Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Դեկտեմբեր 24,2009 00:00

«Փաշինյանի արարքում չկա ոչ 225, ոչ 316 հոդվածով նախատեսված հանցակազմի որեւէ տարր»,- երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանին 8 տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդությունն «աբսուրդ» որակելով՝ ասել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Ըստ նրա՝ հետեւելով դատաքննության ողջ ընթացքին, հատկապես ապացույցների հետազոտման փուլին, որեւէ ողջամիտ մարդու մեջ կասկած չէր կարող մնալ, որ Փաշինյանը որեւէ հանցագործություն է կատարել, ուստի. «Փիլոյանը եւ նրա ղեկավարները շատ լավ հասկանում, գիտակցում ու քաջատեղյակ են, որ Փաշինյանի արարքում հանցակազմ չկա, եւ անմեղ մարդուն դատապարտել 1 տարվա ազատազրկման, թե՝ ութ, իրավական առումով նույն բանն է՝ ծանրագույն հանցագործություն է արդարադատության դեմ»: Ջհանգիրյանի պնդմամբ, դատարանի վճիռը չի կարող խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների մասնակցությանը, քանի որ դատավճիռը ոչ մի դեպքում ուժի մեջ չի կարող մտնել մինչեւ հունվարի 9-ը. «Առաջին ատյանի դատավճռից հետո, բնական է, պաշտպանները եւ Փաշինյանը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, Վերաքննիչ դատավարության ավարտից մեկ ամիս հետո նոր ուժի մեջ է մտնելու դատական ակտը»: Ամփոփելով տարին՝ Գագիկ Ջհանգիրյանը նշել է. «Արդարադատության եւ իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական հետապնդման լծակների իշխանությունների վարչախմբի ձեռքին: Հայաստանում չկա ոչ ոստիկանություն, ոչ դատախազություն, ոչ դատարան, դրանք մեկը մյուսից ոչնչով չեն տարբերվում, բոլորը միասին մեկ ընդհանուր հանցակցությամբ երկու տարի ի վեր հետապնդում են քաղաքական հայացքների համար հարյուրավոր քաղաքացիների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել