Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ՞ ԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

Դեկտեմբեր 23,2009 00:00

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը նույն խնդրի առաջ են կանգնել

«Միայն հարկային համակարգում 2000-ից ավելի կաշառակեր կա»,- այս հայտարարությունն արել է ոչ թե հարկահավաքներից «վառված» մի հարկատու, գործարար կամ տոնավաճառում աշխատող վաճառական, այլ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այն, որ հարկայինի աշխատակիցները կոռումպացված են, վարչապետը շարունակ շեշտում է նաեւ կառավարության նիստերի ժամանակ, Ազգային ժողովում եւ ամենատարբեր քաղաքական-տնտեսական միջոցառումներում: Ընդ որում, եթե նախկինում ասում էր, թե հարկայինում 2000-ից ավելի կաշառակեր է աշխատում, վերջերս վարչապետը Պետեկամուտների կոմիտեի կոռումպացված աշխատողների թիվը ճշգրտել է՝ «հարկայինում 2400 կաշառակեր կա»: Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ վարչապետի այս հայտարարությունները չափազանց անկեղծ, են եւ միայն կարելի է ողջունել բարձրաստիճան պաշտոնյայի այս անմիջականությունը, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այդ նույն վարչապետը ընդամենը մեկ ամիս առաջ, արձագանքելով ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նմանատիպ հայտարարություններից մեկին, պատրաստվում էր հրապարակավ խայտառակել Վիկտոր Դալլաքյանին: Հիշեցնենք, որ պատգամավորն ընդամենը ասել էր, թե ինքը գիտի, որ Հայաստանում պետական չինովնիկները զբաղված են փողերի լվացմամբ։ Այս խոսքերի համար Տիգրան Սարգսյանը, դիմելով դատախազությանը եւ Կենտրոնական բանկին, նշել է, որ նրանք պարտավոր են հրապարակայնորեն արձագանքել Վ. Դալլաքյանի հայտարարությանը եւ պարզել, թե այդ ո՞ր բարձրաստիճան չինովնիկներն են փողերի լվացմամբ զբաղվում: Ըստ Տ. Սարգսյանի, մտահոգիչ է, որ ԱԺ պատգամավոր իրենց գործընկերը հրապարակավ նման հայտարարություն է անում. «Ինչպես նա հրապարակայնորեն այդ մեղադրանքը մեզ է ներկայացնում, այնպես էլ մենք պարտավոր ենք հրապարակայնորեն արձագանքել այդ մեղադրանքին: Նման հարցերն անպատասխան թողնելը ճիշտ չէ, դրանք լուրջ ազդակ են կառավարության եւ հասարակության համար, քանի որ իշխանությունը հետամուտ է լինելու նման դեպքերի բացահայտմանը։ Բայց եթե այդպիսիք չկան, ապա պետք է միջավայրը փոխվի Հայաստանում»: Վարչապետը խոստացել էր, որ եթե Վ. Դալլաքյանը կոնկրետ անուններ չնշի ու ապացույցներ չունենա, հրապարակավ պետք է պատժվի:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները ոչնչով չեն տարբերվում պատգամավորի ասածներից, նա էլ է ընդհանուր մեղադրել հարկայինի աշխատակիցներին: Ուստի եթե վարչապետն իսկապես ուզում է փոխել Հայաստանում միջավայրը եւ ժողովրդին ինչ-որ բան ապացուցել, ապա մինչ Վիկտոր Դալլաքյանին խայտառակ անելը, ճիշտ կլիներ սկսել հրապարակել հարկայինի կաշառակերների ցուցակը: Վարչապետի օգնական Արամ Անանյանն «Առավոտին» խոստացավ առաջիկայում տրամադրել 2400 կաշառակերների հետ կապված վարչապետի պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել