Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԿՑԻԱ ԷՐ՝ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 23,2009 00:00

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը վնասվածք է ստացել պատերի ետեւում

\"\"

Երեկ «Առավոտը» տեղեկացրել էր, որ Մհեր Ենոքյանը փորձել է ինքնասպան լինել՝ դանակ խրելով կոկորդը, երբ նրան փորձել են բերման ենթարկել:
 Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն իր ծնողներին՝ Վարդուհի Օհանյանին եւ Դավիթ Ենոքյանին հանդիպել էր այս տարվա սեպտեմբերին: Կարճ տեսակցությամբ: Ցմահ ազատազրկման դատապարտվածներն իրավունք ունեն տարվա մեջ 3 կարճատեւ եւ 1 երկարատեւ տեսակցության:
Բժիշկների ընտանիքի զավակ Մհերը բժշկականի 4-րդ կուրսի ուսանող էր, երբ դատապարտվեց մահապատժի, որը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: 13 տարի 5 ամիս նա ազատազրկված է: 13 000 ստորագրություն հավաքվեց ցմահ ազատազրկվածների պատիժը ավելի հումանիտար պատժաչափով փոխելու համար, սակայն մնաց անհետեւանք:
Մհերի մոր՝ Վարդուհի Օհանյանի կարծիքով, 21 օր առաջ «Նուբարաշենի» մեկուսարանից իր որդու կատարած փախուստը «ակցիա էր իրավական աշխարհի քար անտարբերության դեմ: Մհերը ուզում էր, որ իր երկհատորանոց քրեական գործը վերանայվեր: Հատկապես՝ պատժաչափի մասով»:
Տիկին Վարդուհին ասաց նաեւ, որ Մհերը ծանր վիճակում պառկած է: Նրան քթից ստամոքս՝ զոնդով կերակրում են: Դիմել է, որ որպես ծնող թույլ տան տեսնել որդուն, հրավիրեն նեղ մասնագետի, սակայն քրեակատարողականի վարչակազմը պատճառաբանել է, որ դրա անհրաժեշտությունը չկա:
«Ես շատ հարցեր ունեմ: Ինչպե՞ս է, որ նա բռնվել է քաղաքի կենտրոնում: Բռնելու պահին եթե խուզարկել են որդուս, ապա հայտնաբերած կլինեին իրը, որով վնասել է իրեն: Եթե խուզարկել են ու չի եղել, նշանակում է իմ որդին կտրել է կոկորդը հարցաքննության ժամանակ: Պատերի ետեւում: Ո՞ւմ էր դա ձեռնտու: Ինչո՞ւ է փորձել ինքնասպան լինել: Մանավանդ որ, փախուստից հետո ոչ մեկին վնաս չի տվել եւ որեւէ հանցագործություն չի կատարել»,- ասում է Մհերի բժշկուհի մայրը: Նա հավելեց, որ իր որդին չէր զբաղվում քաղաքականությամբ: Տիկին Վարդուհին նշեց, որ թույլ չեն տվել անգամ «մահամերձ վիճակում գտնվող որդու պատգարակը տեսնել»:
Նա ասաց, որ մտադիր է դիմել երկրի նախագահին. «Մնում է նամակ գրեմ, նամակով հաղորդակցվեմ»:
Դեկտեմբերի 26-ին Մհեր Ենոքյանը կդառնա 34 տարեկան:
Ի դեպ, Մհերն ու նրա հետ փախուստի դիմած Սողոմոն Քոչարյանը գտնվել են նույն խցում, ինչպես Գորիսում, այնպես էլ Նուբարաշենի մեկուսարանում: Գորիսի փախուստը նրանց վրա նստեց 7 տարվա ազատազրկում՝ գումարած ցմահ պատժաչափին: Տեսնես այս փախուստը ինչքան կգումարվի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել