Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԴԵՍԻԱ. ԿՈՐՈՒՍՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Դեկտեմբեր 23,2009 00:00

Տավուշցի Ռուբեն Սիմոնյանը ամեն ինչ անում է, որ Ռուսաստանի հայկական գյուղում հայեցին ու հայկականը վառ մնան:

\"\"
Ռուբեն Սիմոնյանը:

\"\"
Եդեսիայի հայկական եկեղեցին:

\"\"
Եդեսիայի դպրոցում:

Իջեւանցի 71-ամյա գրող, հրապարակախոս, 11 գրքի հեղինակ Ռուբեն Սիմոնյանը պրպտուն բնավորություն ունի: Երիտասարդական ավյունով շրջում է Տավշո մարզում, զննում առեւտրական հին ճանապարհներին գտնվող հուշարձանները: Հետո դուրս գալիս մարզից ու Հայաստանից, հասնում հեռավոր Իրկուտսկ, Ուլան-Ուդե, Չիտա, պեղում արխիվները, որոնք առնչվում են հայությանը: 20 տարի առաջ բացահայտեց հայության մոռացված մի անկյուն՝ Ստավրոպոլի երկրամասի Կուրսկի շրջանի Եդեսիա գյուղը: 1988 թվականի աշնանը ԽՍՀՄ ներքին գործերի մի խումբ աշխատակիցներ գործուղվել են Իջեւան՝ Ադրբեջանից բռնագաղթածների հարցերով: Նրանցից մեկը հայ է ներկայանում: Երբ իջեւանցիները չեն հավատում, ցույց է տալիս անձնագիրը՝ Վիտալի Գուրգենովիչ Կլինչաեւ, ազգությամբ հայ, Ռուսաստանի հայկական մի գյուղից, ուր բնակիչները թուրքերեն բարբառով են խոսում: Այս մասին հայտնի է դառնում Ռուբեն Սիմոնյանին: Հաջորդ տարի՝ 89-ին, եղանակներն անբարենպաստ էին խոտհարքի համար, եւ հանրապետության շրջաններից մեկնում են Ռուսաստան՝ ծղոտ կուտակելու: Իջեւանցիները Ստավրոպոլի երկրամասում էին: «Հայաստան» թերթի թղթակից Ռուբեն Սիմոնյանի համար այդ աշխատանքները լուսաբանելը հարմար առիթ էր Ստավրոպոլի տափաստանի հայկական գյուղը գտնելու համար: Ու նա Նովոպավլովսկ քաղաքից զանգում է Գեւորգիեւսկ քաղաքի ՆԳ վարչություն, ուր աշխատում էր Կլինչաեւը, նրանից իմանում հայկական գյուղի տեղը: «Կուրա (թարգմանաբար՝ չոր) գետի ափով 8կմ ձգվում է Եդեսիան, որի կենտրոնում աչքի զարնեց նորակառույց եռահարկ գեղեցիկ դպրոցը, իսկ քիչ ավելի խորքում՝ ավերված գմբեթներով եկեղեցին, որի պատուհաններից հանկարծ դուրս հորդեցին ահաբեկված հարյուրավոր աղավնիներ: Գյուղի կուսկոմիտեի քարտուղար Վլադիմիր Գավրիլովը (Գաբրիելյան) ինձ առաջնորդեց գյուղի «կենդանի հանրագիտարաններից» մեկի՝ Համազասպ Ղազարյանի մոտ: Ծերունին չէր հավատում աչքերին, ասելով՝ անհավատալի է, Հայաստանից եկել ու հետաքրքրվում են երբեք ուշադրության չարժանացած, հայրենիքից ու Աստծուց մոռացված գյուղով: Պապիկն ինձ հետ, որպես հոգու վայելք, զրուցեց հայերեն, հպարտությամբ ցույց տվեց իր հայերեն գրքերի ժողովածուն, հայրենիքից ստացված թարմ թերթերը, Հայաստանը պատկերող նկարները: Երբ տնեցիները երեւացին, ծերունին, ինձնից ներողություն խնդրելով, նրանց հետ խոսեց մի անծանոթ լեզվով, որոնց մեջ կային ադրբեջաներեն բառեր»,- Եդեսիա իր առաջին այցն է հիշում Ռուբեն Սիմոնյանը:
Մեր զրուցակիցը ուսումնասիրել է գյուղի պատմությունը, պարզել, թե Ստավրոպոլի տափաստանում ինչպես են հայտնվել արցախցիները: 1728թ. հայոց ազատագրական շարժումը մեծ հարված է ստանում. վախճանվում են Եսայի կաթողիկոսը եւ Դավիթ-Բեկը: Ավան յուզբաշին օգնություն է խնդրում Ռուսաստանից: Ռուսական կառավարությանը հաջողվում է համոզել Ավան յուզբաշուն, որ զորքով տեղափոխվի ռուսաց տիրապետության ներքո եւ նա 1729թ. տեղափոխվում է Դերբենդի մոտ, Մուսկուրի գավառ, ուր հայերը հնուց իր վեր բնակվել են: Այստեղ նրանք հայկական 9 գյուղ են հիմնում: 1797թ. գեներալ Զուբովն արշավելով՝ գրավում է Դերբենդը: Նոր կայսրը՝ Պավել Առաջինը, հրամայում է զորքերը ետ քաշել: Տեղի հայերը ռուսաց զորքին մեծ աջակցություն էին ցուցաբերում: Երկյուղելով լեռնական մահմեդականների վերեժխնդրությունից, հայերը ռուսաց իշխանություններից բնակության անվտանգ տարածք են խնդրում: Նրանք Ղզլարի եւ Գեւորգիեւսկի միջեւ ընկած տարածքում գյուղեր են ստեղծում, որոնցից մինչ օրս հայկական շունչը պահպանել են Եդեսիան եւ Ղարաբաղլին՝ Դաղստանի Թարումովսկի շրջանում: 19-րդ դարի վերջին Եդեսիայում, եկեղեցուն կից հայկական դպրոց է բացվում, որը խորհրդային շրջանում արդյունավետ էր գործում: Սակայն Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետ հայերենի մասնագետների բացակայության պատճառով հայկական դպրոցը փակվում է:
Ռուբեն Սիմոնյանը ճակատագրով կապվել է Եդեսիայի հետ: Եդեսիա առաջին այցից հետո նա «Հայաստան» թերթում տպագրում է «Էդիսիա. կորուսյալ աշխարհ» ակնարկը: Գյուղի վերադարձը հայկական արմատներին սկսվում է եկեղեցուց եւ դպրոցից: Խոնարհված Սուրբ Աստվածամոր եկեղեցու վերականգնման նպատակով հանգանակություն է սկսվում, որին իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ Ռուբեն Սիմոնյանը եւ նրա կինը՝ Ֆլորան: Երջանկահիշատակ տիկին Ֆլորան, ով հայերեն լեզվի հմուտ մասնագետ էր, խրախուսում էր ամուսնու ձեռնարկները: Տիկին Ֆլորան այդ նպատակով նվիրաբերել է իր ադամանդակուռ մատանին, իսկ Ռուբեն Սիմոնյանը Եդեսիա է տարել գմբեթների խաչերը, արույրե մեծ զանգը, էջմիածինցի վարպետի կերտած մկրտության ավազանը, խաչքար, Վարդան Մամիկոնյանի պատկերով հուշագորգ եւ Էջմիածնից ստացած «Աստվածամայրը մանկան հետ» նկարը: Հետո համոզել եդեսիացի Եղիազարյան ընտանիքին, որ իրենց Հակոբ որդուն Էջմիածնի ճեմարան ուսման ուղարկեն: Այժմ նա՝ տեր Խաչատուրը ծառայում է համագյուղացիներին: Սիմոնյանը 1990-ին Հրազդանի շրջանի ղեկավարների աջակցությամբ կազմակերպեց եդեսիացի 30 երեխաների ամառային հանգիստը Հանքավանի ճամբարներից մեկում: Մանուկները շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերում, Հրազդանի Սուրբ Հովհաննես եկեղեցում մկրտվեցին: Նույն տարվա աշնանը «Էդիսիյսկի» սովխոզի 25-ամյակի տոնակատարությանը մասնակցեց Հայաստանի մի մանկական ազգագրական համույթ: Եդեսացի Մարինե Սարգսյանը ուսանեց Երեւանի նորաստեղծ մանկավարժական քոլեջում, վերադարձավ հայրենի գյուղ: Հայոց լեզուն Եդեսիայի դպրոցում այժմ ուսանում են 1-8-րդ դասարաններում՝ ֆակուլտատիվ հիմունքներով: Այս գործին հետամուտ են դպրոցի տնօրեն Մարգարիտա Հարությունյանը եւ մի քանի տարի առաջ Եդեսիայում բնակություն հաստատած հայոց լեզվի ուսուցչուհի Կարինե Բաղդասարյանը: Ռուբեն Սիմոնյանը Եդեսիային եւս մի նվեր մատուցեց. գյուղի հիմնադրման 200-ամյակին՝ 1998թ. հայերեն ու ռուսերեն հրատարակեց «Եդեսիա» գիրքը, ուր գյուղի պատմությունն է, բնակիչները, նրանց սովորույթները եւ հետաքրքիր պատմություններ:
Գյուղն այժմ 6500 բնակիչ ունի: 20 տարում մոտ 20 անգամ Ռուբեն Սիմոնյանը Եդեսիա է այցելել: Դառնությամբ է հիշում, թե ինչպես «խառնակ օրերին» Մինվոդիի օդանավակայանում, ոստիկանների աչքի առաջ թալանեցին իրեն, Վրաստանի քաղաքացիական կռիվների թոհուբոհի մեջ էլ կորավ իր եւ կնոջ ընծա հսկա ջահը, որ պիտի զարդարեր Եդեսիայի եկեղեցու դահլիճը: Այս տարվա հունիսի 28-ին Ռուբեն Սիմոնյանը մեծ հուզմունքով եւ խանդավառությամբ Եդեսիայում մասնակցել է 140 րոպե տեւած հայերեն լեզվով միջոցառմանը: «Դուք լալի՞ս եք»,-նրան է դիմել կողքին նստած «Եդեսիա» հ/կ նախագահ Ռաֆայել Գրիգորյանը:
Այս այցից հետո Սիմոնյանը հայաստանցիներին է փոխանցել եդեսիացիների խնդրանքը՝ հայերեն տառերով գոնե մեկ համակարգչային ստեղնաշար ուղարկել իրենց: Այս համեստ խնդրանքին արձագանքել է միայն Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ով 5 ստեղնաշար է նվիրել: Դրանք Սփյուռքի նախարարության միջոցով ուղարկվել են Եդեսիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել