Վաշինգտոնում ձյան աննախադեպ տեղումներից հետո «զանգվածային ձնագնդիկը» տեղի ոստիկաններից մեկի համար ճակատագրական ավարտ է ունեցել: BBC-ի մատուցմամբ, քաղաքի բանուկ փողոցներից մեկում, որտեղ հարյուրավոր մարդիկ աշխուժորեն ձնագնդիկ են խաղացել, մի քանի ձնագնդիկ դիպել է փողոցով անցնող մեքենաներից մեկին: Վերջինիս խիստ զայրացած վարորդը դուրս է եկել մեքենայից եւ փորձել իրեն «նեղացնողների» հետ հաշվիներ պարզել, որի ընթացքում մի պահ գրպանից հանել է ատրճանակը, բայց, բարեբախտաբար, բանը դրա կիրառմանը չի հասել: Փոխարենը՝ միջադեպի ականատեսներից ոմանք այդ պահը նկարել են իրենց բջջային հեռախոսներով, եւ արդյունքում հիշյալ կադրերը հայտնվել են YouTube կայքում:
Պարզվել էր, որ մեքենայի վարորդը ոստիկանության վետերան, 25-ամյա աշխատանքային փորձ ունեցող խուզարկու է եղել, որը մինչեւ այդ պահը աշխատավայրում ունեցել է դրական բնութագիր, իսկ միջադեպի պահին ծառայության մեջ չի եղել: Այդուհանդերձ, Վաշինգտոնի ոստիկանության վարչության պետ Քեթի Լանիերը դետեկտիվի գործողությունները գնահատել է «բացարձակապես անվայել» եւ հայտարարել է, թե ոստիկանը, որի անունը չի հրապարակվում, «ոչ մի դեպքում իրավունք չուներ այդ իրավիճակում իրեն այդպես պահել»: Արդյունքում՝ մինչեւ ներքին հետաքննության ավարտը, ոստիկանից առգրավվել է նրա անվանական վկայանշանն ու ատրճանակը, իսկ ոստիկանը տեղափոխվել է կաբինետային աշխատանքի: Վաշինգտոնի ոստիկանությունում հայտարարել են, թե վատ են զգում այդ ողջ պատմության համար, որովհետեւ տեղի ունեցած միջադեպը իրավապահ մարմինների համար անբարենպաստ ֆոն է ստեղծել: