Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՏԱՂԻՍԻ» ԳՈՐԾԸ ԴԵՌ ՁԳՁԳՎՈՒՄ Է

Դեկտեմբեր 23,2009 00:00

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց մեծ աղմուկ հանած գործերից մեկի՝ «Մատաղիսի» դատավարությունը: Այն 1,5 տարի է, ինչ ընթանում է, սակայն այնպիսի տպավորություն է, որ ոչ սկիզբ ունի, ոչ ավարտ: Եվ իրականում դժվար է կողմնորոշվել, թե ովքե՞ր են ԼՂ Մատաղիս գյուղի զորամասում 2003թ. դեկտեմբերի 24-ին կատարված սպանության հեղինակները: Հիշեցնենք, որ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ մեղադրվում են 24-ամյա զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը եւ Արայիկ Զալյանը, որոնց սպառնում է 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: Այդպես էլ դատարան չներկայացավ գլխավոր վկան՝ զորամասի հրամանատար Իվան Գրիգորյանը, որին եւ կասկածում են մարդասպանության մեջ: Երեկ դատարանը լսեց ամբաստանյալ Արայիկ Զալյանին, ով նկարագրեց, թե նախաքննական մարմինը ինչպիսի խոշտանգումների է ենթարկել իրեն վերոհիշյալ զինվորների սպանությունը իր վրա բարդելու համար (հիշեցնենք, որ զինդատախազը Գագիկ Ջհանգիրյանն էր- խմբ.): «Ինձ սեռական բնույթի սպառնալիքներ չեն տվել, բայց ամեն վայրկյան ասում էին՝ քեզ կփչացնենք, կոչնչացնենք, եթե չասես, որ դու ես սպանել»: Ա. Զալյանը նաեւ պատմեց, թե ինչպես է կատարվել իր եւ Ռազմիկ Սարգսյանի առերեսումը: Ըստ նրա, երբ Ռազմիկին ներս են բերել, դեմքը ծեծից այնպես է ձեւափոխված եղել, որ ինքը նրան չի ճանաչել: Երբ վերջինս վախեցած ասել է՝ Արայիկ, մենք ենք սպանել, պիտի խոստովանենք, Արայիկ Զալյանը հայհոյել է Ռազմիկին: Զալյանին քննիչը ծեծելով դուրս է հանել: «Դու քեզ մեղավոր ճանաչու՞մ ես»,- հարցրեց մեղադրողը: «Էնքանով եմ մեղավոր, որ գնացել եմ ծառայելու Հայոց բանակում»,- ասաց ամբաստանյալը: Մեղադրողի այն հարցին, թե ո՞վ կլինի մարդասպանը, Զալյանը պատասխանեց. «Ես 6 տարիների ընթացքում մտածել եմ, որ, ամենայն հավանականությամբ, Իվան Գրիգորյանը կլինի, թեեւ եթե դատախազությունը չի կարող պարզել, ես որտեղի՞ց պարզեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել