Համենայնդեպս, Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ,
Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցն այդպես են գնահատել Հայաստանի հարցով համազեկուցողները:
Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է ԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի արձագանքը «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր եւ արդեն լուծարված հանձնաժողովի զեկույցի առնչությամբ: Համանախագահողների կազմած 12 էջանոց այդ փաստաթուղթը հենց այն է, ինչ ներկայացվել էր ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին, եւ որը անցած շաբաթ հիշյալ հանձնաժողովում չքննարկվեց համազեկուցողների բացակայության պատճառով: Ըստ այդ փաստաթղթի, ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի եզրակացությունները քաղաքական ճգնաժամի հանգեցրած իրադարձությունների նկարագրության մասով «բավականին միակողմանի եւ կողմնակալ» են, եւ կա մարտի 1-2-ի դեպքերին հաջորդած զարգացումների մասին վերլուծության պակաս: Համազեկուցողները մատնանշել են նաեւ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի ամենաակնհայտ երկու թերությունները, որոնցից մեկն այն է, որ զեկույցը բավականաչափ միակողմանի է, միակողմանի են ներկայացված նաեւ այն իրադարձությունները, որոնք հանգեցրել են «Մարտի 1-ի» «քաղաքական ճգնաժամին»:
Համազեկուցողները նկատել են նաեւ, որ ԱԺ հանձնաժողովը քաղաքական ճգնաժամին հանգեցրած իրադարձությունների մեղքը բարդել է հիմնականում ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների վրա եւ խուսափել է որեւէ մեղադրանք ներկայացնել իշխանություններին: Պարոնայք Կոլոմբիեի եւ Պրեսկոտի զեկույցի համաձայն, ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում ընդհանրապես չեն քննարկվում եւ չեն վերլուծվում մարտի 1-2-ին հաջորդող իրադարձությունները, մասնավորապես՝ ընդդիմության մեծ թվով աջակիցների ձերբակալություններն ու քրեական հետապնդումները: Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ին տեղի ունեցած 10 սպանությունների բացահայտմանը, ապա համազեկուցողները ընդգծել են, որ այդ հարցում մինչ օրս որեւէ կոնկրետ արդյունք չկա: Նրանք շեշտել են, որ պետք է հայտնաբերվեն այն գնդակները, որոնցով սպանվել են մարտի 1-ին զոհված 10 անձանցից 5-ը, ինչպես նաեւ այն զենքերը, որոնցից սպանվել են այդ մարդիկ: Համազեկուցողները նաեւ եզրակացրել են, որ եթե այդ մտահոգություններին կոնկրետ պատասխաններ չտրվեն, ապա դրանք կհանգեցնեն ենթադրությունների, որ ոստիկանությունը փորձում է քողարկել տեղի ունեցածը: Համազեկուցողները նկատել են, որ Նիկոյանի գլխավորած հանձնաժողովն ավելի խորքային վերլուծություն է կատարել մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, քան դրանք արտացոլված են զեկույցում: Այս հակասությունը, ինչպես նաեւ այն ոճը, որով հանձնաժողովը որոշ հարցեր ընդգծել է, իսկ որոշ հարցերի խուսափել է անդրադառնալ, Կոլոմբիեի եւ Պրեսկոտի գնահատմամբ, տպավորություն է ստեղծել, որ խորհրդարանական հանձնաժողովը «ամեն գնով խուսափել է դեմ գնալ մարտ 1-ի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական վարկածին կամ չի ցանկացել սուր քննադատության ենթարկել իշխանությունների կատարած քայլերը: Այս ինքնագրաքննությունը ցավալի է, քանի որ այն կասկածի տակ է դնում կատարված հետաքննության վստահելիությունը»: Համազեկուցողները, ըստ էության, կասկածի տակ են առել նաեւ հանձնաժողովի զեկույցի այն հատվածը, թե ոստիկանության գործողությունները մարտիմեկյան դեպքերի ժամանակ համաչափ են եղել:
Համազեկուցողների այս զեկույցի առնչությամբ, որը ժամանակավոր հանձնաժողովին ուղղված քննադատություն է պարունակում, ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, այսօր կհրապարակի իր պաշտոնական դիրքորոշումը, բայց մինչ այդ «Առավոտը» զրուցեց «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի անդամներից մեկի՝ ՀԱԿ-ի կողմից Խմբում ներկայացված Անդրանիկ Քոչարյանի հետ: Վերջինս համազեկուցողների կազմած այս փաստաթղթում պարունակող գնահատականները որակեց որպես «շատ հարաբերական»: «Զեկույցն ամբողջությամբ գնահատելու համար դրան նախ՝ ամբողջությամբ ծանոթանալ է պետք, եւ ես չեմ ուզում հիմա հապճեպ որակումներ տալ դրան: Բայց ընդհանուր առմամբ, եթե երկու բառով գնահատելու լինենք այդ զեկույցը, ապա համազեկուցողները, ըստ էության, շատ դիվանագիտորեն, բայց համարել են, որ Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի զեկույցը աղբ է: Այդուամենայնիվ, որքան ես եմ հասկանում, նրանք հնարավորինս փորձել են իրենց ձեռքի տակ եղած նյութերի շրջանակներում գալ այն եզրակացության, որ Նիկոյանի զեկույցը կողմնակալ է, եւ չեն տվել «Մարտի 1»-ի մասով հիմնական հարցերի պատասխանները»,- ասաց Ա. Քոչարյանը:
Մեր հարցին, թե՝ իր եւ Փաստահավաք խմբի մյուս ընդդիմադիր ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի համատեղ զեկույցը մինչեւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը պատրաստ լինելու դեպքում կարո՞ղ է ազդել կամ էլ ավելի կոշտացնել համազեկուցողների գնահատականները ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, Ա. Քոչարյանը պատասխանեց. «Մենք երբեք չենք կազմի եւ ԵԽԽՎ-ին չենք ուղարկի այնպիսի զեկույց, որտեղ կլինեն մարտիմեկյան իրադարձությունների վրա լույս սփռող ու անպատասխան մնացած հարցադրումներ, կամ դրանց պատասխաններն ու փաստերը կոծկված կլինեն»:
ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց. «Համազեկուցողների հեղինակած փաստաթուղթը վերնագրված է՝ արձագանք խորհրդարանական հանձնաժողովի զեկույցին: «Փաստահավաքի» զեկույցը դեռ հրապարակված չէ: Երբ այն հրապարակվի, կարծում եմ, այն գնահատականները, որոնք հնչեցրել են համազեկուցողները, կդառնան շատ ավելի կոշտ, եւ նաեւ մեր ժողովուրդը կհամոզվի, որ Նիկոյանի հանձնաժողովի կազմած զեկույցը որեւէ աղերս չուներ իրականության հետ: Ցավոք, քաղաքական տարրը Մոնիտորինգի հանձնաժողովի եւ համազեկուցողների աշխատանքում շատ հստակ երեւում է: Բայց այն, որ նրանց զեկույցը պաշտոնապես հրապարակվել է, վկայում է, որ նրանք սպասում են նաեւ այլ աղբյուրներից «ներդրումներ» այդ զեկույցում, ինչը մենք անպայման կանենք»: