Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ

Դեկտեմբեր 23,2009 00:00

 \"\"\"\"

 2009 թվականը հայկական ֆուտբոլի համար ցավալի պարտությունների տարի կարելի է համարել: Սակայն նույնիսկ այս համատեքստում նվիրյալները փոքրիկ հաղթանակներ են արձանագրում, թեկուզ մանր քայլերով առաջ գնում, փոփոխություններ ֆիքսում: Հենց նման իրադարձությունների ամփոփում կայացավ երեկ ՀՖՖ-ում՝ 2009 մրցաշրջանի մրցանակաբաշխության ընթացքում:
Պարգեւատրվեցին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրները, ինչպես նաեւ առաջին խմբի եւ ֆուտզալի չեմպիոնները: Այսպես, 2008/09 մրցաշրջանի ֆուտզալի Հայաստանի չեմպիոն հռչակված «Էրեբունիին» ոսկե մեդալներն ու հաղթողի գավաթը շնորհեց ՀՖՖ գործկոմի անդամ Սուքիաս Ավետիսյանը: Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած՝ առաջին խմբի հաղթող «Իմպուլսին» մեդալները հանձնեց ՀՖՖ գործկոմի անդամ Արտակ Մնացականյանը: Իսկ արդեն բարձրագույն խմբի առաջնությունում իրենց ուժեղագույն դիրքերը հաստատած թիմերից առաջինը բեմահարթակ հրավիրվեց առաջին անգամ մրցանակակիրների թվում հայտնված «Ուլիսը»: Ֆուտբոլիստները մեդալներն ու պատվոգրերը ստացան ՀՖՖ գործկոմի անդամ Վիկտոր Դալլաքյանից: Մրցաշրջանի արդյունքներով երկրորդ տեղում հանգրվանած «Միկային» արծաթե մեդալներ հանձնեց ՀՖՖ գործկոմի անդամ Էդուարդ Ղազարյանը, իսկ ահա վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկին» մեդալներով եւ հաղթողի գավաթով պարգեւատրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս հանձնեց մրցաշրջան 2009-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Այս տարի, ինչպես եւ ակնկալվում էր, լավագույնը ճանաչվեց Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: ԶԼՄ-ների, ակումբների ներկայացուցիչների, մրցավարների ու տեսուչների շրջանում անցկացված հարցման արդյունքում Մխիթարյանը ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը՝ 355 միավոր: Լավագույնների եռյակում տեղ էին գտել նաեւ ուլիսցի Հրայր Մկոյանը՝ 138 միավոր, եւ «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը՝ 108:
Թեեւ «Լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը կարեւորագույնն էր Հենրիխի համար, սակայն՝ ոչ միակը: Այսպես, FAF ֆան-ակումբը սահմանել էր իր «Համակրանք» մրցանակը, որը նույնպես բաժին հասավ երիտասարդ ֆուտբոլիստին:
Ինչ վերաբերում է ՀՖՖ-ին, ապա վերջինիս կողմից պարգեւատրվեցին նաեւ ֆուտզալի եւ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունների գլխավոր ռմբարկուները: Առաջին անվանակարգում 104 գնդակով լավագույնը Կարեն Միքայելյանն էր՝ «Պոլիտեխնիկից», իսկ երկրորդում՝ հայկական ֆուտբոլի վետերան Արթուր Քոչարյանը (15 գոլ, «Ուլիս»):
Ուշադրությունից դուրս չմնացին նաեւ մրցավարները: 2009-ին իր հրաժեշտի հանդիպումն անցկացրած Կարեն Նալբանդյանը արժանացավ «Պատվավոր մրցավար» մրցանակին, իսկ լավագույն երիտասարդ մրցավար ճանաչվեց Արման Ամիրխանյանը, որի անունը մեկ անգամ չէ, որ սկանդալների կիզակետում է հայտնվել: Մեկ այլ սկանդալային հայտնի մրցավար՝ Արարատ Ճաղարյանը, արժանացավ City FM ռադիոկայանի «Տոտալ ֆուտբոլ» ծրագրի սահմանած «Տարվա ամենաքննարկված եւ պահանջարկված մարդ» կոչմանը:
Որպես թեմայի շարունակություն, ՀՖՖ գործկոմի անդամ Ռուբեն Սինոյանը հանձնեց «Արդար խաղ» մրցանակը: Վերջինիս նոր հասցեատերերն էին «Բանանց-3»-ը՝ առաջին խմբի առաջնությունում եւ «Փյունիկը»՝ բարձրագույն խմբում:
«Ֆուտբոլ+» շաբաթաթերթը «Տարվա հայտնություն» ճանաչեց փյունիկցի Դավիթ Մանոյանին, որը որպես «Լավագույն խոստումնալից ֆուտբոլիստ»՝ պարգեւատրվեց նաեւ Հայաստանի Զարգացման բանկի հատուկ մրցանակով:
«Տելեկոմ» ընկերությունը լավագույն մարզիչ անվանեց մեր ազգային հավաքականը եւ «Փյունիկը» գլխավորող Վարդան Մինասյանին, իսկ «90 րոպե» ֆուտբոլային պարբերականն էլ պարգեւատրեց իր իսկ կողմից անցկացված «Կանխագուշակումների մրցույթի» այս տարվա հաղթողին՝ ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանին: Հայկական ֆուտբոլը լավագույնս լուսաբանելու համար ՀՖՖ նախագահի ձեռքից մրցանակ ստացավ «Հայ TV» հեռուստաընկերությունը:
Հանդիսավոր մրցանակաբաշխության վերաբերյալ՝ թերեւս այսքանը: Հուսանք, որ արդեն 2010-ին հայկական ֆուտբոլը ավելի շատ հաղթանակներ ու թռիչքներ կգրանցի, իսկ մրցանակաբաշխություններն էլ մեծարման երեկոների կվերածվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել