ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ամփոփում է կրթության բնագավառի այս տարվա «մինուսներն» ու «պլյուսները»
«Աստված տա ձեր հարցերը լինեն ավելի սուր, նոր խնդիրներին վերաբերող, մեր աշխատանքներն էլ՝ ավելի լավ, որ ավելի երկար եւ համոզիչ փորձեմ ձեզ ապացուցել, որ կրթական համակարգի բոլոր խնդիրները լուծելի են, եւ որքան էլ դժգոհ ենք համակարգից, մենք հպարտանում ենք դրանով». սա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ամանորյա բարեմաղթանքն էր լրագրողներին, որը հնչեց երեկ՝ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Իսկ արդեն նախարարի աշխատասենյակում՝ փոքրիկ ֆուրշետային սեղանի շուրջ բարեմաղթանքների ոլորտը տեղափոխվեց ավելի անկաշկանդ դաշտ. կրթություն լուսաբանող հիմնականում երիտասարդ լրագրողուհիներին նախարարը ցանկացավ անձնական կյանքում բարելավումներ, քանի որ «նախարարները գալիս են ու գնում, իսկ ամուսինները մնայուն են»: Փոքր-ինչ քնարական զեղումից անցում կատարենք կրթական այն մշտամնա խնդիրներին, որոնք քննարկվել են գրեթե բոլոր ԿԳ նախարարների օրոք՝ բուհական համակարգում մրցունակության բարձրացում, ինքնավարության խնդիրներ, լիցենզավորման համակարգ, կրթության որակի ապահովում, հավատարմագրման գործընթաց, գիտության ոլորտի, օրենսդրական բարեփոխումներ եւ այլն: ԿԳ նախարարը նշեց. «Լիցենզավորման կարգը ֆիզիկապես եւ բարոյապես իրեն արդեն սպառել էր. որակի նկատմամբ ունեցած նոր պահանջների ձեւավորման տեսանկյունից պետք էր ընդունել լիցենզավորման նոր կարգ, ինչն իրականացվել է»: 2011-ին սպասվող ճգնաժամային իրավիճակից դուրս գալու մասին էլ ասաց. «Քանի որ դպրոցներում չենք ունենալու շրջանավարտներ, այդ տարի կանգնելու ենք բուհերի, դրանց ամբիոնների պահպանման, ընդունելության կազմակերպման հետ կապված խնդիրների առաջ: Հարցը պիտի փորձենք մեղմել այս տարվանից՝ ընդլայնելով ընդունելության համակարգը եւ թույլ տալով, որ բուհերն ավելի շատ դիմորդներ ընդունեն, բայց միեւնույն ժամանակ պահանջելով, որ ավարտեն արժանավորները»:
Անդրադառնալով գիտության բնագավառին՝ նախարարն ասաց, որ այս տարվա ընթացքում մշակվել եւ ԿԳՆ-ին է ներկայացվել ԳԱԱ-ի մասին օրենքի նախագիծը: Ըստ Ա. Աշոտյանի՝ հաջորդ տարի օրենքն ԱԺ կներկայացվի, որը թույլ կտա պահպանել գիտական պոտենցիալը եւ նշմարել ԳԱԱ-ի համար զարգացման նոր ուղիներ: Նախարարն անդրադարձավ նաեւ իր ղեկավարած գերատեսչության կազմի մեջ մտնող մյուս կառույցներին. «Այս տարի բավականին խորը փոփոխություններ իրականացվել են մասնագիտական կրթության եւ ուսումնառության զարգացման ազգային կենտրոնի իրականացրած գործառույթների ծավալով: Նոր փոխտնօրեն է նշանակվել, որը համակարգում է միջին մասնագիտական ոլորտը: Մյուս ոլորտներում եւս կատարվում են փոփոխություններ, բայց բացթողումներ դեռ մնացել են: Քանի դեռ մրցակցային չէ այն դերակատարությունը, որն ունի Կրթության ազգային ինստիտուտը, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստման առումով, դժվար կլինի լոկ վարչական լծակներով այնտեղ հրահրել հեղափոխական լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Կողմնակից եմ այն մոտեցման, որ, օրինակ, ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կարելի է վերապահել նաեւ մասնավոր կազմակերպություններին. օտար լեզուների, համակարգչային դասընթացների կազմակերպումը եւս տալ մասնավոր ընկերություններին, եթե առաջարկեն ընդունելի գին»:
«Առավոտը» հետաքրքրվեց՝ մարզպետների եւ մարզպետարանների կամայականությունները նվազեցնելու առումով ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ է ԿԳՆ-ն: Նախարարը պատասխանեց. «Միշտ չէ, որ մազպետարանների եւ ԿԳՆ-ի համատեղ աշխատանքը ստացվել է: Բայց այժմ մարզպետների մեծամասնության հետ ես նույն քաղաքական թիմից եմ, եւ մենք պարտավոր ենք իրականացնել նույն քաղաքականությունը: Մյուս երաշխիքը հանրակրթության մասին օրենքի ընդունումն է, որը թուլ է տվել ներմուծել տնօրենների հավաստագրման մեխանիզմը: Դա նշանակում է, որ կադրային քաղաքականությունը կարող է իրականացվել շատ ավել խիստ պայմաններում: Էլի կարող են լինել ցանկալի թեկնածուներ, բայց այդ թեկնածուն պիտի առնվազն տնօրենական մինիմումները հանձնած լինի»: Մեր այն դիտարկմանը, թե նախարար դառնալուց հետո որոշ տհաճ հարցեր են կապվում Արմեն Աշոտյանի անվան հետ, օրինակ՝ որոշ մասնավոր բուհերի փակման ցանկությունը, ուսանողական կրթաթոշակների հանման հարցը, հանրակրթության մասին օրենքում վաղաժամ եւ լավ չհիմնավորված փոփոխությունները, դա չի՞ բերի նախարարի վարկանիշի անկման, պարոն Աշոտյանը պատասխանեց. «Վարկանիշը կարեւորում եմ, բայց ավելի շատ կարեւորում եմ երկարաժամկետ վարկանիշը: Կարճաժամկետ վարկանիշային տեխնոլոգիաների հիանալի տիրապետում եմ, բայց դրանք կիրառելու ցանկություն չունեմ. դրանցից ակնհայտ պոպուլիզմի հոտ է գալիս: Երբեմն ամենալավ դեղը դառն է լինում. ես գիտակցում եմ, որ եթե ուզում ես չքննադատվել, ապա ոչինչ պիտի չանես ու չասես, պարզապես պիտի լինես ոչինչ»: