ՀՀ մշակույթի նախարարությունում երեկ ստորագրվեց «Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուների վերականգնման համար սարքավորումների վերազինման ծրագրի» դրամաշնորհային համաձայնագիր: Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրվող մշակութային դրամաշնորհի ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահին կհատկացնի 27 900 000 ճապոնական իեն՝ շուրջ 310.000 ԱՄՆ դոլարի չափով տեխնիկական սարքավորումներ:
Ըստ Ճապոնիայի կառավարության կողմից Ուզբեկստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության գլխավոր ներկայացուցիչ Յուկիհիկո Էջերիի, համաձայնագիրը կնպաստի այդ հաստատության տեխնիկական հագեցվածությանը, մասնավորապես՝ ժամանակակից սարքավորումներով եւ մեթոդներով պահպանման որակի բարձրացմանը: Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի խոսքով, համաձայնագրի ստորագրման արդյունքում իրենց լուծումը կստանան պատկերասրահի համար էական նշանակություն ունեցող 2 խոշոր խնդիր՝ գեղանկարների վերականգնումը եւ փայտյա նմուշների վերականգնման արհեստանոցի համար սարքավորումների ձեռքբերումը:
Սա արդեն 5-րդ ծրագիրն է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող մշակութային դրամաշնորհի շրջանակներում: Առայսօր սարքավորումներ կամ անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ երաժշտական գործիքներ եւ ձայնային սարքավորումներ, ձեռագրերի վերականգնման սարքավորումներ՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանին», ձայնային սարքավորումներ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին եւ Կ. Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնին: