Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴԱ ՆՈՐԻՑ ԲԶԲԶԵԼ»

Դեկտեմբեր 24,2009 00:00

\"\"Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի մասին ասում է ԲՀԿ խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Արամ Սաֆարյանը:

– 2009-ին հաջողություննե՞րն էին շատ, թե՞ անհաջողությունները եւ կորուստները:
– Վստահ եմ, որ 2009 թվականը մեր երկրի վերջին 15 տարում տնտեսական ամենածանր տարին էր՝ թե՛ խոշոր, թե՛ միջին, թե՛ մանր բիզնեսի համար, եւ այս տարվա հետեւանքները մենք դեռ մի քանի տարի զգալու ենք: Ես կարծում եմ՝ չնայած այս սարսափելի դժվարություններին, մի բան ակնհայտ էր, այն, որ կոալիցիոն կառավարությունը կատարեց հասարակության առջեւ ստանձնած իր բոլոր սոցիալական պարտավորությունները: Սա կարեւոր է, որովհետեւ սպասվում էր, որ նման տնտեսական անկման պայմաններում հնարավոր չի լինի վճարել նպաստները, թոշակները եւ օգնությունները՝ այն ծավալով, ինչ խոստացված էր 2008-ի վերջում: Սակայն դա տեղի չունեցավո եւ փառք Աստծո: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա տարվա ընթացքում սկսվել են գործընթացները, որոնք իրենց շարունակությունն են ունենալու 2010-ին: Մենք կողմնակից ենք եղել եւ այսօր էլ կողմնակից ենք առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, բայց ուզում ենք մեկ անգամ եւս նշել, որ եթե, հակառակ այս սկզբունքային պայմաններին, թուրքական խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները կամ վավերացնի նախապայմաններով, ապա մեր խորհրդարանը, մեր հիմնական քաղաքական ուժերը, իմ կարծիքով, ազատ կլինեն իրենք եւս նման կերպ վարվելու, եւ դա չի լինի ոչ դավաճանություն, ոչ ուխտադրժություն, այլ կլինի համարժեք պատասխան: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ապա, անկասկած, տարվա ընթացքում աշխուժացած այս գործընթացը եւս ունենալու է իր զարգացումները, եւ, կարծում եմ, 2010-ին չի բացառվում ականատեսը լինենք ինչ-որ մի անցումային համաձայնության, որը բանակցությունները առաջ մղելու հիմք կհանդիսանա: Այսպիսով, տարվա մեջ ես տեսել եմ աշխուժություն եւ ակտիվ քաղաքական գործընթացներ: Մի բան էլ եմ ուզում ասել, այն, որ մարտի 1-2-ի դեպքերից հետո ստեղծված քաղաքական առճակատման, ատելության եւ թշնամանքի հաղթահարմանն ուղղված քաղաքական գործընթացները չնայած որոշ արդյունք տվել են, այսուհանդերձ, այս ջանքերը պետք է շարունակվեն, եւ մոտակա մեկ-երկու, գուցե երեք տարիների համար մենք պետք է ունենանք մի քաղաքական գիծ հիմնական քաղաքական ուժերի համար, որտեղ, մրցակցությամբ եւ հակամարտությամբ հանդերձ, կարեւոր պետք է գնահատվի նաեւ քաղաքացիական եւ հասարակական համերաշխությունը:
– Տարվա ընթացքում շարունակ հնչում էին տեսակետներ, որ որոշակի անհամաձայնություն կա ԲՀԿ-ի եւ կոալիցիոն մյուս ուժերի միջեւ, տարեվերջին նո՞ւյնպես կան այդ անհամաձայնությունները:
– Այդ բոլոր խոսակցությունների գնահատականը մենք տվեցինք ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի համագումարներում (նկատի ունի երկու համագումարներում էլ իր ելույթը- Մ. Ե.): Ես կարծում եմ՝ կոալիցիոն համաձայնությունը կենսունակ է եւ ունի տեւական համագործակցության հեռանկար երեք մասնակիցների համար, իսկ այդ կարգի բոլոր խոսակցությունները, մոտեցումները բոլորովին տեղին չեն:
– Որպես մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամ՝ ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի դիտողությունները ձեր հանձնաժողովի եզրակացությանը, ինչպե՞ս եք գնահատում այն, որ հանձնաժողովը թերացել է, ավելորդ ինքնագրաքննադատությամբ է զբաղվել, դեմ չի գնացել իշխանությունների կարծիքին, 10 զոհերի մեղավորների մասով գրեթե ոչինչ չի արել:
– Մարտի 1-ի հանձնաժողովն աշխատել է ազնվորեն եւ ներքին համաձայնության պայմաններում: Արվել է հնարավոր առավելագույնը՝ երկրում քաղաքացիական համերաշխության եւ հասարակական համաձայնության մթնոլորտի ձեւավորման համար: Ես համաձայն չեմ, որ դա գրաքննադատություն է: Կարծում եմ, որ նման գնահատականի հեղինակները մեկ անգամ եւս ուրախ կլինեին, որ լիներ բոցավառում, բոցկլտում, նորից քաղաքական ինչ-որ վիճակ լիներ Հայաստանում: Մեր զեկույցը գրվել է այնպես, որ քաղաքական համերաշխության եւ ոչ թե ներքին ընդվզումների եւ թշնամության առիթ դառնա: Ի դեպ, զեկույցի այն մասը, որը մենք ենք գրել՝ ես եւ Նաիրա Զոհրաբյանը, ամբողջովին հիմնված է եղել ընտրություններին հետեւող ԵԽ/ԵԱՀԿ դիտորդական միացյալ առաքելության եզրակացության դրույթների վրա: Այնպես որ, եթե այնտեղ կա գրաքննություն կամ ինքնագրաքննություն, մենք միայն ցավում ենք:
– Որպես հանձնաժողովի անդամ՝ ձեր կատարած աշխատանքից գո՞հ եք:
– Ոչ, ես կարծում եմ, այդ զեկույցը, իհարկե, կարող էր լինել ավելի լավը, բայց այն արտահայտել է այսօր քաղաքական դաշտում տիրող իրողությունները, եւ այդքանով այն նորմալ քաղաքական զեկույց է, եւ չեմ համարում, որ անհրաժեշտ է դա նորից բզբզել:
– Հունվարի սկզբից Դաշնակցությունը հանրահավաքներ, երթեր եւ այլ միջոցառումներ է իրականացնելու ՍԴ-ի մոտ՝ փորձելով ստիպել, որպեսզի ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի հայ-թուրքական արձանագրությունները այս տեսքով: Ո՞րն է լինելու ԲՀԿ-ի դիրքորոշումը այդ իրավիճակում:
– Մեր դիրքորոշումը հայտնի է եւ չի փոխվի. մենք եղել ենք, կանք եւ կմնանք կողմ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել