Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճգնաժամը լավ է ազդել

Դեկտեմբեր 23,2009 00:00

Նախագահի վերահսկողական ծառայությունը ընդերքօգտագործման ոլորտում մի շարք չարաշահումներ էր նկատել, որի համար որոշ հանքարդյունահանողներ պետք է պատժամիջոցներ կրեն: Այս առնչությամբ երեկ հրավիրած տարեվերջյան ասուլիսում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, արդարացրեց հանքարդյունահանողներին՝ ասելով, որ օրենսդրությունն է չափազանց անկատար, դրա համար էլ նման խնդիրներ են առաջացել. «Կան դեպքեր, երբ մարդիկ կարողացել են մի քանի մրցույթների մասնակցել եւ միանգամից մի քանի հանքերի տեր դառնալ, իսկ սա օրենսդրության բացերից է»:
Հարցին՝ մյուս տարի էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանա՞ն, պարոն Մովսիսյանը պատասխանեց, որ ՌԴ-ն հիմա հաշվարկում է գազի գինը, որը, բնականաբար, ազդեցություն կունենա Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների վրա. «Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որ էլեկտրաէներգիայի սակագները 2010-ին չբարձրանան»: Նախարարը վստահեցրեց, որ չնայած տարեսկզբին ցեմենտի գործարանները, հանքարդյունաբերությունը եւ քիմիական արդյունաբերությունը չէին աշխատում, բայց հետո դրանք այնպիսի թափ են հավաքել, որ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները. «Ճգնաժամի հետ կապված էներգետիկայի ոլորտում որեւէ ծրագիր չի սառեցվել, որոշ պլաններ դանդաղեցվել են միայն Իրանի ներքաղաքական իրավիճակի պատճառով»:
Իրան-Հայաստան գազատարը վաղուց շահագործվում է, բայց իրանական կողմը դժգոհում է, որ Հայաստանը գազի անհրաժեշտ քանակություն չի վերցնում: Այս առնչությամբ Ա. Մովսիսյանն ասաց, որ Հայաստան մտնում է այնքան իրանական գազ, որքան անհրաժեշտ է. «Մենք խախտում չենք արել եւ տույժ-տուգանքներ չենք ունենա»:
Նախարարը նաեւ ասաց, որ եթե Թուրքիայի սահմանը բացվի, էներգետիկ անվտանգության հետ կապված պրոբլեմներ չեն առաջանա, ինչպես մտահոգվում են շատ տնտեսագետներ. «Թուրքիայի շուկան մեզ համար հետաքրքիր շուկա է, եւ մենք շահագրգռված ենք, որ սահմանները բացվեն: Էներգետիկան այն ոլորտն է, որ ինչքան մենք ինտեգրվենք հարեւան երկրների հետ, աշխարհագրությունը մեծացնենք, այնքան լավ»:
2009-ի ամենամեծ ձեռքբերումը էներգետիկայի համար Երեւանի ՋԷԿ-ի տարածքում նոր գազատուրբինի շինաշխատանքների ավարտն էր եւ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մեկնարկային աշխատանքները: Նախնական գնահատմամբ՝ նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ է մոտ 4 մլրդ դոլար: Լրագրողների հարցին՝ որտեղի՞ց եք ճարելու այդ մեծ գումարը՝ Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Մենք արդեն հայտարարել ենք, որ ցանկացած երկիր կամ անհատ գործարարներ, ովքեր կցանկանան մասնակից լինել, կարող են միջոցներ տրամադրել ու բիզնես անել: Ատոմակայանը շահույթ հետապնդող ընկերություն է, հետեւաբար, շատերը շահագրգռված կլինեն այնտեղ ներդրումներ անել ու շահույթ ստանալ: Արդեն իսկ բավականին պետություններ հետաքրքրություն են հայտնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել