Վստահ է Արթուր Բաղդասարյանը
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ ամփոփել է 2009 թվականին Ազգային անվտանգության խորհրդի կատարած աշխատանքը՝ նշելով, որ ԱԱԽ-ն մեկ տարվա ընթացքում գումարել է 8 նիստ, որոնց քննարկման առարկա են դարձել Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող մի շարք կարեւոր հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում պաշտպանության ռազմավարական բարեփոխումների իրականացումը, նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց եւ պահեստազորայինների զինվորական հաշվառման, զորակոչի նախապատրաստման եւ անցկացման գործընթացների էական բարելավումը, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի նախագծումը, Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների առկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու որոշմանը եւ դրա իրականացման գործընթացին, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Եվրամիություն գործակցության ծրագրերին եւ դրանց իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդում նշված ուղղություններով ստեղծվել են 5 միջգերատեսչական հանձնաժողովներ եւ շուրջ 4 տասնյակ աշխատանքային խմբեր:
Արթուր Բաղդասարյանը նաեւ կարեւորել է ԱԱԽ աշխատակազմի ձեւավորումը՝ նշելով, որ Հայաստանը միակն էր հետխորհրդային երկրներից, որը չուներ ԱԱԽ աշխատակազմ: Արդեն ձեւավորված աշխատակազմն զբաղված է «Ազգային անվտանգության ռազմավարության» եւ ԱԱԽ նիստերի ընթացքում ընդունված բոլոր որոշումների իրականացման խնդիրներով:
Ազգային անվտանգության խորհուրդը երեկ էլ նիստ է գումարել, քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Նիստի մանրամասները լրագրողներին ներկայացրել է Արթուր Բաղդասարյանը. «Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց Ղազախստանում կայացած ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում քննարկված հարցերը: Մասնավորապես՝ գագաթաժողովի ընթացքում եւս մեկ անգամ արձանագրվել է ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումները ժամանակակից տեխնիկայով վերազինելու կարեւորությունը, մասնակից երկրների նախագահներն այս կարեւոր որոշումն ավարտին հասցնելու պատրաստակամություն են հայտնել: Ղազախստանում արդեն տեղի են ունեցել առաջին համատեղ զորավարժությունները: Սա Հայաստանի համար կարեւոր ռազմաքաղաքական նշանակություն ունի, քանի որ ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումները կարող են օգտագործվել ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում: Մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների ստեղծումը կարեւոր նշանակություն ունի»:
Հանրապետության նախագահը նշել է, որ ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանակում կայունացման 10 մլրդ դոլարանոց ֆոնդի ստեղծումը հնարավորություն կտա խթանել քաղաքական, տնտեսական համագործակցությունը եվրասիական տարածքում եւ նպաստել տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմանը: 10 տոկոս ներդրումներն արդեն կատարված են, ֆոնդում արդեն 850 մլն դոլար կա, որը նպատակաուղղվելու է հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը խորացնելուն:
Հանրապետության նախագահը ներկայացրել է նաեւ գագաթաժողովի շրջանակում քննարկված ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ձեռք բերված այլ պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են տնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը:
Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ ԱԱԽ նիստում անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին, մասնավորապես՝ քննարկվել եւ հավանության են արժանացել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսությունների գործունեության հիմնական ուղղությունները նախանշող 4 հիմնական փաստաթղթեր՝ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսությունների գործունեության ծրագրավորման կարգը, համաձայն որի՝ առաջին անգամ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները կունենան գործունեության տարեկան ծրագիր եւ միջնաժամկետ եռամյա ծրագիր. «Հաջորդ փաստաթուղթը վերաբերում էր դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների գործունեության հիմնական չափորոշիչների սահմանման, գնահատման եւ դիտարկման կարգերին: ԱԱԽ հավանությանն արժանանալուց հետո այս փաստաթղթերը սահմանված կարգով կներկայացվեն հանրապետության նախագահին՝ համապատասխան իրավական ակտով վավերացնելու համար, եւ մենք առաջին անգամ կունենանք հստակ փաստաթուղթ, թե ինչպիսի պահանջներ են ներկայացվում մեր դիվանագիտական ներկայացուցչություններին եւ հյուպատոսություններին, նրանք կունենան հստակ տարեկան ծրագրեր, ամեն տարի կլինի ամփոփ քննարկում ԱԱԽ նիստում, որտեղ կներկայացվեն մեր արտաքին քաղաքական գերակայությունները եւ արտաքին քաղաքական գերատեսչության կատարած աշխատանքները»: