Դեկտեմբերի 22-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անչափահասներին պահելու կենտրոնին նվիրել է կրթական եւ վերականգնողական միջոցներ: Ըստ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրանի, Աբովյանի քրեակատարողական հիմնարկին ցուցաբերվող աջակցությունը ՀՀ արդարադատության նախարարությանը Գրասենյակի կողմից ցուցաբերվող աջակցության մասն է՝ ուղղված ազատությունից զրկված անձանց կենսապայմանների բարելավմանը: «Բացի ազատազրկված երիտասարդների կրթության եւ առողջության իրավունքի ապահովման ուղղությամբ կարողությունների զարգացման ու օրենսդրական եւ ընթացակարգային բարելավումների ուղղությամբ տարվող աշխատանքներից, այս կարգի նվիրատվությունը նրանց հնարավորություն կտա ազատազրկման մեջ գտնվելու ընթացքում զբաղվել սպորտով եւ սովորել»,- ասել է նա:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2003թ.-ից սկսած՝ գրասենյակն աջակցություն է ցուցաբերում ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությանը՝ Հայաստանի քրեական արդարադատության համակարգը բարեփոխելու եւ ազատազրկվածների կենսապայմանները բարելավելու հարցում: Հայաստանի քրեակատարողական համակարգի շարունակական բարեփոխումների լույսի ներքո գրասենյակն օգնում է Քրեակատարողական վարչությանը քրեակատարողական հաստատությունների անձնակազմի մասնագիտական կարողությունները ըստ միջազգային չափանիշների ու պրակտիկայի ամրապնդելու համար: ԵԱՀԿ փորձագետն այժմ գնահատում է քրեակատարողական անձնակազմի ուսուցման կարիքները՝ իրավական, սոցիալական եւ հոգեբանական ոլորտներում ուսուցման հետագա նախաձեռնություններն ուղղորդելու համար: