոչ»: Նա փորձել է հաշվառվել Զբաղվածության կենտրոնում, սակայն այստեղ էլ տիկին Ֆլորային մերժել են՝ մի քանի ամիս չի բավականացնում մեկ տարվա ստաժի համար: Նա մինչեւ 2003 թվականն աշխատել է «Հայէլեկտրո» գործարանում՝ որպես բուժքույր: Դրանից հետո Ֆլորան ընդամենը մի քանի ամիս աշխատել է դպրոցում, իսկ Զբաղվածության կենտրոնի պահանջն է՝ պարապուրդից հետո կենտրոնում հաշվառվելու համար առնվազն մեկ տարվա ստաժ. «Ի՞նչ անեմ, այստեղ էլ բախտս չբերեց: Եթե 50 տարեկան եմ, ի՞նչ է, ուժ չունե՞մ: Ես ցանկացած գործի պատրաստ եմ, չեմ վախենում աշխատելուց»:
Մեզ հետ զրույցում Ֆ. Գալոյանը պատմեց, որ դիմել է նաեւ առողջապահության նախարարություն. պատասխանել են, որ բուժքրոջ կամ հավաքարարի ազատ հաստիք ոչ մի հիվանդանոցում չկա: Երեւանի քաղաքապետարանից էլ նույն կերպ են արձագանքել: Իսկ պաշտոնյաներից մեկն էլ, ում անունը տիկին Ֆլորան չցանկացավ հրապարակել, շատ կոպիտ նրան ասել է՝ եթե երեխայիդ չես կարողանում պահել, ինչո՞ւ ես բերել. «Չնայած այս բոլոր դժվարություններին ու սոցիալական վատ պայմաններին, ես իմ զավակին հայրենասեր մարդ եմ դաստիարակում: Ապագա զինվոր: Մշակութային միջոցառումների եմ տանում: Թատրոններ շատ ենք սիրում, մեզ անվճար թույլ են տալիս ներկայացումները դիտել»:
Տիկին Ֆլորան խնամքով պահում է այն բոլոր բուկլետները, որոնք ձեռք է բերում մշակութային օջախներ այցելելիս: Նա մեզ ցույց տվեց Վարդուհի Վարդերեսյանի հեղինակային «Իմ կյանքի հեքիաթը» գիրքը՝ դերասանուհու մակագրությամբ, Կարինե Խոդիկյանի՝ «Խաղի ժամանակը» գիրքը՝ հեղինակի հետեւյալ մակագրությամբ՝ «Գրի ու գրականությանը տածած քո ֆանտաստիկ սիրո ու նվիրվածության համար: Հիացմունքով՝ լույս օրերի մաղթանքներով»: Փոքրիկ բնակարանը տիկին Ֆլորան ձմռանը չի կարողանում տաքացնել: Նրա տան եղած-չեղած գույքը մի հեռուստացույց է, մահճակալ ու մի փոքրիկ էլեկտրական սալիկ, որի վրա ընդամենը կարողանում են թեյ ու ճաշ եփել:
«Եղել է, երբ աշխատանք ստանալու համար դիմել եմ որեւէ ընկերության՝ ինձ մերժել են, բայց մի քիչ գումար են տվել: Իհարկե, ես շատ շնորհակալ եմ, բայց դա վիրավորական է, ես ընդամենը աշխատանք եմ ուզում: Ուզում եմ աշխատել ու դրա համար վարձատրվել: Հիվանդանոցներում, օրինակ, սանիտարկաների մեծ մասը թոշակառու է, իսկ ես ոչ թոշակի տարիքի եմ, ոչ անգործության նպաստ եմ ստանում, ոչ էլ աշխատանք եմ գտնում: Բայց, միեւնույն է, հույսս չեմ կտրում, Աստված մի դուռ կբացի: Մի կարգախոս ունեմ՝ համբերությունն ամենահզոր զենքն է»,- ասաց Ֆ. Գալոյանը: Ֆլորայի որդին մի քանի տարի սպորտով է զբաղվել եւ, մոր պատմելով, պատվոգրեր է ստացել: Նա հաճախել է ֆուդոկան կարատեի դպրոց: Պարապմունքների վարձավճարը թանկացնելուց հետո Վարդանն այլեւս սպորտի չի հաճախում: «Հենց գործ գտնեմ, տղայիս էլի կտանեմ էդ դպրոցը, քանի որ շատ է սիրում այդ մարզաձեւը»,- ասաց Ֆ. Գալոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել