Հայտնի է, որ արվեստի ու գրականության մեծերից ոմանք ինչ-ինչ պատճառներով իրենց ծննդյան օրը նշում են երկու անգամ (Բեթհովեն, Շոպեն, Գյոթե, Շիրազ եւ այլք): Այս դասին է պատկանում նաեւ հայկական խմբերգային արվեստի երախտավոր Հովհաննես Չեքիջյանը: Թեեւ մաեստրոն անձնագրային տվյալներով ծնվել է հունվարի 23-ին, սակայն իրականում 81 տարի առաջ դեկտեմբերի 23-ին է մանկաբարձը «գրանցել» նրա ծնունդը: Չնայած խոսուն տարիքին, արվեստագետն այսօր էլ առույգ է եւ ամուր կանգնած իր «պոստում»՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարի, գլխավոր դիրիժորի պաշտոնում եւ իր հանդիսատեսի հետ: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում երգչախումբն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան «ծննդյան» համերգով, որը կղեկավարի հոբելյարը: