Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ «ՄԻԱՑՈՒՄ» ԵՎ ՈՉ ԹԵ «ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ»

Դեկտեմբեր 23,2009 00:00

Ինչո՞ւ բանակցություններ Մոսկվայի հետ եւ ոչ թե Բաքվի

\"\"

Արցախի հիմնախնդիրը եղել եւ մնում է հայկական գրավված տարածքների վերականգնման հարց: Հայերը իրենց տարածքները կորցրել են ամեն անգամ, երբ զրկվել են պետականությունից եւ վերադարձրել են կորցրած տարածքները, երբ նորից վերականգնել են իրենց պետականությունը: Այս անվիճելի տարրական ճշմարտության համար կարիք չկա օրինակներ բերել Հայոց պատմությունից:
Կիլիկյան Հայաստանի կորստից հետո հայերը շանս ունեցան վերականգնել իրենց պետականությունը Արեւելյան (Ռուսական) Հայաստանի տարածքներում, երբ Ռուսական կայսրությունը փլուզվեց բոլշեւիկների հակահեղափոխական հեղաշրջման հետեւանքով:
Հայերը մինչ այդ իրենց հարցի ապագան տեսնում էին Արեւմտյան Հայաստանում, բարենորոգումների ծրագրերի իրականացմանը զուգահեռ, այն դեպքում, երբ հետագայում հնարավոր էր հասնել ինքնավարության, եթե ազգի ճակատագրի տնօրինողները ազգային գերխնդիր ընտրեին ոչ թե «հեղափոխությունը»՝ «կամ մենք, կամ նրանք», «մահ կամ ազատություն», «հիմա կամ երբեք» նշանաբաններով, այլ ազգի հարատեւումը, աճը, զարգացումը եւ հզորացումը՝ ամեն գնով: Հայերը մինչեւ վերջ չեն գիտակցում, թե ինչ հարված հասցվեց հայոց վերածննդին, ինչ ահավոր արհավիրք եղավ Մեծ եղեռնը, երբ հայաթափվեց Արեւմտյան Հայաստանը եւ Կիլիկիան: Այդ գիտակցությունը կմնա մշուշապատ, կամքը եւ ոգին՝ թերի եւ անբավարար՝ կատարվածին իրատես գնահատական տալու համար եւ իրական միջոցներ գտնելու նոր սխալներ չգործելու, նոր պարտություններ չկրելու, նոր կորուստներ չտալու, մերօրյա ձեռքբերումները պահպանելու, զարգացնելու եւ հզորացնելու համար, այնքան ժամանակ, մինչեւ նրանք քաջություն ունենան գիտակցելու եւ տեսնելու, որ մեր պարտությունների եւ կորուստների մեջ մենք ունեցել ենք մեր մեղավորության բաժինը:
Հայոց ազգային խորհուրդը, որ ստեղծվեց Ռուսահայերի համաժողովում 1917թ. սեպտեմբերին Թիֆլիսում, նպատակ ուներ հայերի շահերը պաշտպանել միացյալ Անդրկովկասում, որը անբաժան մաս պիտի կազմեր Ռուսաստանի Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետությունում:
Ռուսական նահանգներից ազգային ինքնուրույն պետություններ ստեղծելու անպատեհ հնարավորություն առաջացավ միայն կայսրության փլուզման հետեւանքով եւ ոչ թե իբրեւ ազգային ազատագրական պայքարի արդյունք:
Երբ վրացիները եւ Կովկասի թաթարները իրար մեջ բաժանեցին Անդրկովկասը՝ թուրքերի եւ գերմանացիների աջակցությամբ, հայերին բաժին թողեցին 12 հազար քկմ տարածք:
Բայց երբ Թուրքիան եւ Գերմանիան պարտություն կրեցին Առաջին համաշխարհային պատերազմում, պետականության տեր դարձած հայերին հաջողվեց մինչեւ 1920թ. վերադարձնել ՀՀ հովանու ներքո Արեւելյան Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը՝ Կարսի, Նախիջեւանի, Արցախի, Երեւանի, Զանգեզուրի, Տաշիրի մարզերում: Ավելին, համաձայն 1920թ. օգոստոսի 10-ի Սեւրի դաշնագրի, Հայաստանի իրավասությունները դե-յուրե տարածվում էին ընդհուպ մինչեւ Վանի, Կարինի, Բաղեշի, Տրապեզունդի նահանգները: Այդ տարածքները դե-ֆակտո պահպանելու համար հայերին չհաջողվեց միասնականություն ցուցաբերել, բավարար ուժ ապահովել աշխարհում մնացած հայերի միջոցով դիմադրելու եւ կանխելու թուրքերի եւ բոլշեւիկների միացյալ արշավանքը:
Կարմիր բանակի առաջին արշավանքը 1920 թ. օգոստոսին հայերին հաջողվեց կանգնեցնել: Բոլշեւիկները առաջարկեցին զինադադար, պայմանով, որ Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը ժամանակավոր կերպով օկուպացվում են Կարմիր բանակի կողմից, համաձայն երկու երկրների լիազոր ներկայացուցիչների կողմից 1920 թ. օգոստոսի 10-ի ստորագրված համաձայնագրի, եւ որ այդ տարածքների պատկանելությունը որոշվելու է միայն ՀՀ-ի եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ կնքվելիք պայմանագրով: Այդ պայմանագրի նախագիծը, մշակված երկու երկրների ներկայացուցիչների կողմից, պատրաստ էր 1920 թ. հոկտեմբերի 28-ին: Սակայն պայմանագիրը չկնքվեց եւ հայերին չհաջողվեց կանգնեցնել Կարմիր բանակի հաջորդ հարձակումը, որը ավարտվեց ՀՀ-ի խորհրդայնացմամբ՝ նրա անկախության եւ տարածքների կորստով:
Հայկական պետականության վերականգնման եւ նրա կորցրած տարածքների մասնակի վերադարձման նոր շանս առաջացավ Խորհրդային Միության փլուզումից հետո:
1991թ. սեպտեմբերի 25-ի Հայաստանի Անկախության Հռչակագիրը հիմնված է «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման վրա:
Թե ինչու անտեսելով Հռչակագիրը՝ ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, որով ազատագրված Արցախը դուրս մնաց ՀՀ-ի սահմաններից, հարկավոր է հարցնել ՀՀՇ-ի ղեկավարությունից եւ ոչ միայն նրանցից: Բայց դրան կվերադառնանք հաջորդ անգամ:
Ադրբեջանի իշխանությունները փորձեցին Արցախը վերադարձնել իրենց հսկողության տակ՝ ռազմական գործողությունների միջոցով: Սակայն զրկված լինելով կարմիր Կրեմլի պաշտպանությունից, երբ խորհրդային բանակը հեռացավ տարածքից, Ադրբեջանը պարտություն կրեց իր իսկ կողմից սանձազերծված պատերազմում:
Հայերը ազատագրեցին Կարմիր բանակի կողմից գրավված եւ խորհրդային իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին անօրեն եւ հանցագործ կերպով տրված հայկական տարածքների մի մասը: Հայկական զինված ուժերը խաղաղություն պարտադրեցին ագրեսորին եւ կնքվեց Բիշքեկյան զինադադարի համաձայնագիրը:
Այսպիսով, Ադրբեջանի հետ բանակցություններ կարելի է վարել միայն հարաբերություններ հաստատելու կապակցությամբ, պայմանով, որ նա ընդունի կայացած իրավիճակը իբրեւ անվերականգնելի փաստ եւ հրաժարվի իր անօրեն եւ անիրականանալի պահանջներից եւ սպառնալիքներից:
Ադրբեջանը հայկական տարածքներ չի գրավել: Այդ տարածքները՝ Արցախը եւ Նախիջեւանը, գրավվել են Խորհրդային Ռուսաստանի Կարմիր բանակի կողմից եւ հանցագործ կերպով հանձնվել են Ադրբեջանին՝ 1921թ. Կովբյուրոյի տխրահռչակ անօրեն որոշումներով:
Այդ իսկ պատճառով բանակցություններն անհրաժեշտ է վարել ՌԴ իշխանությունների հետ, որ իրավահաջորդն է Խորհրդային Ռուսաստանի, Խորհրդային Միության, եւ առաջին հերթին մի գլխավոր նպատակով՝ հասնել նրան, որ այդ իշխանությունները դատապարտեն նախկին վարչակարգի հանցագործությունները եւ աջակցեն այդ հանցագործությունների հետեւանքների ուղղմանը:
Հակամարտությունը, այսպես կոչված՝ ղարաբաղյան կոնֆլիկտը սկսվել է ոչ թե 1988-ին, այլ 1921-ին, երբ հայերը պարտություն կրեցին քեմալա-բոլշեւիկյան արշավանքից, երբ ՀՀ-ը բռնի խորհրդայնացվեց, ազատազրկվեց եւ մասնատվեց: Այս իմաստով այդ լոկալ կոնֆլիկտը կարելի է համարել ավարտված՝ այսօրվա վիճակով Արցախի դե-ֆակտո ՀՀ-ին միացումով, Հայաստանի տարածքային մասնակի ամբողջականության վերականգնմամբ, երբ կարելի կլինի դե-յուրե այդ միացումը ընդունելի դարձնել համաշխարհային հանրությանը, առաջին հերթին Մոսկվային, հետո մյուսներին: Ինչո՞ւ սկզբում Մոսկվային: Որովհետեւ Կրեմլի հորինվածքն է հետխորհրդային մինի-կայսրությունների, այդ թվում եւ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» անձեռնմխելիությունը: Մյուսները կրկնօրինակում են Մոսկվային: Պաշտպանում են Լենինի-Ստալինի կողմից, մեծ մասամբ հանցավոր կերպով գծված, խորհրդային սահմանները: Սա աբսուրդ է, հատկապես Արեւմուտքի դիրքերից: Եվ սա բացատրել միայն երկակի ստանդարտի քաղաքականությամբ, պարզունակ է, ինքնարդարացման համար է: Բայց սա մեր, հայերիս հանցանքն է: Ալիեւը, Սահակաշվիլին եւ մյուսները կարողացել են օգտագործել մերօրյա դեռ թույլ եւ խոցելի Ռուսաստանի այդ սխալ կեցվածքը: Այդպիսի կեցվածքը ակնհայտ դարձավ, երբ Կրեմլը վերջապես ճիշտ եւ արդարացի վարվեց, երբ ազատագրեց Աբխազիան եւ Հարավայի Օսեթիան վրացական մինի-կայսրության գերությունից, փաստորեն ուղղելով նախկին տոտալիտար ռեժիմի հանցագործություններից մեկի հետեւանքը, բայց չհաջողեց մինչեւ այսօր դա այդպես ներկայացնել, ինչպես, օրինակ, Արեւմուտքը ներկայացրեց իր դիրքորոշումը Կոսովոյի դեպքում:
Շատերը իներցիայի ուժով համոզված են, որ Ռուսաստանի իշխանությունները ընդունակ չեն դատապարտելու նախորդ ռեժիմի հանցագործությունները եւ աջակցել այդ հանցագործությունների հետեւանքները վերացնելուն: Բայց ժամանակակից իրադարձություններն ապացուցում են հակառակը: Քրիստոնեությանը, դեմոկրատիային, իր ազգային շահերին վերադարձող Ռուսաստանը ավելի մեծ հավանականություն ունի դատապարտելու Լենին-Ստալինյան տոտալիտար ռեժիմի հանցագործությունները, քան այսօրվա Թուրքիան՝ երիտթուրք- քեմալական հանցագործությունները: Չնայած նրան, որ այսօրվա Թուրքիան էլ այն չէ, ինչ երեկ էր: Որովհետեւ աշխարհը փոխվել է, եւ հիմա ավելի արագ են փոփոխությունները ընթանում աշխարհում:
Ռուս դիվանագետները սկսում են ելք փնտրել, երբ նրանց չի հաջողվում արդարացում գտնել՝ համաշխարհային հանրությանը ընդունելի դարձնելու իրենց գործողությունները Վրաստանի նկատմամբ: Նրանք (Լավրովը, Կոսաչովը) արդեն սկսել են խոսել Ստալինի հանցագործությունների մասին, արդարացնելու համար իրենց արարքները Վրաստանի վերաբերյալ: Խորհրդայնացումից մինչեւ վերջ չձերբազատված Ռուսաստանը նույնն է՝ ինչ կլիներ Գերմանիան, եթե գերմանացիները ձերբազատված չլինեին նացիզմից: Նախագահ Մեդվեդեւը լուրջ ծրագրեր է առաջարկում ազգային, առաջադեմ, ազատ, հզոր Ռուսաստանի վերականգնման համար, այնպիսի Ռուսաստանի, որ ռուսները եւ աշխարհը կորցրին, երբ անընդունակ եղան կանգնեցնելու բոլշեւիկների հակահեղափոխական հեղաշրջումը, որ հանգեցրեց Ռուսաստանի կործանմանը, դրա բոլոր հետեւանքներով՝ թե ռուսների, թե աշխարհի շատ ժողովուրդների համար:
Այս դիրքերից դիտված, հայերի վզին փաթաթված «ղարաբաղցիների ինքնորոշումը» իբրեւ միջոց «ղարաբաղյան հակամարտությունից» հաջողակ դուրս գալու համար՝ անհեռանկար է եւ վտանգավոր: Ժամանակն է վերադառնալ ՄԻԱՑՄԱՆ դիրքերին, իրերը իրենց անունով անվանելով, դուրս գալ թշնամու «դաշտում» թույլ պայքար տանելուց (Ադրբեջանը «պատրաստ է տալ ԼՂՀ-ին ամենաբարձր ինքնավարությունը»), հասկանալի եւ ընդունելի դառնալ ինքներս մեզ եւ աշխարհին: Մեր ուժը նաեւ մեր ճշմարտությունն է (ոչ թե պարզունակ խորամանկությունը), մեր կամքը, հավատքը եւ ոգին՝ արժանապատիվ ապրելու համար: Մենք այդ կարողությունը պարտավոր ենք դրսեւորել: Այն, որ ՀՀ իշխանությունները գնում են բանակցությունների Անկարայի հետ՝ առանց նախապայմանների, պահանջներ չեն ներկայացնում Կարսի, Արդահանի, Սուրմալուի, Նախիջեւանի նկատմամբ, որոնք զավթվեցին Հայաստանից խորհրդա-քեմալական ագրեսիայի հետեւանքով, դա պետք է դիտել վերջին զիջումները, որոնց գինը պետք է լինի Արցախի եւ ազատագրված տարածքների դե-յուրե ՎԵՐԱՄԻԱՑՈՒՄԸ մայր հայրենիքի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել