Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը»՝ երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելեց Հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ) եւ ծանոթացավ ՀՎՀ-ի առաջին երկու ուսումնական շրջանների արդյունքներին: ՀՎՀ-ն ստեղծվել է հայկական սփյուռքին մտահոգող կրթական խոչընդոտները հաղթահարելու եւ ողջ հայության համար հայկական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծելու նպատակով: Այն նորագույն լեզվամշակութային ուսումնական ձեռնարկ է, որն աշխարհասփյուռ հայերին հնարավորություն է տալիս ստանալ հայկական կրթություն՝ անկախ իրենց տարիքից, բնակության վայրից ու գիտելիքների մակարդակից: ՀՎՀ-ում ներկայումս ընդգրկված են երեք բաժիններ՝ լեզու, պատմություն եւ մշակույթ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է գիտելիքների տարբեր մակարդակների չորս դասընթացներ: Առաջարկվում է 6 լեզվով դասընթացներ՝ հայերեն (արեւմտահայերեն եւ արեւելահայերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ իսպաներեն:
Հ. Հակոբյանը ՀՎՀ-ի (Armenian Virtual College, www.avc-agbu.org) առցանց ուսուցիչների հետ զրույցի ընթացքում հետաքրքրվեց հատկապես երեխաների համար հայոց լեզվի (արեւմտահայերեն եւ արեւելահայերեն), հայոց պատմության եւ հայկական մշակույթի դասընթացների մատչելիության, դասընթացների աստիճանակարգման, քննությունների անցկացման խնդիրներով: Նա կարեւորեց դասավանդման մեթոդիկայի կատարելագործումը եւ տեսակոնֆերանսային կապի միջոցով ինտերակտիվ դասավանդումը, ինչը, ըստ նրա, կնպաստի հատկապես երեխաների կողմից նյութի յուրացմանը եւ դասընթացների աշխարհագրության ընդլայնմանը՝ այդպիսով փոքրացնելով ուծացման ռիսկերը:
ՀԲԸՄ-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը տեղեկացրեց, որ ՀՎՀ-ի նյութերով հեռավար ուսուցման մեթոդները կիրառվում են Շարժայի (Արաբական Միացյալ Էմիրություններ) հայկական շաբաթօրյա դպրոցում: Նախատեսվում է մոտ ապագայում դրանք օգտագործել նաեւ Ֆրանսիայի հայկական դպրոցներում: ՀՎՀ-ն նախատեսում է սկսել նաեւ դասավանդման ինտերակտիվ եղանակների կիրառումը: Ա. Ղազարյանը նշեց, որ ծրագրվում է ՀՎՀ-ն հավատարմագրել ՀՀ կրթական համակարգում: Նա հավաստեց, որ կրթօջախում նախատեսվում է կիրառել ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով մշակված արեւելահայերեն-արեւմտահայերեն-արեւելահայերեն փոխարկչի կիրառումը:
ՀՎՀ-ն իր առաջին ուսումնական շրջանն սկսել է 2009թ.-ի հունիսին: Աշնանային ուսումնական շրջանում համալսարանի 134 ուսանողների եւ ունկնդիրների մեջ ամենամեծ բաժինը կազմել են 20-30 տարեկանները: Ուսանողների մեծ մասը ԱՄՆ-ից են, Ֆրանսիայից, Կանադայից եւ Ռուսաստանից: Դասընթացների մասնակիցներից 58-ը սովորում է արեւմտահայերեն, 37-ը՝ արեւելահայերեն, 29-ը՝ հայոց պատմություն, 10-ը՝ հայ մշակույթի, ճարտարապետության պատմություն: Նրանցից 68-ի համար դասընթացն անցկացվում է անգլերեն, 46-ի համար՝ ֆրանսերեն, 8-ական սովորողի համար՝ ռուսերեն եւ իսպաներեն, եւ միայն մեկի դեպքում՝ արեւելահայերեն:
Ընդհանուր առմամբ, www.avc-agbu.org կայքում գրանցվել են այցելուներ 27 երկրից: