Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ՔԵԶ, ԱՂԱ ՋԱՆ»

Դեկտեմբեր 23,2009 00:00

\"\"Հաճախ վստահեցնում են պաշտոնյաներն իրենց վերադասին, սակայն երբ
բանը հասնում է իսկապես «ծառայելուն», խոստումն ուրանում են:

Սյունիքի մարզի Ագարակ եւ Մեղրի քաղաքների բնակիչների վրա հեղուկ գազը, ի տարբերություն Երեւանի բնակիչների, կրկնակի թանկ է նստում: Սա այն դեպքում, երբ Իրան-Հայաստան գազատարը անցնում է, ինչպես բնակիչներն են ասում, իրենց քթի տակով. «Գազը տանում-հասցնում են Երեւան, հետո նոր մեքենաներով բերում են մեզ մոտ ու թանկ վաճառում»: Խնդրին լուծում տալու համար Մեղրու տարածաշրջանի բնակիչները բազմիցս դիմել են բարձրաստիճան պաշտոնյաներին:
«Առավոտը» նույնպես բազմիցս անդրադարձել է այս խնդրին: ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը խոստացել էր միջոցներ ձեռնարկել: Դեռեւս հունիս ամսին փոխվարչապետը հանձնարարականներ էր տվել մի շարք պաշտոնյաների, որպեսզի այդ խնդրով զբաղվեն: Վերջերս «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը գրավոր դիմել է կառավարությանը՝ տեղեկանալու, թե ինչ փուլում է Ագարակում եւ Մեղրիում հեղուկ գազի վաճառքը կազմակերպելու գործընթացը: Կառավարությունից տիկին Բախշյանին ուղարկել են փաստաթղթերի փաթեթ, ինչի համար պատգամավորը, իր իսկ խոսքերով, շատ ուրախացել էր, սակայն այդ ուրախությունը կարճ տեւեց: Փոխվարչապետը պատգամավորին է ուղարկել Սյունիքի մարզպետի, էներգետիկայի նախարարի, Պետեկամուտների կոմիտեի նախագահի, Ագարակի, Մեղրու քաղաքապետերի եւ «Պարզ ջուր» ՍՊԸ-ի պատասխանները, որով նրանք հայտնում են, որ պատրաստակամ են կազմակերպել հեղուկ գազի վաճառքը: «Պարզ ջուրը» գրավոր հայտնել է, որ իրենք ունեն հնարավորություններ Ագարակում պահեստավորել 20 տոննա հեղուկ գազ, իսկ Մեղրիի քաղաքապետարանն էլ տեղեկացրել է, որ իրենց մոտ առկա է 20 տոննայանոց հեղուկ գազի պահեստարան, կարող են առանց վարձավճարի տարածք տրամադրել ավտոցիստեռների կայանման համար: Պետեկամուտների կոմիտեն վստահեցրել է, որ իրենց իրավասության սահմաններում կաջակցեն անմիջապես ներմուծողների կողմից Մեղրու եւ Ագարակի տարածքում հեղուկ գազի մանրածախ վաճառքին: Այս խոստումները վերոնշյալ կառույցների պատասխանատուները տվել են մի քանի ամիս առաջ, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում տիկին Բախշյանը հարց բարձրացրեց. «Քանի՞ գլուխ ունեն քաղաքապետերը, մարզպետերը, պետեկամուտների կոմիտեի պատասխանատուներն ու այլ պաշտոնյաներ, որ իրենց վերադասին թղթով ասում են՝ կանենք ձեր հանձնարարությունը ու չեն անում: Ինչո՞վ է սա պայմանավորված: Նրանք ընդդիմություն չեն, հարյուր տեսակ երդում են տվել՝ պատրաստ ենք ծառայել քեզ, աղա ջան: Այդ ի՞նչ տեսակի այլ ծառայություններ են մատուցում, որ կարող են վերադասին չենթարկվել ու մնալ իրենց պաշտոնում: Եթե ի պաշտոնե չեն ծառայում ժողովրդին, այս պահին գոնե ծառայեն փոխվարչապետին: Կառավարության ղեկավարները չե՞ն վիրավորվում, որ ենթակաները իրենց հանձնարարությունը չեն կատարում»: Պատգամավորի խոսքերով. «Երբ առաջին անգամ վարչապետը ԱԺ-ում ելույթ ունեցավ եւ իր խոսքն ավարտեց Ներսես Շնորհալու աղոթքով, ես մեծ հավատքով լցվեցի նրա հանդեպ, սակայն շուտով կրկին հուսախաբ եղա: Հարգելի վարչապետ, ձեր կառավարությունում չեն կիսում ձեր գործելակերպը: Պահանջում ենք կարգի հրավիրել ձեր ենթականերին: Ես գիտեմ, որ ընտրությունների ժամանակ այդ մանր պաշտոնյաները իրենց բոլոր մեղքերը կքավեն: Բայց դա կլինի ավելի ստրկացուցիչ պայման, եւ արդյունքում մենք էլի կգլորվենք փոսը: Որոշ դրական բաներ անում են, ում վրա կարողանում են ազդել՝ աշխատեցնում են, կամ պատժում, բայց կան մարդիկ, որոնք հեծնել են այս իշխանության ուսերին, հեծնել են՝ բավական չէ, մտրակն էլ իրենց ձեռքում է: Որովհետեւ ընտրություններին ինչ ասես՝ արել են, ու հիմա ազատ են իրենց վարքագծում: Փոխվարչապետը Ագարակի գազի խնդրի վերաբերյալ գեղեցիկ պատասխան է ինձ գրել, ասացի՝ կեցցես, բայց կարդացի, հետքերով գնացի, տեսա, որ բան չեն արել»:
Փոխվարչապետի փոխարեն, պատգամավորը խոստում տված բոլոր պաշտոնյաներին նամակ է ուղարկել՝ պարզելու, թե ինչու չեն կատարում Ա. Գեւորգյանի հանձնարարությունը, բայց պատասխան չի ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել