Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԻ Է ԱՆՑԵԼ

Դեկտեմբեր 23,2009 00:00

«Հայ-թուրքական միջպետական արձանագրությունների ստորագրումից անցել է 2 ամիս, սակայն արձանագրությունների վավերացման ուղղությամբ դեռեւս էական տեղաշարժեր չեն նկատվում: Թուրքական կողմը ձգձգում է արձանագրությունների վավերացումը՝ շարունակաբար փորձելով այս գործընթացը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Նման քաղաքականությունից օգտվում է Ադրբեջանը՝ կոշտացնելով իր դիրքորոշումը եւ ռազմաշունչ հայտարարություններով փորձում շարունակել սպառնալիքների իր քաղաքականությունը»,- ասված է վերջերս վարչապետի հովանավորությամբ ստեղծված Արմենական-ՌԱԿ-ի երեկ տարածած հայտարարության մեջ: Նրանց կարծիքով՝ ստեղծված պայմաններում, երբ Թուրքիան տարբեր մակարդակներով շարունակաբար հնչեցնում է նախապայմաններ, պաշտոնական Երեւանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը եւ առաջադրի իր պայմանները: «Թուրքական կողմի փորձերը՝ արձանագրությունների հարցը կապել ղարաբաղյան խնդրի հետ, միանշանակ կերպով ցույց են տալիս, որ պաշտոնական Անկարան անկեղծ չէ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ իր հայտարարություններում եւ փորձում է խափանել Ղարաբաղի հարցի խաղաղ լուծման գործընթացը: Հայաստանը պարտավոր է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների միջեւ բնականոն հարաբերությունների հաստատումը միայն կնպաստի տարածաշրջանում քաղաքական կլիմայի բարելավմանը եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծմանը: Ցեղասպանության ճանաչման խնդրում Հայաստանը պետք է ակտիվացնի իր քաղաքականությունը եւ միջազգային ատյաններում շարունակաբար բարձրացնի Ցեղասպանության ճանաչման խնդիրը եւ դատապարտի Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը»: Արմենական ռամկավարները գտնում են, որ Հայաստանը պետք է միանա մի շարք միջազգային կոնվենցիաների, որոնց անդամ է նաեւ Թուրքիան, որպեսզի այդ երկրի վրա ազդեցության լծակներ ձեռք բերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել