Այսօր Ձմեռ պապերը հասանելի են բոլորին
«Ձյունե երկրից, սառցե երկրից, ձեր հեքիաթից ու երազից կրկին ձեզ մոտ եմ եկել, իմ սիրելի թոռնիկներ, չեմ մոռացել պայմանը մեր, եւ բերել եմ նվերներ…»:
Ամեն տարի Ամանորին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության անդամ Գրիգոր Հակոբյանը այսպես է շնորհավորում երեխաներին՝ Ձմեռ պապի շորերով շրջելով տներով:
Ինչպես նշում է դերասան-Ձմեռ պապը, Ձմեռ պապ վարձակալելը եւ Ամանորի գիշերը երեխային ուրախացնելը թանկ հաճույք է, իսկ Ձմեռ պապ վարձակալելու երեւույթը Հայաստանում սկսվել է դեռ 80-ական թվականներից: Մեզ հետ զրույցում Գ. Հակոբյանը նշեց, որ ինքը սկսել է Ձմեռ պապ աշխատել 1985 թվից. «Այն ժամանակ Տիկնիկայինում ունեինք հրաշալի դերասան՝ Ալբերտ Ղեւոնդյան: Նա ինձ բացատրեց, սովորեցրեց, թե ինչ բան է Ձմեռ պապ լինելը. ձայնը, արտաքինը, կեցվածքը… Այդ օրվանից ես հասկացա, որ Ձմեռ պապ լինելն այնքան էլ հեշտ բան չէ»:
Գ. Հակոբյանի բնութագրմամբ, Ձմեռ պապի ձայնը մեծ նշանակություն ունի: «Ձայնի ճիշտ լինելը նպաստում է երեխաներին հավատ ներշնչելուն: Արտաքինը կաղապարն է, իսկ ձայնը ճիշտ արտաքինի հետ համախմբվում, ստեղծում է ջերմ, գեղեցիկ մթնոլորտ՝ երեխաների համար: Շատ կարեւոր է նաեւ ջերմությունը ձայնի ինտոնացիայի մեջ: Հիմա իմ այս խոսքերը կգրեք եւ տառերի տակ ձայնիս ինտոնացիան, ցավոք, չի զգացվի»,- կատակով ասաց Գ. Հակոբյանը՝ հավելելով, որ շատ կարեւոր է նաեւ Ձմեռ պապի կողմից ասված առաջին նախադասությունը: Ըստ նրա, վերջինի մեջ պետք է լինի սեր, անկեղծություն, որ երեխան հավատա: «Եթե կարողացար քո ձայնով գրավել երեխային, համոզել նրան, վստահեցնել, այդ ժամանակ արդեն կարող ես համարել, որ գործն արված է»,- ասաց մեր զրուցակիցը:
Դերասանի ձեւակերպմամբ, Ձմեռ պապի կերպարը դեր է, որի մասին չպետք է մոռանա այդ հագուստ կրող ցանկացած անձ. «Դերասանի համար դա առանձնահատուկ օրվա առանձնահատուկ դեր է՝ բոլորովին այլ պայմաններով, վիճակներով: Մենք խաղում ենք մի հեքիաթ, պայմանավորված հեքիաթ երեխայի հետ, որ ինքն էլ գիտի, ես էլ, բայց երկուսս էլ լռում ենք… Ասեմ, որ Ձմեռ պապի հագուստի մեջ դերասանը չպետք է կորցնի դերասանի իր կերպարը: Գիտեմ շատ մարդկանց, հրաշալի դերասանների, որոնք կրում են այդ հագուստը եւ իրենց թվում է՝ իրենք իրոք Ձմեռ պապ են. իշխանություն ես ստանում, ուժ ես ստանում, բայց ես այդպես չեմ անում, ես գիտեմ, որ Գրիգորն եմ, դերասան, կրում եմ այդ հագուստը, խաղում այդ դերը, եւ, որ ամենակարեւորն է, այդ դերի մեջ դնում եմ նաեւ իմ սրտից մեկ հատված»:
Ամանորի գիշերվա այցելությունների մասին էլ նշեց. «Այսօր դա ամենահեշտ եւ հասանելի բանն է բոլորի համար, եթե մի ժամանակ միայն հարուստներին էր հասու Ձմեռ պապ հրավիրել, ապա այսօր Ձմեռ պապեր գտնելը, հատկապես՝ «էժան», 15 րոպեի գործ է: Բայց պրոֆեսիոնալ Ձմեռ պապ ցանկացողների համար, դա իսկապես թանկ հաճույք է: «Էժան» ձմեռ պապերը կարող են մեկ գիշերվա մեջ 10-12 տուն հասցնել մտնել. դա շատերի համար բիզնես է, «գրդոն», գումար աշխատելու միջոց: Ես 2-3 տուն եմ այցելում: Այդ այցելությունները իսկական աշխատանք են եւ մեծ գումարների հետ կապված: Հայերի մոտ ընդունված կարգը՝ Նոր տարվա գիշերը տանը, ընտանիքի հետ նշելը, վարձու ձմեռ պապիները խախտում են. Բայց չէ՞ որ այդ գիշեր աշխատող ցանկացած Ձմեռ պապ նաեւ հայր է: Եվ եթե դուրս ես գալիս ու ընտանիքիդ հետ չես դիմավորում Ամանորը, ապա գոնե նորմալ պայմաններով պետք է աշխատես, որովհետեւ, կարելի է ասել, զոհաբերություն ես անում՝ քո երեխաների կողքին չլինելով, ուրիշի երեխային ուրախացնելով: Այդ է պատճառը, որ դեկտեմբերի 31-ի գիշերը եթե հրավիրում են ինձ, ես կլորիկ գումար եմ պահանջում»:
Իսկ թե ինչ նվերներ է տանում Ձմեռ պապն իր հետ, Գ. Հակոբյանը ասաց. «Նվերները, որոնց սպասում են փոքրիկները, շատ են տարբերվում մեր ժամանակների նվերներից: Օրինակ՝ 80-90-ականների նվերները մեքենա, ատրճանակ ու այլ խաղալիքներ չէին, պարզապես մրգեր, կոնֆետներ էին եւ դրանով երեխաները ուրախանում էին, իսկ այսօր դրանք էլ չեն բավարարում երեխաներին: Արտասովոր, թանկ նվերներ շատ են լինում: Այնքան թանկ, որ ինքս էլ եմ զարմանում: Հիշում եմ, մի անգամ պատահական աղբ եմ տարել տուն՝ որպես փոքրիկի նվեր. մի ծնող կար, զանգեց եւ ասաց, թե նվերը կթողնի միջանցքում, որ վերցնեմ ու մտնեմ տուն: Մոտեցա դռանը, տեսա՝ մի պարկ է դրված: Ենթադրելով, որ հենց դա էլ նվերն է՝ ինձնից գոհ վերցրեցի այդ պարկն ու ժպիտը դեմքիս մտա տուն. պարզվեց՝ աղբի տոպրակն էր, ծնողը մոռացել էր նվերը դնել միջանցքում, լավ էր հասցրինք մինչեւ երեխային տեսնելը՝ աղբի տոպրակը փոխել նվերով»: