Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ առաջիկայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին նամակ է գրելու, որում խնդրելու է քննարկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այլ երկրների կողմից Իրանին հասցված վնասների փոխհատուցման հնարավորության հարցը: BBC-ն, վկայակոչելով իրանական ISNA գործակալությանը, փոխանցում է, որ երկրի նախագահը իր աշխատակազմին հանձնարարել է հաշվել պատերազմի տարիներին Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից իր երկրին հասցված վնասի չափը: Ահմադինեջադի կարծիքով, օտարերկրյա զորքերը Իրան ներխուժելուց հետո նրան մեծ վնաս են հասցրել, նաեւ օգտագործել են այդ երկրի ռեսուրսները:
Նախագահը շեշտել է, որ նախկին Խորհրդային Միությունը, Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո փոխհատուցում են ստացել, մինչդեռ պատերազմի ժամանակ չեզոքության մասին հայտարարած Իրանին եւ նրա տառապյալ ժողովրդին ոչինչ չի տրվել: Ահմադինեջադը ընդգծել է, որ պատերազմից տուժել են տարբեր ժողովուրդներ, բայց միայն որոշ պետություններ են կարողացել նյութական եւ քաղաքական դիվիդենդներ կորզել դրանից, իսկ Իրանի ժողովրդի տառապանքները շարունակվել են նաեւ պատերազմի ավարտից հետո: Այսպես, ամերիկացիները 10 տարի անց Իրանում պետական հեղաշրջում են կազմակերպել՝ Իրանի նավթի պաշարներից օգտվելու նպատակով:
Ինչպես հայտնի է դարձել՝ Ահմադինեջադը իր աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է իրավական, տնտեսական, պատմական եւ քաղաքական հարցերով փորձագետների խումբ ձեւավորել, որը կգնահատի Իրանին հասցված վնասի չափը: «Իրանի ժողովրդի իրավունքը վերականգնելու համար պետք է որոշակիացվի փոխհատուցման չափը»,- ասել է Իրանի նախագահը: Նա նաեւ հայտարարել է, թե նրանք, ովքեր հիմա Իրանին մեղադրում են մարդու իրավունքների ոտնահարման մեջ, նախկինում իրենք են ծանր հանցագործություններ կատարել եւ պետք է պատասխանատվություն կրեն պատերազմի, օկուպացիայի եւ սպանությունների համար:
Աղբյուրի փոխանցմամբ, մասնավորապես ռուս փորձագետները կարծում են, որ Ռուսաստանից՝ որպես ԽՍՀՄ-ի ժառանգորդի, փոխհատուցում ստանալու Իրանի շանսերը զրոյական են, իսկ Ահմադինեջադի նախաձեռնությունն էլ, նրանց կարծիքով, որոշակի քարոզչական բնույթ է կրում: