Ամանորի այս տարվա ծրագիրը նախորդներից կտարբերվի տոնածառի ձեւավորմամբ ու լույսերի առատությամբ: Երեկվա ասուլիսում տոնական մանրամասներին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանն ու Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արմեն Հարությունյանը: Տոնական ծրագրի մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակում. Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 25-ին, ժամը 18-ին կվառի գլխավոր տոնածառի լույսերը: Հաշվի առնելով, որ երեւանցիները դեկտեմբերի 31-ի գիշերը նախընտրում են տանն անցկացնել, որոշվել է այդ օրը համերգ չկազմակերպել ու սահմանափակվել քաղաքի 15 անկյուններում՝ պայթող հրավառությամբ եւ դիսկոտեկով: Հունվարի 1-12-ը, բացառությամբ 7-ի, Հանրապետության հրապարակում կազմակերպվելու են մանկական միջոցառումներ, շոուներ, տեղադրվելու են հեքիաթային տնակներ՝ Ձմեռ պապ-Ձյունանուշիկ հյուրերով: Հունվարի 13-ին նախատեսված է տոնական համերգ՝ ժամը 22-ից մինչեւ 1-ը:
Եթե նախորդ տարի գլխավոր տոնածառն ունեցել է մոտ 300 խաղալիք, ապա այս տարի՝ 4128 խաղալիք եւ 31200 լուսադիոդային լամպեր: Լուսավորության համար առաջին անգամ կիրառվելու է վիդեոանիմացիա: Սա նորություն է ոչ միայն Հայաստանում. ԱՊՀ-ում այդպիսի տոնածառ տեղադրված է միայն Մոսկվայում՝ կառավարության շենքի դիմաց: