Լրահոս
Օրվա լրահոսը

Սնունդ՝ հետագա հետաքննության համար

Դեկտեմբեր 24,2009 00:00

ՀՅԴ գործիչները հանդիպել են ՍԴ նախագահին, բայց ոչ այն կազմով, որը բացահայտել էր ՀԱԿ համակարգողը:
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Դուպլեքս» ակումբում արձագանքելով հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունները քննադատող ՀԱԿ-ը ծրագրո՞ւմ է բողոքի ցույցեր իրականացնել դրանց դեմ կամ մասնակցելո՞ւ է այլ ուժերի՝ մասնավորապես ՀՅԴ կազմակերպած բողոքի գործողություններին՝ նախ հայտնել է, թե այս պահին զանգվածային միջոցառումներ արձանագրությունների դեմ նախատեսված չեն, եւ հետո հետաքրքրվել. «Իսկ իրենք բացատրե՞լ են, թե իրենց բողոքի ակցիայի նպատակը ո՞րն է»: Ու հրապարակել է. «Մենք տեղեկություններ ունենք, որ 3 դաշնակցականներ հանդիպել են ՍԴ-ում Գագիկ Հարությունյանի հետ՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանը»: Հայտնել էր, որ չգիտի, թե նրանք ինչու են հանդիպել կամ ինչ են քննարկել. «Ես ուղղակի սնունդ եմ տալիս հետագա հետաքննությունների համար»: Հանդիպման նպատակների մասին Լեւոն Զուրաբյանն ասել է. «Ես կարող եմ միայն ենթադրել: Մի բան մեզ համար ակնհայտ է, որ Դաշնակցությունն իր ցանկացած քայլը համաձայնեցնում է իշխանությունների հետ: Միգուցե սա այդ ծրագրի մեջ է տեղավորվում»:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը yerkir.am-ի խնդրանքով անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի այս պնդումներին՝ ասել է. «Քանի որ լուրը զգալի չափով կեղծ է, կառուցված է կեղծ տվյալների վրա եւ կեղծ մեկնաբանություններ են անում, ես դա մեկնաբանելու պատճառ չունեմ: Բայց մի քանի բացատրություններ, այնուամենայնիվ, կտամ: Այնտեղ նշվում է դաշնակցականների ինչ-որ կազմի մասին: Սխալ է նշվում այդ կազմը (մասնավորապես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի մասնակցել այդ հանդիպմանը.- Ա. Ի.): Խոսք է գնում նաեւ այն մասին, թե իբր նման հանդիպումներով Դաշնակցությունը համագործակցում եւ համադրում է իր քայլերը իշխանությունների հետ: Դա կատարյալ ապուշություն է: Նույն ձեւով համագործակցություն եւ քայլերի համադրում կարող էր դիտվել, օրինակ, հարցապնդումները արտգործնախարարին կամ վարչապետին եւ այլն, եւ այլն: Դա անհեթեթություն է: Մենք, բնականաբար, պետք է հարաբերվենք բոլոր այն ատյանների հետ, որտեղ քննվում են մեզ ու երկրի համար կարեւոր հարցեր, նրանց փոխանցենք մեր մտահոգություններն ու անենք մեր առաջարկությունները: Սա նորմալ է, որովհետեւ ընդդիմության գործը մեզ համար, ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի՝ միտինգից միտինգ չէ, ամենօրյա է»: Report.am-ին Վահան Հովհաննիսյանը մանրամասնել է նաեւ այդ հանդիպման քննարկման թեման. «Ասեմ, որ այդ ատյանում գտնվող փաստաթղթի վերաբերյալ մեր մտահոգությունները հայտնի են, ու հետեւաբար՝ դրանք կարող էին հայտնվել այդ ատյանի ղեկավարին»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ծրագրում է հունվարի 12-ին, երբ Սահմանադրական դատարանում քննարկվելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, բողոքի ցույց անցկացնել Սահմանադրական դատարանի առջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել