Ինչպես հաղորդում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի տեղեկատվական բաժինը՝ երեկ Ծաղկաձորում կայացել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009-ի» շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքների հայտարարման ու դրամաշնորհների հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի տնօրեն Հարություն Կարապետյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Չարլզ Լաբդելլը, Երեւանի պետական համալսարանի ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի եւ ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամի կողմից սեպտեմբերին հայտարարված երիտասարդ գիտաշխատողների համատեղ մրցույթում հաղթած ծրագրերն ընտրվել են անկախ փորձագիտական համակարգով: Շնորհավորելով մրցույթի արդյունքում դրամաշնորհներ ստացած երիտասարդներին՝ Գիտության պետական կոմիտեի նախագահը նշեց. «Մենք մշակում ենք գիտության երիտասարդացմանն ուղղված ծրագրի նախագիծ, որի բաղկացուցիչ մասն է կազմում նմանատիպ ծրագրերի իրականացումը: ԳԱՏԱՀ-ի եւ ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամի հետ համատեղ հայտարարված ծրագիրը նախատեսված էր միայն ՀՀ ՊՈԱԿ-ներում անհատական կամ խմբային հետազոտական աշխատանքներով զբաղվող մինչեւ 35 տարեկան գիտնականների եւ հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ գիտնականների խմբերի համար: Բացի այդ, համատեղ մրցույթն անցկացվելու էր բնական, ճշգրիտ եւ տեխնիկական գիտությունների բնագավառներում: Այս պատճառով էլ կոմիտեն մրցույթ հայտարարեց նաեւ գիտության մյուս բնագավառների համար, որին կարող էին մասնակցել երիտասարդ գիտաշխատողներ՝ անկախ գիտական կազմակերպության կազմակերպաիրավական ձեւից: Մենք մտադիր ենք ապագայում եւս հայտարարել նմանատիպ համաֆինանսավորվող մրցույթներ»:
Ընդհանուր առմամբ մրցույթներին մասնակցելու համար ներկայացվել էր 116 հայտ: Գիտպետկոմի նախագահ Ս. Հարությունյանը եւ ԳԱՏԱՀ-ի տնօրեն Հ. Կարապետյանը հանձնեցին համատեղ մրցույթի արդյունքում հաղթած 11 անհատական եւ 8 խմբային դրամաշնորհների վկայականները: