Վստահ է Սերժ Սարգսյանը
Թեեւ տնտեսական ճգնաժամի նախնական փուլում որոշ կանխատեսումներ եղան, թե Հայաստանի նման փոքր տնտեսության համար նման մարտահրավերը կարող է հանգեցնել գործարար եռանդի նվազեցման, սակայն ժամանակը ցույց տվեց, որ եռանդի ու ակտիվության պակաս եւ դրա նշաններ չկան: Ըստ panorama.am-ի, այս իրողությունն արձանագրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ այսօր ՀՀ նախագահի նստավայրում Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ կայացած ընդունելության ժամանակ:
Խոսելով տնտեսական ճգնաժամի հետեւանքների մասին՝ նախագահն ասել է, որ հայ գործարարները պատրաստ են նոր լուծումների: «Այո, տնտեսական ցուցանիշների անկում արձանագրել ենք, մեծ անկում, որի չափերը, չեմ կարծում, թե դեկտեմբեր ամսին կտրուկ կնվազեն, բայց նոր ուղիների որոնումների կամ նախագծերի մշակման նվազում չենք արձանագրել: Արդյունքում ֆինանսատնտեսական ճգնաժամի բերած աննախադեպ անկումը դանդաղ, բայց հաստատապես նահանջում է: Վերջին ամիսների մակրոտնտեսական զարգացումները եւ տնտեսության կայունացման միտումները մեզ հիմք են տալիս ավելի վստահ կանխատեսել 2010 թվականի երկրի տնտեսության զարգացման հեռանկարները: Հայ գործարարը միշտ էլ առանձնացել է ճկունությամբ ու հնարամիտ լուծումներ գտնելու կարողություններով: Տնտեսական ճգնաժամը հայ գործարարի հնարամտության ստուգումն է»,- նշել է հանրապետության ղեկավարը:
Այնուհետեւ նախագահ Սերժ Սարգսյանն առանձնացրել է այն խնդիրները, որ սահմանվել են ճգնաժամի նախնական փուլում եւ արձանագրել, որ դրանց հաղթահարման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքներն այլեւս տեսանելի են: «Մեկ տարի առաջ մենք պնդում էինք, որ արտերկրի առանձին շուկաներ կորցնող տեղական արտադրողը պիտի ժամ առաջ փորձի իր ռեսուրսներն ուղղել նոր գաղափարների իրականացմանը: Ես տեղյակ եմ նման տասնյակ նախաձեռնությունների, որոնցով դուք արդեն իսկ հանդես եք եկել:
Նշում էինք, որ արտերկրի շուկաներում աշխատելու հարուստ փորձ ունեցող ներկրողը պիտի իրեն փորձի արտադրողի ու արտահանողի դերում: Այստեղ մենք մեկ տարվա ընթացքում արդեն կոնկրետ արդյունքներ ունենք: Մեկ տարի առաջ խոսում էինք նաեւ այն մասին, որ ամրության փորձությունն անցած բանկային համակարգը պիտի կարողանա ակտիվության շարժիչ դառնալ փոքր ու միջին բիզնեսի համար: Այսօր մենք կարող ենք զարգացումներ արձանագրել նաեւ այս հարցում՝ միաժամանակ ասելով, որ նոր սպասելիքներ ունենք»,- ընդգծել է երկրի ղեկավարը: