Լրահոս
Օրվա լրահոսը

«Նադեժդան» լուրջ համալրում է ստացել

Դեկտեմբեր 23,2009 00:00

\"\"

Օրենբուրգի «Նադեժդա» կանանց բասկետբոլային ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում հունվարի 7-ին «Հատիսի» հետ կայանալիք հանդիպումից առաջ Ռուսաստանի այս ակումբը լուրջ համալրում է ստացել: Թիմի կազմ է ընդգրկվել մեր ժամանակների մեծագույն բասկետբոլիստուհիներից մեկը, Ռուսաստանի՝ 20-րդ դարի լավագույն բասկետբոլիստուհի, կենտրոնական, 37-ամյա Ելենա Բառանովան: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բազմակի փոխչեմպիոն այս մարզուհու հասակը 190 սմ է, սակայն նա եզակի կոորդինացիա, շարժունակություն եւ ճկունություն ունի, ինչը նրան ցանկացած օղակում հավասարապես գերազանց գործելու հնարավորություն է տալիս:
Իսկ ի՞նչ է պլանավորում «Հատիսը»: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում որոշ փակագծեր է բացել: Նրա խոսքերով, թիմը համալրվելու է երկու-երեք նոր խաղացողներով եւ աչքի տակ համապատասխան թեկնածուներ կան: Վերջնական որոշում կատարելու իրավունքը վերապահված է մարզչական շտաբին՝ Գիա Ղազանչյանի գլխավորությամբ:
Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է նաեւ, որ «Հատիսից» հեռանալու է չորս բասկետբոլիստուհի՝ երկու վրացիները, ինպես նաեւ Իվա Սերդարն ու Ջուլիանա Վիանին, որոնց նա շնորհակալություն է հայտնել մեր թիմում թեկուզ կարճ ժամանակ հանդես գալու համար:
Խոսելով Եվրոպայի գավաթային խաղերի ավարտից հետո «Հատիսի» հետագա ճակատագրի մասին՝ Հրաչյա Ռոստոմյանն ասել է. «Մենք թիմը ցրել չենք պատրաստվում: Հիմա բանակցություններ ենք վարում, որպեսզի «Հատիսը» մասնակցի Ռուսաստանի առաջնությանը»: Այնտեղ ծրագրում են աշնանից ստեղծել նոր լիգա, որտեղ կարողանան հանդես գալ ԱՊՀ տարբեր տարածաշրջանների ուժեղագույն ակումբները: Մի ուրիշ տարբերակ էլ կա՝ Բալթիական լիգան, որտեղ խաղում են Մերձբալթիկայի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Սկանդինավյան երկրների թիմերը: Իսկ մինչ այդ, «Հատիսի» բասկետբոլիստուհիները վարձակալության հիմունքներով հանդես կգան ուրիշ ակումբներում: Իսկ երբ վերը նշված տարբերակներից որեւէ մեկը իրականություն դառնա, նրանք կվերադառնան ակումբ եւ կշարունակեն պաշտպանել Երեւանի «Հատիսի» մարզական պատիվը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել