«Արդեն ավարտին է մոտենում մեր դիտորդական առաքելության թիվ 2 միջանկյալ զեկույցի կազմումը, եւ այդ կապակցությամբ ունենք լուրջ մտահոգություններ թիվ 10 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրության օրինական կազմակերպման, այդ թվում՝ ընտրացուցակների վարման, քվեարկությանը զինծառայողների եւ ոստիկանների մասնակցության, նախընտրական քարոզչության, թեկնածուների իրավահավասարության առնչությամբ եւ այլն»,- ասված է Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն դիտորդական առաքելության նամակում, որով կենտրոնը երեկ դիմել է ՀՀ նախագահին:
«Մասնավորապես, բանը հասել է նրան, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան ժամանակացույցի 19-րդ կետի՝ Հայաստանի բոլոր ընտրողները կարող են մասնակցել թիվ 10 ընտրատարածքի ԱԺ մեծամասնական կարգով ընտրություններին: Միաժամանակ, ժամանակացույցում նախընտրական քարոզչության կազմակերպման ԸՕ-ով սահմանված միջոցառումների բացակայությունը բերել է նրան, որ ընտրողների գերակշռող մեծամասնությունը տեղյակ չէ ընտրությունների անցկացման եւ թեկնածուների մասին»,- ասված է նամակում, եւ քանի որ առաքելության զեկույցներում տեղ գտած ընտրախախտումների առնչությամբ առ այսօր որեւէ արձագանք չի տրվել իրավասու պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից՝ առաքելության անդամներն ակնկալում են, որ նախագահն իրենց կընդունի, կլսի եւ ամեն ինչ իր տեղը կդնի: