Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ես՝ իմ օղին, ինչ գնով կուզեմ՝ կվաճառեմ

Դեկտեմբեր 24,2009 00:00

Չնայած ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը վստահ է, որ 500 դրամանոց օղին կամ արտադրվում է ստվերում, կամ՝ անորակ է, դա չի խոչընդոտում, որ գործարարները շարունակեն այն արտադրել: ԱԺ ներկայացված աղմկահարույց հարկային փաթեթում ներառված էր նաեւ «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունը։ Մի շարք փոփոխությունների թվում, առաջարկվում էր նաեւ օղու համար նվազագույն գին սահմանել: Տեղական արտադրության կես լիտր օղին չպետք է վաճառվի 700 դրամից էժան գնով, իսկ ներկրված օղու կես լիտրը չպետք է լինի 1200 դրամից էժան: Պետեկամուտների նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը կասկած անգամ չուներ, որ իրենց առաջարկած այս կետը անպայման կընդունվի, այլապես, մոտ մեկ ամիս առաջ հրավիրած ասուլիսում այդքան ոգեւորված չէր խայտառակի այն գործարարներին, որոնք իրենց արտադրած օղին վաճառում են 500-600, իսկ ներկրածը՝ ասենք, 1000 դրամով: Պարոն Ալավերդյանը ասուլիսին ներկայացել էր կազմ ու պատրաստ՝ հաշվարկներ էր արել, թե որքան է օղու ինքնարժեքը, որպեսզի ապացուցի, որ իսկական հալալ-զուլալ օղին չի կարող պակաս լինել 700 դրամից: Ըստ պարոն Ալավերդյանի, օղին ավելի էժան վաճառելու համար, տնտեսվարողը պետք է 1 լիտր օղու սպիրտը գնի ամենաշատը 50 դրամով, որպեսզի դրան գումարի նաեւ շշի ու խցանի արժեքը, հարկերը, արտադրման ու այլ ծախսերը: Ստացվում է, որ կամ տնտեսվարողը ստվերում է աշխատում, չի մուծում հարկերը, կամ էլ՝ կեղծ ու անորակ արտադրանք է տալիս ու դրա հաշվին օղին էժան է վաճառում: Թերեւս, եթե պարոն Ալավերդյանը իմանար, որ ԱԺ պատգամավորները դեմ են լինելու այդ օրինագծին, այդքան վստահաբար չէր ներկայացնի իր հաշվարկները, բայց որտեղի՞ց իմանար, որ խորհրդարանականները, այնուամենայնիվ, կորոշեին, որ 500 դրամանոց օղի էլ է լինում, 600 էլ, ավելի էժան էլ:
Օրեր առաջ Ազգային ժողովում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ որոշվեց, որ էթիլային սպիրտը, որն իրացվում է պատրաստի արտադրանքի, այսինքն՝ օղու տեսքով, ազատվում է նվազագույն բացթողնման գնից:
Հայաստանի էթիլային սպիրտի շուկայում նախորդ տարի ներկրում, արտադրություն, իրացում է իրականացրել 14 ընկերություն, որոնցից արտադրության ամենամեծ ծավալն ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ 78,8%: Իրացման շուկայում եւս այս ընկերությունը ամենամեծ ծավալն ունի՝ ավելի քան 99,88 %:
Եվ ահա, օղու իրացման եւ արտադրման ոլորտում գերիշխող պատգամավորը, իր սեփական խանութների ցանցում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետներում, իր արտադրած օղին վաճառում է՝ ինչ գնով ուզում է: Գործարարը, անշուշտ, օրենք չի խախտում, սակայն հետաքրքիր է, թե ինչպես է նա հաջողացրել, ինչպես պարոն Ալավերդյանն է հավաստիացնում, 1 լիտրը 50 դրամով օղու սպիրտ գնել:
Նկատենք նաեւ, որ «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ, մի քանի մանր-մունր արտադրողներ, խոշոր տուգանքների ահից, իրենց 400-500 դրամանոց օղիները շատ արագ թանկացրին՝ 700 դրամի շեմն անցնելու համար: Լավ է, որ գոնե օղու շուկայում գերիշխող պատգամավորը ճիշտ վարվեց, 500 դրամանոց օղին հեշտ ու հանգիստ, առանց ավելորդ գլխացավանքի 700 դրամ դարձնելու փոխարեն, ազնվորեն պայքարեց, որ օրենքում փոփոխություն չարվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել