Այդպես է գնահատում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը անցած տարին
Երեկ «Դուպլեքս» ակումբում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերին, կարծիք է հայտնել, թե մասնավորապես՝ ԼՂ հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի նկատմամբ միջազգային ճնշումն առաջիկայում միայն ուժեղանալու է: Նրա կարծիքով, այդ են վկայում առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունները, որոնցով պահանջվում է հակամարտությունը շուտափույթ կարգավորել: Զուրաբյանի դիտարկմամբ, հատկապես Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո միջազգային հանրության կողմից ուժեղացել է ճնշումը նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Ըստ Զուրաբյանի, թուրքական կողմը արձանագրությունների վավերացման խնդիրը ակտիվորեն օգտագործում է նաեւ որպես Հայաստանի վրա ազդելու լծակ, բութ գործիք՝ ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու համատեքստում:
Ամփոփելով անցնող տարին՝ Լ. Զուրաբյանը Կոնգրեսի եւ հայ ժողովրդի ամենամեծ կորուստը համարել է այն, որ Հայաստանում եւս մեկ տարի իշխեց ապօրինի եւ օլիգարխիկ ռեժիմը, ինչի արդյունքն էին, Լ. Զուրաբյանի ձեւակերպմամբ՝ ցյուրիխյան ուրացումը եւ այն, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ ՀՀ իշխանությունները համաձայնեցին Ղարաբաղի խնդրի կարգավորմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում: Որպես անցնող տարվա նվաճումներից մեկը՝ ՀԱԿ համակարգողը մատնանշեց այն համառ ու հետեւողական պայքարը, որը Կոնգրեսը վարել է թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային կառույցներում՝ հասնելով քաղբանտարկյալների մեծամասնության ազատ արձակմանը: «Իհարկե, դա շատ գոհացուցիչ չի կարող լինել, որովհետեւ դեռ 15 մարդ մնում են բանտերում»,- շեշտել է Զուրաբյանը:
Նա նվաճում է համարել նաեւ այն, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությամբ արձանագրվեց, որ երկրի քաղաքական կյանքում միակ ռեալ ինստիտուցիոնալ ընդդիմությունը եւ լուրջ քաղաքական ուժը Կոնգրեսն է: