Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ողջ տարին՝ գյուղացու կողքին

Դեկտեմբեր 23,2009 00:00

\"\"Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը տարվա ընթացքում իր գերատեսչության կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսը սկսեց իր պատվին նկարահանած հատուկ ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմում ամենայն մանրամասնությամբ ներկայացվում էր տարվա ընթացքում նախարարի՝ հեռավոր գյուղեր կատարած այցելությունները, նրա սրտացավ վերաբերմունքը գյուղացու դարդ ու ցավի հանդեպ: Նախընտրական գովազդ հիշեցնող ֆիլմից հետո, նախարարը շարունակեց իր գործունեության այլ մանրամասները, հիմնականում՝ ձեռքբերումները ներկայացնել բանավոր կերպով. «Ամենակարեւոր ձեռքբերումներից են՝ ՀՀ-ում սերմնաբուծության, տոհմային անասնաբուծության զարգացումը, մեքենատրակտորային կայանների կայացումը եւ հակակարկտային մեխանիզմների համակարգի ներդրումը»: Պարոն Ալավերդյանը դժվարացավ ներկայացնել տարվա բացթողումները. «Իմ առջեւ նպատակ էի դրել, որ այս տարի գոնե մի 5000 տոննա սերմ ներկրեինք ու զարգացնեինք սերմնաբուծությունը, ինչը մեզ չհաջողվեց, բայց ի լուր բոլորին ասեմ, որ այդ հարցը լուծված է, առաջիկայում այն որպես նվեր ենք ներկրելու»: Տարվա գործունեությունն ամփոփելով, նախարարն ասաց, որ այս տարի անկում են արձանագրել ցորենի արտադրության ոլորտում. 415,4 հազար տոննայի փոխարեն այս տարի ստացել են 373 հազար տոննա: Կարտոֆիլի արտադրությունը, նախորդ տարվա 648,6 հազարի փոխարեն, կազմել է 594 հազար տոննա. «Մոտ 2000 հեկտար պակաս ենք ցանել, քան՝ նախորդ տարի, քանի որ կարտոֆիլի իրացման հետ կապված խնդիրներ կան»: Գյուղատնտեսության նախարարությունում նվազում են արձանագրել նաեւ բանջարանոցային մշակաբույսերի արտադրության ոլորտում: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է խաղողի, պտուղների եւ հատապտուղների արտադրությունը: 900-ով ավելացել է նաեւ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը: Գ. Ալավերդյանը կարեւորեց նաեւ Ախուրյանում շաքարի նոր գործարանի կառուցման ծրագիրը: Նախարարի խոսքով, գործարանում հնարավոր է օրական մթերել ավելի քան 54 հազար տոննա շաքարի ճակնդեղ եւ արտադրել տարեկան 250 հազար տոննա շաքար:
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը՝ գյուղնախարարը նշեց, որ լուրջ ակնկալիքներ ունի դրա հետ կապված եւ համոզված է, որ այն կնպաստի ապրանքատեսակների ինքնարժեքի նվազմանը՝ մոտ 30%-ով: Գ. Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Ամանորը, նախորդ տարիների պես, կդիմավորի տանը՝ հարազատների հետ: Ծագումով սյունեցի նախարարը հունվարի 5-ին կմեկնի նաեւ Սյունիք՝ ազգականներին շնորհավորելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել