Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԱՎՈՐ ԵՆ

Դեկտեմբեր 24,2009 00:00

\"\"Կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը, որն «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց Հայաստանի տնտեսության վրա ճգնաժամի ազդեցության, մեր կառավարության հակակոռուպցիոն եւ հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ իր տեսակետը:

– Տիկին Օմես, ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, Հայաստանում գրանցվեց տնտեսական ամենամեծ անկումը: Ձեր դիտարկմամբ, ո՞րն էր դրա պատճառը:
– Ճիշտ է, տարածաշրջանում այլ երկրների համեմատ Հայաստանում արձանագրվեց ՀՆԱ-ի ամենաբարձր նվազումը, եւ դա մեծամասամբ պայմանավորված էր շինարարության կտրուկ անկմամբ: Հայաստանում շինարարությունը ուղղակիորեն կապված էր արտերկրի դրամական փոխանցումներից, եւ դրա անկումը տրամաբանական էր: Ճգնաժամից առաջ շինարարությունը հենց փոխանցումների շնորհիվ շատ արագ վերելք ապրեց, եւ նախորդ տարվա կտրվածքով դրա մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմել է 30%: Այս տարի շինարարության ծավալները կրճատվել են 50%-ով, եւ ՀՆԱ-ի 15% անկման պատճառը հենց շինարարության կրճատումն էր: Եթե նայենք ՀՆԱ-ի ընդհանուր կառուցվածքին, ապա 15 % նվազումը հսկայական բացասական ցուցանիշ է, սակայն եթե նայենք այլ ոլորտներին, ապա նրանց կատարողականը բարվոք վիճակում է:
– Սակայն այս ամռանը դուք հայտարարեցիք, որ Հայաստանում տնտեսական անկումը կկազմի մոտ 10%. ի՞նչ տեղի ունեցավ, որ ձեր կանխատեսումը չիրականացավ:
– ՀՆԱ-ի անկումը մեր կանխատեսածից եւ ընդհանրապես բոլորի ակնկալիքներից շատ եղավ, բայց սրա պատճառն այն էր, որ մենք չէինք նախատեսում շինարարության ծավալների այդքան կտրուկ նվազում: Ընդհանրապես դժվար է տնտեսագիտական կանխատեսումներ անել, քանի որ մարդիկ վախենում են շատ գումար ծախսել, ներդրողներն ավելի զգուշավոր են դառնում, եւ սրա արդյունքում անկումը շարունակվում է:
– Տեսակետ կա, որ ներկայիս համաշխարհային ճգնաժամը վեր հանեց այն բոլոր բացասական երեւույթները, որոնք առկա էին հայաստանյան տնտեսությունում, այսինքն՝ մենաշնորհների գերակայությունը շուկայում, կապիտալի գերկենտրոնացվածության աստիճանը:
– Այո, հայկական տնտեսությունում դեռեւս անբավարար է մրցակցությունը, հարուստների եւ աղքատների շերտավորումն ավելի մեծ է եւ ակնառու: Սովորաբար, ինչպես եւ այլ երկրներում, Հայաստանում եւս ճգնաժամն առաջին հերթին հարվածել է հասարակության աղքատ խավերին: Եվ գոհացուցիչ է այն, որ ինչպես այս տարի, այնպես էլ հաջորդ տարի, կառավարությունը չի նախատեսում սոցիալական ծախսերի կրճատում, այսինքն՝ նախատեսվում են նպաստներ, ինչպես նաեւ գործազրկության վճարումներ այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը:
– Այնուամենայնիվ, կառավարությունը հաջորդ տարվա համար ավելի քիչ գումար է հատկացրել սոցիալական ոլորտին, քան այս տարի: Եվ եթե նկատի ունենանք, որ այսօր Հայաստանում գնաճը բավականին բարձր է, արդյոք ճի՞շտ էր սոցիալական ծախսերի նույն մակարդակի պահպանումը:
– Այո, աղքատության մակարդակը Հայաստանում դեռեւս բարձր է, եւ բնակչության 1/4-րդը կարիքավոր է, կենսաթոշակները, ինչպես նաեւ գործազրկության եւ այլ սոցիալական վճարները դեռեւս ցածր են: Սակայն, մյուս կողմից, մենք նաեւ հասկանում ենք, որ կառավարությունը չի կարող բարձրացնել սոցիալական ծախսերի սանդղակը, որովհետեւ դա բացասաբար կանդրադառնա պարտքային իրավիճակի վրա: Եվ եթե կառավարությունը միջոցներ ներգրավի եւ դա ծախսի սոցիալական հատվածի վրա, ապա կգա մի պահ, որ նա ընդհանրապես ի վիճակի չի լինի սպասարկելու իր պարտքերը:
– Հայաստանում դեռեւս վիճաբանում են այն հարցի շուրջ, թե արդյոք ճի՞շտ էր ազգային արժույթի մակարդակը պահելու համար ԿԲ-ի պահուստային միջոցների օգտագործումը: Եվ արդյոք ճի՞շտ է, որ ԿԲ-ն, դրամի հետագա արժեզրկումը կանխելու համար, դեռեւս շարունակում է դոլարային ներարկումներ իրականացնել արժութային շուկայում:
– ԱՄՀ-ն միշտ էլ կողմնակից է եղել լողացող փոխարժեքին: Ինչեւէ, նպատակահարմար է ԿԲ-ի կողմից կարճատեւ միջամտությունները արտարժութային շուկայում, եթե դա կարգավորում է դրամ-դոլար հարաբերակցությունը: Ինչ վերաբերում է կտրուկ արժեւորմանը կամ արժեզրկմանը, ապա ԱՄՀ-ն գտնում է, որ դա սխալ է: Եվ արդեն 2008-ի վերջին օբյեկտիվ պատճառներ կային դրամի արժեզրկման համար, քանի որ գունավոր մետաղների գներն ընկնում էին, մասնավոր փոխանցումները, ինչպես նաեւ ուղղակի օտարերկրյա ներդրումները՝ նվազում: Երկրից ավելի շատ դոլար էր գնում, քան՝ գալիս: Դրամի արժեզրկումն անխուսափելի էր եւ ԿԲ-ն փորձում էր որոշ ժամանակ պահպանել փոխարժեքի մակարդակը: Այն պահելու համար ԿԲ-ն փաստացի կորցրեց 700 մլն դոլար: Եվ ցավալի էր, որ ԿԲ-ն այդպիսի կորուստներ ունեցավ, սակայն այդ ժամանակահատվածում դա երեւի միակ ճիշտ որոշումն էր, որովհետեւ 2008-ի վերջին, 2009-ի սկզբին մտավախություններ կային մարդկանց շրջանում, որ ճգնաժամ կլինի, եւ եթե ԿԲ-ն չմիջամտեր եւ չկարգավորեր արտարժութային շուկան, ապա հասարակության մեջ խուճապ կառաջանար, մարդիկ իրենց գումարները դուրս կբերեին բանկերից, որը ճգնաժամային իրավիճակ կստեղծեր ՀՀ առեւտրային բանկերի համար:
– Հայաստանն այսօր հիմնականում ներմուծող երկիր է, եւ փոխարժեքի տատանումները մեծամասամբ հարվածում են սովորական քաղաքացուն եւ տեղի է ունենում գների կտրուկ աճ:
– Մարդիկ միշտ էլ դժգոհ են: Ճգնաժամից առաջ տեղի էր ունենում դրամի արժեւորում, տարեկան մոտ 20 %, եւ այդ ժամանակ դժգոհում էին, որ արտերկրից ստացվող արտարժույթը փոխանակվում էր ցածր գնով: Այժմ էլ դժգոհում են նրանից, որ ներկրվող ապրանքների գներն են բարձրանում, նկատել եմ, որ հայերը շատ են սիրում բողոքել եւ սա բնորոշ է ԽՍՀՄ-ի մյուս հանրապետություններին եւս: Իհարկե, բողոքելու տեղ կա, քանի որ գները բարձրանում են, կյանքը թանկանում է, իսկ աշխատավարձերն ու թոշակները դեռեւս ցածր են: Ինչեւէ, լավատես եմ, եթե դրամն արժեզրկվում է, նշանակում է՝ դրսից ստացվող արտարժույթը եւ օտարերկրյա ներդրումներն ավելի մեծ արժեք ունեն: Եվ եթե դրամն արժեւորվում է, որը տեղի է ունեցել վերջին մի քանի շաբաթների ընթացքում, նշանակում է, որ ներկրվող ապրանքների գները կնվազեն: Դրական կարող է լինել նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ սա կխթանի մրցակցության մեծացմանը եւ կհանգեցնի ներկրվող ապրանքների գների նվազեցմանը:
– Բայց նկատենք, որ այսօր Հայաստանի արտահանման ներուժը դեռեւս ցածր է, ի՞նչ է անհրաժեշտ ձեռնարկել այն ավելացնելու համար:
– Կարծում եմ, որ արտահանման ներուժի մեծացման համար կառավարությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, բարելավի հարկային վարչարարությունը եւ, ընդհանրապես, բավարար պայմաններ ստեղծի արտահանող ընկերությունների բարենպաստ գործունեության համար:
– Արդյոք ճի՞շտ եք համարում ճգնաժամի պարագայում իրականացվող հարկային վարչարարությունը՝ հատկապես փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ:
– Սա ԱՄՀ-ի համար կարեւոր խնդիրներից մեկն է եւ ԱՄՀ-ն աջակցություն է ցուցաբերում այս ոլորտին: Իրականում ԱՄՀ-ի ծրագրում ներառված է մի պայման, որով նախատեսվում է ռիսկային չափորոշիչների հիման վրա հարկային ստուգումների համակարգի կիրառումը: Այսինքն, հարկային մարմինը ստուգումներ պետք է անցկացնի այն ընկերություններում, որտեղ հարկային մարմինը գտնում է, որ տրամադրվող տեղեկատվությունը սխալ է, կամ էլ թերհայտարարագրված են ապրանքաշրջանառության ծավալները եւ ներկայացվում են վերադարձման ենթակա ԱԱՀ-ի ավելի մեծ գումարներ: Իսկ նրանք, ովքեր բարեխիղճ աշխատում են եւ հարկերը ժամանակին վճարում, չպետք է ստուգումների ենթարկվեն: Սա թույլ կտա հարկային մարմիններին խնայել ժամանակն ու միջոցները, դրանք չծախսել փոքր հարկ վճարողների վրա, որոնք, այսպես թե այնպես, մեծ շրջանառություն եւ հավելյալ գումար չունեն վճարելու, այլ կենտրոնանալ խոշոր հարկատուների վրա, որոնք կարող են ավելին վճարել: Եվ եթե լինի բարենպաստ հարկային եւ բիզնես միջավայր, սա թույլ կտա ավելի մեծ ծավալի ներդրումներ ներգրավել Հայաստան, խթանել տնտեսական աճը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել