Համազեկուցողների դիվանագիտական ռեւերանսները չհաշված՝ ՀԱԿ-ը նրանց զեկույցը գնահատեց որպես Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցի ջախջախիչ քննադատություն:
ԵԴ ուղարկվելիք գանգատները պատրաստ են
2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանից ի վեր, ապա նաեւ մարտիմեկյան իրադարձություններից հետո Հայաստանում քաղաքական շարժառիթներով հետապնդումների էին ենթարկվել եւ անազատության մեջ էր հայտնվել թվով 150 քաղաքացի եւ ընդդիմադիր ակտիվիստ: Անցյալ տարվա դեկտեմբերին, ընդդիմության արձանագրմամբ՝ Հայաստանում 67 քաղբանտարկյալ եւ քաղկալանավոր կար: Այսօր էլ Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ Հայաստանում դեռեւս կան թվով 15 քաղբանտարկյալներ՝ Սասուն Միքայելյան, Մկրտիչ Սափեյան, Ժորա Սափեյան, Հարություն Ուռուտյան, Շմավոն Գալստյան, Մուշեղ Սաղաթելյան, Ռոման Մնացականյան, Աշոտ Մանուկյան, Արա Հովհաննիսյան, Արամ Բարեղամյան, Ֆելիքս Գեւորգյան, Գաբրիել Գաբրիելյան, Մուրադ Բոջոլյան, Սարգիս Հացպանյան եւ Նիկոլ Փաշինյան: Նրանցից միայն մեկի՝ Փաշինյանի նկատմամբ է, որ դատավճիռ դեռեւս չկա: Մյուս նախկին քաղկալանավորների ու քաղբանտարկյալների գործերն այս օրերին ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնում ենթարկվում են վերջին շտկումների եւ ի մի են բերվում Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ուղարկվելու եւ միջազգային դատական այդ ատյանում հայաստանյան դատարանների կայացրած վճիռները բողոքարկելու նպատակով: Կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե Եվրոպական դատարան է ուղարկվել արդեն թվով 19 հիմնական գանգատ՝ վճիռների բողոքարկման վերաբերյալ, եւս 19 գանգատ, որոնք վերաբերում են դատարանների կողմից կալանքի սանկցիաների բողոքարկմանը, էլի 18 բողոք դեռ նախատեսվում է ուղարկել ԵԴ: ԵԴ արդեն ուղարկված գանգատներից մի քանիսը վերաբերում են այսօր դեռեւս անազատության մեջ գտնվողների՝ Մուշեղ Սաղաթելյանի, Հարություն Ուռուտյանի, Մկրտիչ եւ Ժորա Սափեյանների, Աշոտ Մանուկյանի, Արամ Բարեղամյանի գործերին: ԵԴ են ուղարկվել նաեւ նախկին քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Պետրոս Մակեյանի, Հովհաննես Հարությունյանի եւ էլի մի քանիսի գործերը, որոնցով բողոքարկվում են այս մարդկանց նկատմամբ հայաստանյան դատարանների կողմից կայացված վճիռները: Ա. Խաչատրյանի ասելով, կան նախկին քաղբանտարկյալներ, որոնց գործերը մաս-մաս են ուղարկվել ԵԴ՝ մատնանշելով օրինակ՝ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ Մարդու իրավունքների եւ ազատությունների համընդհանուր հռչակագրի 5-րդ հոդվածի խախտման եւ խոշտանգման փաստերի, ինչպես նաեւ նրա պաշտոնանկության օրինականությունը բողոքարկելու վերաբերյալ վարչական գործերը: Բայց նույն Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի նկատմամբ դատարանների կայացրած վճիռների մասով հիմնական գանգատները ԵԴ դեռ չեն ուղարկվել: Դրանք նոր են պատրաստվել ու մոտակա օրերին կուղարկվեն: Հայաստանյան դատարաններում սպառվել են նաեւ ՀԱԿ-ի երիտթեւի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մասով կայացված կալանքի որոշման բողոքարկման բոլոր հնարավորությունները, եւ նրա գործը այդ մասով ԵԴ ուղարկելու համար պատրաստ կլինի արդեն մեկ շաբաթից: Սա այն դեպքում, երբ Տ. Առաքելյանի գործը շարունակում է մնալ նախաքննության փուլում, եւ հայտնի չէ, թե երբ դատարան կմտնի: Դեռ նախաքննության փուլում է նաեւ մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող, «Մարտի 1»-ից հետո հետախուզման մեջ գտնված, բայց այս տարվա ամռանը իրավապահներին ինքնակամ ներկայացած Համլետ Հովհաննիսյանի՝ «Տրոսի» գործը: Անազատության մեջ գտնվողներից միայն Գաբրիել Գաբրիելյանի եւ Սասուն Միքայելյանի գործերով հիմնական գանգատներն են, որ դեռ ԵԴ չեն ուղարկվել: Բայց դրանք էլ, ինչպես մյուս բոլոր՝ ընդհանուր առմամբ 55-60 գործերը, արդեն հունվարին կուղարկվեն Եվրոպական դատարան: Իհարկե, դրանք կվերաբերեն ավելի մեծ թվով քաղբանտարկյալների, որովհետեւ նույն գործերով կայացված դատական վճիռները վերաբերում են այդ գործերում որպես ամբաստանյալ ներգրավված մի քանի անձանց:
Բացի քրեական գործերից, Ա. Խաչատրյանի փոխանցմամբ, ԵԴ-ին գանգատներ են ուղարկվել նաեւ ընդհանուր առմամբ 4-5 վարչական գործերով: Խոսքը վերաբերում է մասնավորապես նաեւ անցած տարվա հունվարին «Յոթի» դատավարության ժամանակ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ քաղաքացիների նկատմամբ ոստիկանների ուժային գործողություններին, որոնք բողոքարկվել էին հայաստանյան վարչական դատարաններում: Այդ գործերով բողոքարկումների հնարավորությունը ներպետական ատյաններում սպառվել է, եւ ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն ու նրա ներկայացուցիչը արդեն համապատասխան գանգատ ԵԴ-ին ուղարկել են: Եվս մեկ գործ, որը ուղարկվել է ԵԴ, վերաբերում է ապրիլ ամսին Վլ. Կարապետյանին ոստիկանների կողմից ապօրինաբար բերման ենթարկելու փաստին: «Իհարկե, վարչական վարույթներով ԵԴ ուղարկված եւ դեռ ուղարկվելիք գործերն անհամեմատ քիչ են՝ 4-5-ը»,- ներկայացրեց Ա. Խաչատրյանը: Նա նաեւ ասաց, թե Կենտրոնը առաջիկայում նաեւ հայաստանյան դատարաններ կմտնի նյութական եւ բարոյական փոխհատուցման պահանջով թվով 12 այն նախկին քաղբանտարկյալների գործերով, որոնք առաջադրված մեղադրանքներում արդարացվել են դատարանների վճիռներով, կամ նրանց նկատմամբ քրգործերը կարճվել են դեռ նախաքննության փուլում:
Կոնգրեսն արձագանքեց համազեկուցողների
զեկույցին
Երեկ Հայ ազգային կոնգրեսը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի պատրաստած զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի ներկայացրած զեկույցին, հայտարարել է, թե համազեկուցողների զեկույցը, ըստ էության, արձանագրել է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը դիտավորյալ աղավաղել է «Մարտի 1»-ի դեպքերի մասին ճշմարտությունը եւ արժանի է ժամանակին ՀԱԿ-ի կողմից նրան տրված «պարտակման հանձնաժողով» որակմանը: Իր հայտարարության մեջ ՀԱԿ-ը, հակառակ իշխանությունների հայտարարությունների, նաեւ խոստացել է՝ «Մարտի 1»-ի էջը կփակվի միայն այն ժամանակ, երբ հայտնաբերվեն եւ պատժվեն սպանությունների հեղինակները եւ անմիջական պատասխանատուները, նաեւ՝ «ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին կներկայացվեն սպանվածների իրավահաջորդների բողոքները Հայաստանի իրավապահ մարմինների անգործության մասին: Մոնիտորինգի հանձնաժողովին կներկայացվի նաեւ Փաստահավաք խմբի վերջնական զեկույցը, որը համալրվել է նոր բացահայտումներով»:
Միաժամանակ Հայ ազգային կոնգրեսը տարակուսանք է հայտնել համազեկուցողների այն կարծիքի առնչությամբ, թե՝ ԱԺ հանձնաժողովը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է հետամուտ լինեն զեկույցում նշված առաջարկների իրագործմանը եւ անպատասխան մնացած հարցերի պարզաբանմանը:
Կոնգրեսի համոզմամբ՝ փորձը ցույց է տվել, որ այդ երկու մարմիններն էլ, գտնվելով իշխանությունների քաղաքական ազդեցության տակ, ի վիճակի չեն հանդես գալ անկախ, անաչառ եւ հավասարակշռված գնահատականներով, ուստիեւ՝ եզրակացրել է, որ «Մարտի 1»-ի դեպքերի անաչառ եւ անկախ քննությունը կարող է ապահովել միայն այնպիսի մարմինը, որում հավասարապես ներկայացված կլինեն իշխանություններն ու ընդդիմությունը, նաեւ՝ միջազգային փորձագետներ, որոնց մասնակցությունը թույլ կտա այդ մարմնի աշխատանքը զերծ պահել որեւէ ազդեցությունից եւ քաղաքականացման փորձերից: