Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աբովյանի մուտքը՝ միայն քաղաքապետի ավտոբուսներով

Դեկտեմբեր 23,2009 00:00

\"\"Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը հրահանգել է, որ աբովյանցիները քաղաք մտնեն միայն իրեն
պատկանող «Բոգդաններով»:

Դեկտեմբերի 14-ից Երեւանից Աբովյան մեկնող երթուղայիններն այլեւս չեն մտնում Աբովյան: Քաղաք չհասած՝ դրանք կայանում են խորհրդային ժամանակաշրջանում որպես ավտոկայարան ծառայած վայրում, որը քաղաքի բնակելի մասից բավականին հեռու է: Նման կարգադրություն է արել Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը: Նշված երթուղին սպասարկող թիվ 267, 261, 262, 259 երթուղայիններից օգտվող քաղաքացիները պետք է ավտոկայարանից եւս մեկ տրանսպորտ նստեն, որ կարողանան հասնել իրենց ուզած վայրը: Իսկ այդ ավտոբուսները, որոնք աբովյանցիներին պետք է հասցնեն քաղաք, քաղաքապետի սեփականությունն են: Վերջինս էլ Աբովյան-Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսներին արգելել է մտնել Աբովյան՝ բնականաբար ելնելով սեփական բիզնեսի շահերից:
Այս հրահանգը շատ է զայրացրել աբովյանցիներին: Նրանց զայրացել է այն, որ պետք է 2 տրանսպորտով հասնեն քաղաք, լրացուցիչ վճարեն ու ավելորդ ժամանակ ծախսեն: «Մինչեւ ավտոկայարան հասնող երթուղայիններին պետք է 200 դրամ վճարենք, չնայած դրանք քաղաք էլ չեն հասնում, այնտեղից պիտի ավտոբուս նստենք, որի համար եւս 50 դրամ պետք է վճարենք: Նախկինում մենք Աբովյանից ռայկոմ հասնում էինք ամենաշատը 20 րոպեում, իսկ Երեւանի կենտրոն՝ 30 րոպեում, հիմա այդ նույն տարածության համար մոտ 1 ժամ ենք ծախսում: Մեր քաղաքում երթուղայիններից օգտվում է բնակչության 90%-ից ավելին: Դեռ լավ է, որ եղանակները չեն վատացել, թե չէ սառնամանիքներին ստիպված էինք լինելու ժամերով մնալ կանգառներում»,- «Առավոտին» դժգոհեցին մի քանի աբովյանցիներ: Նրանց համոզմամբ, երթուղայինների վերջին կանգառում գտնվող ավտոկայարանը բավականին ամայի վայրում է. «Առաջ եթե այդտեղ մարդ սպանեին, ոչ ոք չէր իմանա: Հիմա էլ գրեթե բան չի փոխվել, բայց ստիպված պետք է հարմարվենք խուլ վայրերում տրանսպորտի սպասելուն: Մի խոսքով, մեզ մոտ ուղղակի մոնոպոլիա է: Ստեղծված իրավիճակի պատճառով մարդիկ ստիպված են լինում հաճախ տաքսիներից օգտվել, որտեղ նույնպես նմանատիպ իրավիճակ է: Եթե մեր քաղաքացիներից ոմանք նոր տաքսի ծառայություն են ցանկանում բացել, թույլտվություն չեն կարողանում ստանալ»: Մեզ դիմած քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ խնդրի առնչությամբ դիմել է տրանսպորտի եւ կապի նախարարություն, Կոտայքի մարզպետարան, սակայն իրենց խորհուրդ են տվել դիմել Աբովյանի քաղաքապետարան եւ ավելացրել, որ քաղաքապետը իրավասու է նման որոշումներ կայացնել:
Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ Աբովյանի քաղաքապետարանից, սակայն երեկ ողջ օրվա ընթացքում քաղաքապետարանի մի քանի հեռախոսահամարներից ոչ մեկը չէր պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել