Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանկատան երեխաներին գցել են դռնեդուռ

Դեկտեմբեր 23,2009 00:00

\"\"Վերահսկիչ պալատի նախագահն առաջարկում է մանկատան երեխաներին գյուղական վայրերից բնակարաններ հատկացնել:

Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի երեկվա նիստին հաջորդած բրիֆինգում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց պալատի հերթական բացահայտումները: Այս անգամ վերահսկողներն ուսումնասիրել են, թե ինչպես են օգտագործվել Պետական գույքի կառավարման վարչությանն ու Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ պետական բյուջեից հատկացված միջոցները: Բացի այդ, Ի. Զաքարյանն անդրադարձավ նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում 2 տարի առաջ կատարած ստուգումներին. խայտառակ բացահայտումների արդյունքում պարզվել էր, որ մանկատան շրջանավարտների համար գնված բնակարաններում ուղղակի անմարդկային պայմաններ են, որոշ դեպքերում էլ գումարները յուրացվել էին, եւ բնակարաններն ընդհանրապես չէին գնվել: Պալատի նախագահը տեղեկացրեց, որ մանկատան երեխաներին բնակարաններով ապահովելու ծրագիրը լրացուցիչ ուսումնասիրել են ու պարզել, որ բյուջեին հասցված 285 մլն դրամից 8 մլն 747 հազարն արդեն վերականգնվել է ու փոխանցվել պետբյուջե, 2 մլն 428 հազարն էլ վերականգնվել է լրացուցիչ կատարողական ակտերով: Իսկ 1 մլն 276 հազար դրամը չարաշահում թույլ տված սուբյեկտները պետբյուջե կփոխանցեն մինչեւ դեկտեմբերի վերջ:
Նշենք, որ մանկատան երեխաներին բնակարաններով ապահովելու ծրագիրն իրականացնում էին «Սոկոլ Գրուպ» եւ «Արիաց Գրուպ» ընկերությունները: Ըստ ՎՊ նախագահի, չարաշահումների առնչությամբ իրենք դիմել են դատախազություն, ինչի արդյունքում 2 քրգործ է հարուցվել եւ պաշտոնյաներ են պատժվել: Հարուցված քրգործերի արդյունքում էլ 295 միլիոն դրամ է վերադարձվել պետբյուջե:
Ընդհանրապես, ՎՊ նախագահը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ մանկատան երեխաների համար բնակարան ապահովելու ծրագիրը համարում է ձախողված: Ի. Զաքարյանի խոսքերով, 2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, մեր երկրում մանկատան 507 շրջանավարտ է հաշվառվել, որից 322-ը անօթեւան է եւ բնակարանի կարիք ունի: Չնայած սրան, այդ երեխաներից բնակարան են ստացել ընդամենը 153-ը, իսկ առաջնահերթ բնակարանի կարիք ունեցող մանկատան սաներից 209-ը անօթեւան է եւ, ըստ ՎՊ ուսումնասիրությունների, այդ երեխաներից 100-ը բնակվում է մանկատներում, չնայած չափահաս են եւ արդեն դուրս են գրվել: Ծրագրի տապալման պատճառով, 40 անօթեւան երեխա էլ պատսպարվում է հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ գործող ժամանակավոր կացարաններում, իսկ 69-ը բնակվում է պատահական վայրերում: Մասնավորապես՝ Ի. Զաքարյանի ներկայացմամբ, մանկատան 20 շրջանավատ բնակվում է այնտեղ որտեղ պատահի. «Այսինքն, եթե տվյալ երեխան աշխատում է շինարարությունում, ու եթե կառուցապատողը թույլ է տալիս՝ հենց այդտեղ էլ ապրում է, 15 երեխա, օրինակ, աշխատում է բենզալցակայաններում եւ հենց այդտեղ էլ ապրում է, քանի որ բնակարան չունի»:
ՎՊ նախագահը վստահեցրեց, որ այս ծրագիրը մշտապես լինելու է ՎՊ-ի ուշադրության կենտրոնում: Ի. Զաքարյանը պատրաստվում է ամանորի տոներից հետո առաջարկով դիմել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին: ՎՊ նախագահը գտնում է, որ մանկատան երեխաներին Երեւան քաղաքի 15-րդ թաղամասում բնակարան հատկացնելու փոխարեն, նպատակահարմար է տուն տալ գյուղական վայրերում, քանի որ. «Բացի այն, որ բնակարանները պետությունը կգնի ավելի մատչելի, կգնի նաեւ հողամաս, այլ անհրաժեշտ իրեր, որպեսզի նրանք լիարժեք ինտեգրվեն համայնքին: 15-րդ թաղամասում տուն ենք տալիս, հետո նրանք որտե՞ղ են աշխատելու, ի՞նչ են անելու»:
Ինչ վերաբերում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, ապա ՎՊ-ն բացահայտել է 267 միլիոն 103 հազար դրամի խախտման դեպքեր՝ սեփականաշնորհման եւ վարձակալությամբ տրված տարածքների գործընթացներում:
Վարձակալությամբ տրամադրված տարածքների գումարը 138 միլիոն 516 հազար դրամ է. ստուգման ընթացքում 21 միլիոն դրամը վերականգնվել է: Մնացած մասով նյութեր են ուղարկվել դատարաններ:
Կադաստրի կոմիտեում ստուգման արդյունքում պարզվել է, որ 53 միլիոն 714 հազար դրամի գործարք է կատարվել, սակայն այդ գումարը բյուջե չի վճարվել: Այդ գումարն էլ, ըստ Ի. Զաքարյանի, ամբողջությամբ վերականգնվել է պետբյուջե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել