Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հարցի մասին է
Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտում բավական ինտենսիվորեն սկսում է շրջանառվել մի տեսակետ, որ եթե հայ-թուրքական եւ ԼՂՀ հարցերը լուծվեն մեկ փաթեթում՝ Հայաստանն ավելի շահած դուրս կգա այս իրավիճակից: Դեռ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից հետո այդ միտքը ասպարեզ նետեց Աշոտ Բլեյանը: Շատ գործիչներ հեգնանքով խոսեցին նման «ոչ քաղաքական» մոտեցման վերաբերյալ: Մինչդեռ վերջին մեկ ամսվա ընթացքում այդ տեսակետի ջատագովներ հայտնվեցին թե ընդդիմադիր, թե իշխանական ճամբարում: Մասնավորաբար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն օրերս ասաց, որ դրանից վախենալ պետք չէ. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն նպաստելու է ԼՂ խնդրի լուծմանը, որովհետեւ Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ ունեցող Թուրքիան շատ ավելի օբյեկտիվ դիրքորոշում կունենա ղարաբաղյան կարգավորման գործընթացում»: ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն էլ մամուլի ասուլիսում համանման տեսակետ արտահայտեց՝ փաստելով, որ թեպետ արձանագրություններում այդ խնդիրների փոխկապակցվածության մասին որեւէ կետ չկա, սակայն հասկանալի է, որ դրանք տարածաշրջանային անվտանգության հարցեր են եւ չեն կարող միմյանցից անջատ դիտվել:
Թե որքանով են իրատեսական նման մոտեցումները՝ «Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանն ասաց. «Հարցերը «բիրիքով» լուծելու ձգտումը որքան ընդունելի, նույնքան էլ իրատեսական է շուկայում, մեր պարագայում՝ բազարում, բայց քաղաքականության մեջ դա նվազ իրատեսական է, քանի որ, ամեն ինչից զատ, այստեղ երբեմն գործընթացն ինքնին ավելի կարեւոր է լինում, քան կոնկրետ արդյունքը։ Գործընթացը երբեմն կոնկրետ ու բազմակողմանի լծակ է լինում, որից չեն ուզում զրկվել կողմերը կամ կողմերից մեկը, կամ էլ միջնորդները։ Մյուս կողմից էլ՝ նույնպես լիովին հասկանալի չէ, երբ ասում են, որ այս երկու գործընթացներն իրար հետ առնչություն չունեն։ Ունեն, իհարկե, պարզապես հարցն այն է, թե ինչպես ենք հասկանում այդ առնչությունները։ Ես հասկանում եմ այսպես՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է դրականորեն անդրադառնալ ղարաբաղյան կարգավորման վրա։ Այսինքն՝ ոչ թե ղարաբաղյան կարգավորման գնով բարելավել հարաբերությունները, այլ հարաբերությունները բարելավելով՝ նպաստել ղարաբաղյան կարգավորմանը»:
Արդյոք ռացիոնալ հատիկ կա՞ «մեկ փաթեթով» դիրքորոշման մեջ՝ «Առավոտի» հարցին ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսպես արձագանքեց. «Նման քաղաքականության որեւէ հիմնավորվածություն նախապատրաստված չէ: Առհասարակ, այդ քաղաքականության նախնական վերլուծությունը, մերժողականության պարագայում քայլերի հաջորդականությունը, անգամ հայտնի չէ, թե ովքեր են նման քաղաքականության նախաձեռնողները՝ ես անիմաստ եմ համարում այդ մասին ընդհանրապես խոսելը: Քանի որ ցանկացած լուծում, միեւնույն է, Հայաստանում չի ծնվելու, Հայաստանին դա պարզապես հրամցվելու է: Քանի որ մերոնք հատկապես Ղարաբաղի հարցում նախաձեռնողականության պակաս ունեն, այդ տեսանկյունից, ես կարծում եմ, որ պասիվ վիճակը կմնա: Պարզապես, իշխանությունը՝ ի դեմս իշխանական վերնախավի, եւ ընդդիմությունը՝ ի դեմս ՀԱԿ-ի, Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասով նույն դիրքերում են, ուստի զարմանալի չէ, որ մոտեցումներում նմանություններ երեւում են: Դրանք կշարունակեն լինել: Այլ հարց է, որ այդ մոտեցումները չեն բխում իրական միջազգային զարգացումներից, չեն բխում Հայաստանի եւ Արցախի շահերից: Նույնիսկ մերժելի են»: Մեր զրուցակիցը համարում է, որ ընդդիմությունն ու իշխանությունը պարզապես կանգնած են նույն խոհափիլիսոփայական հիմքերի վրա, ու հենց դա է համարում ներկայիս անհեթեթ, բացասական զարգացումներով հղի իրավիճակի արդյունքը: Նաեւ ասում է, որ՝ «սա պետական կառավարման համակարգի բացակայության արդյունք է»: Դուք է՞լ եք կարծում, որ 2010-ը Հայաստանի համար խիստ ճակատագրական է լինելու՝ «Առավոտի» հարցին էլ Արման Մելիքյանը պատասխանեց. «Հայաստանի համար միշտ խիստ ճակատագրական են լինում մեր իշխող վերնախավ կոչվածի ճակատագրական քայլերը, որոնք տարեթվերի հետ չեն համընկնում: Բացասական շրջադարձերի կարող ենք սպասել ցանկացած ընթացիկ պահի՝ քանի դեռ մեր երկրում իշխանության եւ ընդդիմության որակը չի փոխվել»: