Երեկ Ալմա-Աթայի հիվանդանոցներից մեկում մահացել է Ղրղըզստանից Ղազախստան ժամանած ընդդիմադիր լրագրող Գենադի Պավլյուկը: Քաղաքի ոստիկանության պաշտոնական տեղեկատվության համաձայն, անհայտ անձինք նրան դուրս էին նետել բազմահարկ շենքի պատուհանից: Լրագրողին, որը Ղազախստանի ֆինանսական մայրաքաղաքը համարվող Ալմա-Աթա էր ժամանել դեռ անցյալ շաբաթ, բնակելի շենքի պատուհանից ցած են նետել կապված ձեռքերով: Նա հիվանդանոց էր տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով եւ կոմայի մեջ:
Reuters-ի մատուցմամբ, Գենադի Պավլյուկը լուսաբանում էր ղրղզական ընդդիմության գործունեությունը եւ պատրաստվում էր հունվարին բացել նոր համացանցային թերթ, որը լինելու էր այդ երկրի սոցիալիստական «Աթա Մեքեն» կուսակցության պաշտոնաթերթը: Այդ կուսակցության առաջնորդը հայտարարել է, թե լրագրողի համար գործնական այցով Բիշքեկից Ալմա-Աթա մեկնելը կանխամտածված ծուղակ է եղել: Նա տեղի ունեցածը որակել է որպես «անհարմար լրագրողներին եւ քաղաքական գործիչներին սարսափեցնելու ակտ»: