Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրիում կենդանի մարդու են այրել

Դեկտեմբեր 23,2009 00:00

Գյումրիի քաղաքապետարանի հավաքարարներն էին

Մարդուն կենդանի վառելը Գյումրիի պատմության մեջ չլսված դեպք էր: Գյումրեցիները սկսել են անհանգստանալ, որ իրենց հյուրընկալ քաղաքում ինկվիզիցիայի ժամանակաշրջանն է վերադառնում: Հունիսի 12-ին քաղաքի կենտրոնական փողոցներն ավլող 21-ամյա Անատոլի Բարիչենկովը, 25-ամյա Գեւորգ Գեւորգյանը, 23-ամյա Սարգիս Թադեւոսյանն ու 55-ամյա Հարություն Գեւորգյանը, Բարիչենկովի կնոջ՝ անչափահաս Ալվարդ Թադեւոսյանի «թասիբը քաշելու» նպատակով դաժանորեն «պատժել» են իրենց շրջապատի մարդկանցից մեկին՝ խրոնիկական հարբեցող Սաշիկ Հակոբյանին:
 «Ֆայլաբազարում կանգնող» Սաշիկ Հակոբյանը, փոս փորելու առաջարկ ստանալով, գնացել է Անատոլի Բարիչենկովի տուն՝ նրան եւս աշխատանքի հրավիրելու: Սակայն վերջինս տանը չի եղել: Սաշիկ Հակոբյանն էլ, լինելով անսթափ վիճակում ու օգտվելով առիթից, փորձել է բռնաբարել Անատոլիի անչափահաս կնոջը՝ Ալվարդին: Ըստ կնոջ ցուցմունքների, տուժողն իրեն «քաշպատառ է արել» անկողին, գցել է մահճակալի վրա, եւ բաց է թողել միայն այն ժամանակ, երբ ինքը, հանելով դանակը, սպառնացել է խփել նրան: Ալվարդն այս մասին պատմել է ամուսնուն, որն էլ «խորհրդատվության» է կանչել աներձագին՝ Սարգիս Թադեւոսյանին: Վերջինս էլ իր հերթին օգնության է կանչել ընկերոջը՝ Գեւորգ Գեւորգյանին: Ըստ գործի նյութերի, նրանց է միացել նաեւ Բարիչենկովի խորթ հայրը՝ Հարություն Գեւորգյանը: Ինչպես պարզվեց մինչեւ վերջերս ընթացող դատավարության ժամանակ, Անատոլի Բարիչենկովի մայրը ժամանակին սիրային կապ է ունեցել նաեւ տուժողի՝ Սաշիկ Հակոբյանի հետ: Նա հավաքարար է, հարբեցող, ազգությամբ հայ է:
Հավաքվելով Բարիչենկովի տնակում՝ նրանք հրավիրում են Սաշիկ Հակոբյանին ու հաշիվ պահանջում նրանից: Ըստ գործի նյութերի, վերջինս հայտարարում է. «Լավ եմ արել, էլի պիտի անեմ»: Վիճաբանությունը թեժանում է ու երբեմնի ընկերները, տուժողին տանելով Պոլիտեխնիկ ինստիտուտի մոտ գտնվող բլրակը, մի լավ «դնգստում» են նրան: Գցում են գետնին, ոտքով հարվածում մարմնին՝ այնքան ժամանակ, մինչեւ անշարժանում է: Ի դեպ, Բարիչենկովի խորթ հայրը՝ Հարություն Գեւորգյանը, կեսից թողել եւ հեռացել է, իսկ մնացած 3-ը մոտ 15 րոպե դաժանաբար վրեժ են լուծել: Տեսնելով, որ Սաշիկ Հակոբյանն անշարժացել է, երիտասարդներին թվացել է, թե նա մեռել է: Նրանք որոշում են դիակը այրել, թաքցնել հանցագործության հետքերը: Ա. Բարիչենկովի ասելով, ինքը ստուգել է տուժողի զարկերակը, ականջը մոտեցրել զարկերակին, սակայն զարկը չլսելով՝ համոզվել է, որ իր զոհը այլեւս չկա: Այնուհետեւ տնից ծածկոց է բերել, զոհին փաթաթել ու տեղափոխել են Պոլիտեխնիկ ինստիտուտի հին, քանդված շենք: Ու գիշերը վառել են: Բարիչենկովը դատարանին հպարտ-հպարտ պատմում էր, թե ինչպես է դյուրավառ նյութը՝ նավթը տնից բերել: Սակայն դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ Ս. Հակոբյանի մահը վրա է հասել այրվածքից, այսինքն՝ նա ծեծից հետո ուշաթափվել է եւ նրան վառել են կենդանի վիճակում: «Այրվածքներից առաջացած շոկ». այսպիսին է մահվան պաշտոնական վարկածը: Նախաքննական մարմինը նրանց դեմ քրեական գործ էր հարուցել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, այն է՝ խմբի կողմից սպանություն կատարելու, մարդուն ապօրինի կյանքից զրկելու համար, սակայն այրելուն իրավական գնահատական չէր տվել:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող դատավոր Էդիկ Մանուկյանի գլխավորությամբ, վերաորակավորեց նրանց արարքը: Նախորդ օրը հնչեց դատավճիռը. «Դատարանը քննարկելով եւ գնահատելով գործով հավաքված ապացույցները՝ գտավ, որ նախաքննական մարմնի կողմից այդ ապացույցներին տրվել է ոչ ճիշտ իրավական գնահատական, քանի որ մեղադրանքով ընդունված է, որ Ս. Հակոբյանի մահվան պատճառը այրվածքներից առաջացած շոկն է, որով հաստատվել է նաեւ, որ չնայած Հակոբյանին ապօրինի կյանքից զրկելու Բարիչենկովի, Թադեւոսյանի եւ Գեւորգյանի համատեղ գործողություններին, իրենցից անկախ պատճառներով չեն կարողացել իրականացնել, եւ տուժողի ուշագնաց վիճակը ենթադրելով որպես մահ, որոշել են կատարած հանցագործությունը թաքցնել, ըստ իրենց, դիակն այրելու միջոցով, որի ժամանակ էլ անզգուշությամբ Ս. Հակոբյանին մահ են պատճառել: Ուստիեւ դատարանը նրանց գործողությունները վերաորակավորում է որպես խմբի կողմից կատարված սպանության հանցափորձ, միաժամանակ մեղադրում է նրանց անզգուշությամբ մահ պատճառելու գործողությունների համար»: Դատարանը վճռեց Բարիչենկովին, Թադեւոսյանին դատապարտել 12 տարի ազատազրկման, Գեւորգ Գեւորգյանին՝ 10 տարի, իսկ խորթ հորը՝ Հարություն Գեւորգյանին՝ 2 տարի ազատազրկման: Վերջինս հանցանքի վայրից հեռացել էր միջին աստիճանի ծանր վնասվածքներ հասցնելուց հետո: Բարիչենկովը եւ Թադեւոսյանը, այսինքն՝ փեսան ու աներձագը մինչեւ վերջ չընդունեցին իրենց հանցանքը՝ պնդելով, որ շատ լավ էլ արել են, տղամարդավարի վրեժ են լուծել, իսկ Հարություն Գեւորգյանն ու Գեւորգ Գեւորգյանը ընդունեցին իրենց հանցանքը, հետեւաբար դատարանն էլ նրանց նկատմամբ մեղմ վարվեց: Տեղեկացնենք, որ բռնաբարության համար Սաշիկ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է՝ նրա մահվան պատճառով: Իսկ դատարանը որոշում կայացնելիս հաշվի է առել նաեւ տուժողի անօրինական գործողությունները, լկտի վարքը: Հավելենք նաեւ, որ Ալվարդ Թադեւոսյանը ամուսնալուծվել էր Բարիչենկովից ու չնայած անչափահաս լինելուն, հասցրել էր նորից ամուսնանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել